Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

«Գըվուգը» քաղաք է բերել գյուղական, ավանդական ուտեստները (տեսանյութ, լուսանկարներ)

gevouge-qaxaq-e-berel-gyouxakan--avandakan-outestnere-tesanyout--lousankarner

Այն, որ Շիրակի մարզն իր նկարագրով պատմաաշխարհագրական  տեսանկյունից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, փաստում են մի շարք փորձագետներ:

Այս տարածաշրջանին բնորոշ էթնոսը հիմնականում կրում է Կարսից, Բայազետից, Կարինից ու Էրզրումից ներգաղթածների հետ ներմուծված ձեռագիրն ու հետքը:

Կերակրատեսակների ու սննդի առումով ևս շատ կարևոր նախապայման է վերոնշյալը: Շիրակի տարածաշրջանի ճաշացանկը բավականին հետաքրքրիր ներբերանգներ ու համային համադրություններ ունի:

Այսօր զբոսաշրջիկներից ամենաշատ հնչող հարցը հետևյալն է՝ իսկ ի՞նչ և որտե՞ղ կարող ենք համտեսել այս տարածաշրջանին բնորոշ ավանդական կերակրատեսակները: Գյումրիում  գյուղի ու քաղաքի համային ու քիմքային մի գեղեցիկ ‹‹կամուրջ›› է ստեղծել «Գըվուգ»  գաստրոտունը:

Նախ ի՞նչ է նշանակում Գըվուգ: Հիմնադիրներից Համլետ Գևորգյանը բացատրում է, որ մեր նախնիները տանը կից ունեցել են մառան, որտեղ միշտ զով է եղել, որտեղ ուտելիք են պահպանել, իսկ սնունդն այնտեղ երբեք չի փչացել:

Գաստրոտուն ստեղծելու գաղափարը  երկար տարիներ Հայաստանից հեռու բնակված Համլետ Գևորգյանինն է, ով տարբեր երկրներում ապրելուց հետո, հեղափոխությունից հետո վերադարձել է Գյումրի ու մտածել նոր գործ սկսելու մասին:

Համլետը գաստրոտան գաղափարը ներկայացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման»  ծրագրին ու հավանության արժանացել: Ծրագրի կողմից 20 հզ. ԱՄՆ դոլար  է ներդրվել, որի շնորհիվ այսօր Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում` Տիգրան Մեծ՝ նախկին Ինտերնացիոնալ փողոցում, հնարավոր  է համտեսել բացառապես ազգային ու ավանդական կերակրատեսակներ` Վանի քալագյոշ, ղավուրմա, սպաս, փոխինձ, պանրխաշ, արիշտայով փլավ ու քյալա:

«Ես ու նկարիչ Հրաչ Վարդանյանը գաղափար ունեինք, ներկայացրեցինք ծրագրին, հավանության արժանացանք: Ծրագրի գաղափարը գյուղ-քաղաք կապն ապահովելն է, գյուղը զարգացնելու, գյուղական տուրիզմը զարգացնելու մտքով, եթե որևէ մեկը գա այստեղ՝ համտեսելու մեր ավանդական կերակուրներից, մենք կարող ենք նրան տանել գյուղ, որտեղ կտեսնի կերակրատեսակի պատրաստման ողջ գործընթացը»,-մանրամասնում է Գևորգյանը:

Գաստրոտունն աշխատում է մի քանի գյուղական համայնքների հետ` Ջրառատ, Հոռոմ, Արևիկ, Մարմաշեն,Կառնուտ:

Հետաքրքրվեցինք, թե ով է «Գըվուգում» պատրաստում այսքան համեղ ուտեստներ, ի պատասխան՝ Համլետ Գևորգյանն ընդգծում է, որ գաստրոտանն ընտանեկան միջավայր է, ընտանեկան գաղափար ու բիզնես, ուստի նրա կինը` տիկին Էլզան է ամեն ինչ իր ձեռքով պատրաստում:

«Գըվուգը» դեռևս չի հասցրել պաշտոնապես բացվել, բայց արդեն հետաքրքրում է զբոսաշրջիկներին, ինչո՞ւ չէ, նաև տեղացիներին, քանի որ բացի գեղեցիկ ներքին հարդարանքից, մթնոլորտից ու ճաշակով երաժշտությունից, այստեղի ճաշացանկում կարելի է գտնել տատիկների կողմից պատրաստված համեղ կերակուրները:

«Շատ գնահատող հյուրեր են, արտերկրից ունենք, տեղացի հյուրեր ենք շատ ունենում, Երևանից էին եկել մի քանի հոգի` պանրխաշ փորձեցին, քալագյոշ փորձեցին, շատ շնորհակալ եղան»,-նկատում է Գևորգյանը:

Ավանդականն ու դեռևս ամենապահանջվածներից է պանրխաշը, իսկ պանիրը «Գըվուգը» գնում է Շիրակի մարզի Բասեն գյուղից.

«Հետաքրքրիրն այն է, որ Շիրակի մարզից մի փոքր այն կողմ, այդ տիպի չեչիլ պանիր այլևս հնարավոր չէ գտնել, մեր մարզում հատուկ ձևով են այն պատրաստում: Ամենահամեղը Բասենինը, Ջրառատինն է, համով են պատրաստում նաև հյուսիսային տարածքներում: Յուղն էլ ենք գնում գյուղից, հացը, ձուն, առհասարակ ամեն ինչը»,-պատմում է մեր զրուցակիցը:

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ այս գաստրոտունն իսկապես պահանջված էր. «Շիրակի տուրիզմի զարգացման կենտրոնն աջակցություն ցուցաբերեց «Գըվուգի» ստեղծմանը: Գաստրոտունն իր ձևաչափով առաջինն է, որը բացվել է  Գյումրիում, այստեղ միայն  գյուղմթերք է մատուցվում, իսկ գլխավոր բաղադրիչը հետևյալն է՝ օգնել գյուղացիներին, նաև ունենալ հաճելի կոլորիտային վայր, որտեղ կգան ու կվայելեն Գյումրվա ամենամոռացված ուտեստներից մինչև այն քաղցրավենիքները, որոնք մենք հիմա էլ պատրաստում ենք, բայց չունեինք ներկայացնելու նմանատիպ տեղ: Ֆորմատը շատ լավ է ընտրված, անգամ անունը տարբերվող է»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի խնդրանքով տիկին Էլզան մեր կայքի հետևորդների համար պատրաստում է ավանդական ղավուրմա, որը միսն անվտանգ ու օրգանիկ ձևով պահածոյացնելու տարբերակ է: Հիմա էլ Շիրակի մարզի շատ համայնքներում աշնանն ընդառաջ ղավուրմա են պատրաստում` ձմռանն օգտագործելու նպատակով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ