Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան

am
gexecike-kprki-asxarhe--isk-pare-kprki-gexecike-isxan-gasparyan

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան հիմնադրվել է 2005 թվականին՝ Մոսկվայում: Այսօր այն արդեն 18 մասնաճյուղ ունի Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում եւ Հայաստանի տարբեր մարզերում: Մեր զրուցակիցը ակադեմիայի հիմնադիր նախագահ Իշխան Գասպարյանն է:

-Պարոն Գասպարյան այսօր դուք ղեկավարում եք հաստատություն, որը եւ մասնակիցների թվով, եւ աշխարհագրությամբ աշխարհում ամենամեծ պարային կառույցներից է համարվում: Ինչպե՞ս ստեղծվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան:Հետհայացք նետելով՝ գո՞հ եք մնում արդյունքից:

- Նման համույթ ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով:

Այսօր, երբ տոնում ենք ակադեմիայի հիմնադրման 13 տարին, չափազանց հուզիչ է հիշել առաջին օրը, երբ միայն մեկ աշակերտ ունեինք, ի դեպ, խորհրդանշական է, որ նա էլ մի քանի ամիս անց, առաջին անգամ ներկայացրեց մեր ակադեմիան մեծ բեմում: Այդ համերգի օրը՝ դեկտեմբերի տասնչորսին էլ հենց նշում ենք ակադեմիայի տարեդարձը:

Հետագայում բացվեցին մեր Մոսկվայի ու մերձմոսկովյան շրջանների մասնաճյուղերը, որտեղ երեխաներին սովորեցնում ենք պարի լեզուն: Գիտեք՝ չափազանց կարեւոր է, որ հայ երեխան դրսում հնարավորություն ունենա շփվել հայկական արվեստի հետ:Շատ հուզիչ է, երբ Մոսկվայում բնակվող փոքրիկը, որ հայերեն խոսել չգիտի, հայկական պար է պարում...Բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ մեր անելիքը դրանով ավարտված համարել չենք կարող: Մեր կուտակած ներուժն ու փորձը պետք է օգտագործենք նաեւ հայրենիքում եւ բացվեցին մեր հայաստանյան մասնաճյուղերը: Սկզբում մայրաքաղաքում, հետո՝ Արտաշատում, Ավշարում, Աբովյանում, Էջմիածնում: Հուսանք շուտով նոր մասնաճյուղեր կունենանք նաեւ Հայաստանի մյուս մարզերում:

-Մեծ կառույցը ենթադրում է նաեւ մեծ ջանքեր եւ մեծ խնդիրներ: Ո՞րն է Ձեր հաջողության բանալին:

Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում՝ սերը ու նվիրումը կատարած աշխատանքին: Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ներուժը հաջողության հասնելու համար: Սա կառույց է, որտեղ ողջունվում է միայն իրական նվիրյալ մասնագետների մուտքը: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք մեծանալ ու ծավալվել:

Պարը ինձ համար հոգու եւ մարմնի նուրբ երկխոսություն է, որը պետք է ունենա հոգեւոր նշանակություն: Ես փորձում եմ ամեն կերպ դա ներարկել մանկավարժների մեջ, որն էլ կներարկվի սաների մեջ:Ամեն կերպ փորձում ենք կենցաղը դուրս հանելմեր հաստատության սահմաններից եւ երեխաների համար ապահովել կախարդական մթնոլորտ:

Հաջող գործունեության հիմքում պետք է ընկած լինի ամուր գաղափարախոսություն: Մենք մի շարք կարգախոսներ ունենք, որոնք ժամանակին մշակել ենք հորս հետ: Այդ կարգախոսներից մեկն է՝ բացահայտելով նոր անուններ, մենք կերտում ենք մեր ապագան: Նոր անուններն, ի դեպ, միայն աշակերտներին չի վերաբերվում: Մեր պարային կառույցը նաեւ շատ լավ մանկավարժներ է բացահայտում, որոնք հետագայում էտալոն պետք է դառնան սաների համար: Սաների , որոնք հազարավոր մարդկանց առաջ պետք է ներկայացնեն մեր ակադեմիան:

-Պարի ակադեմիայում ընդունելությունը երեք տարեկանից սկսվում: Ունեք պարողներ, որոնք արդեն քսան տարեկան են: Ի՞նչ սկզբունքով եք կազմավորում խմբերը եւ յուրաքանչյուր երեխա կարո՞ղ է լավ պարող դառնալ:

Աշխատասիրություն եւ ցանկություն, այս երկու հատկանիշները ունեցող մարդը անպայման կարող է պարել: Մեր ակադեմիայում պարի լեզուն սովորելու հնարավորություն ստանում է յուրաքանչյուրը, ով նման ցանկություն ունի: Նոր ընդունված երեխաները սովորաբար նախապատրաստական խումբ են հաճախում, սովորում անել առաջին քայլերը, հետո նոր միայն միանում ընդհանուր խմբին: Մեզ մոտ, ի դեպ, ընդունված է, որ մեկ խմբում միաժամանակ աշխատում են երկու եւ ավելի պարուսույցներ: Դա հնարավորություն է տալիս անհատական վերաբերմունք ապահովել յուրաքանչյուր երեխայի հանդեպ եւ բացահայտել նրանց ներուժը, բնածին տաղանդը:

Տարին մենք ամփոփում ենք մեծ մենահամերգով: Երեւան են գալիս նաեւ Մոսկվայի մասնաճյուղերի սաները: Հուլիսին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպում են բոլոր տասնութ մասնաճյուղերի աշակերտները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ