Իմ ուսանողներին ես ուղղակի հետապնդում եմ, ստիպում, որ գիրք կարդան. Սամվել Սևադա

girq-gnelou-msakouyte-sat-kareor-e-samvel-seada

ՀԱՅ ՁԱՅՆ-ը սկսում էր ԳՐԱՍԵՐ խորագրով հարցազրույցների շարքը: Մեր նպատակն է բացահայտել, թե որքանո՞վ է մեր հասարակությունը սիրում գիրք ընթերցել, և ի՞նչ գրականություն է նախընտրում կարդալ՝ անկախ մասնագիտությունից , հայտնի կամ անհայտ լինելուց, անկախ տարիքից ու սեռից:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հյուրը նկարիչ Սամվել Սևադան է

Պարոն Սևադա, որո՞նք են եղել ձեր կարդացած գրքերից ամենակարևորները:

Այդպիսի գրքերը շա~տ են: Օրինակ՝ Աստվածաշունչը, ավելի քան տաս Աստվածաշունչ ունեմ՝ տարբեր հրատարակություններ, տարբեր երկրներում տպագրված, նույնիսկ 18-րդ դարում տպագրված Աստվածաշունչ ունեմ, որը հիմա ինձ մոտ չէ, տղաս «գողացել», տարել, դրել է աղջկա բարձի տակ:

Չարենց՝ պարտադիր, ինչքան հնարավոր է Չարենցի գրքերից եմ ձեռք բերում, չնայած արդեն շատ ունեմ, բայց Չարենցն անվերջ է... Թումանյան և իհարկե՝ շատ եմ սիրում Մարկես, նրա բոլոր գրքերն ունեմ:

Կա՞ն գրքեր, որոնք փոխել են ձեզ, ձեր կյանքը:

Եթե ճիշտ եմ հիշում 72 թվականն էր, երբ ես առաջին անգամ կարդացի Մարկեսի «100 տարվա մենությունը»: Ես այն կարդացի ու կյանքս իսկապես փոխվեց, դրանից հետո ուրիշ գիրք չէի կարողանում կարդալ: Այդ գիրքը շատ դժվար կարդացի, որովհետև սկզբից լրիվ անհասկանալի էր, մի 7-8 էջ կարդում էի հետո կանգ էի առնում, չէի կարողանում առաջ գնալ ու նորից էի սկսում, այդպես մի 5-6 անգամ սկսելուց՝ արդեն երազում էի, որ շուտ չվերջացնեմ:

Իսկ ի՞նչ հասկացաք այդ գրքից հետո:

Հասկացա, որ ամեն ինչ հարաբերական է, մշտական ոչինչ չկա: Գրքում բոլորը երևակայական են, և մեր կյանքն էլ է այդպիսին, ուղղակի մենք շատ լուրջ ենք ընդունում ամեն ինչ, իսկ մեր կյանքն ակնթարթ է:

Ձեզ համար կա՞ն պարտադիր գրքեր, որոնք պետք է բոլորը կարդան:

Ես սարսափելի հետևողական եմ կարդալու հարցում, իմ աշակերտներին, ուսանողներին ես ուղղակի հետապնդում եմ, որ կարդան: Իրենք գուցե հոգնում եմ իմ ասելուց, բայց ես՝ ոչ, և անընդհատ կրկնում եմ, այդպես, ինչ-որ չափով, հասնում եմ նպատակիս: Իհարկե, գրքեր կան, որոնք պե՛տք է կարդալ: Ես օրինակ՝ ուղղակի խնդրում եմ, որ բոլորը Չարենց կարդան, նա մեր գրականության ամենամեծ հանճարն է, գուցե Նարեկացուց հետո. բայց ինձ համար նրանից էլ առաջ է:

Հայ ժամանակակից գրողների գործերը կարդո՞ւմ եք:

Իհարկե, բոլորին էլ կարդում եմ, հետևողական եմ, երիտասարդներին էլ, իմ տարեկիցներին էլ, բոլորին կարդում եմ:

Ե՞վ, նրանց մեջ կա՞ն Չարենցներ:

Չարենցի մոտ, իհարկե, ամեն ինչ շատ ցայտուն է, ինքն ուղղակի կրակի պես բոցկլտացել է ու 40 տարեկանն էլ չլրացած՝ մահացել, և կարելի է ասել, որ 38-ից հետո համարյա նորմալ չի էլ ստեղծագործել, փորձել է Ստալինի մասին գրել, որ իրեն խնայեն, որովհետև հասկացել է, որ իր վերջը գալիս է: Բայց հիմա ժամանակներն ուրիշ են, ավելի ազատ են մտածում, ավելի ինքնավստահ են: Չարենցը դեռ մանկուց ծանր կյանք է ապրել՝ պատերազմ, բանտ, սարսափելի բաների միջով է անցել, իսկ հիմա դա չկա: Բայց իհարկե, այսօր էլ տաղանդներ շատ կան: Ժամանակակիցներից կարող եմ առանձնացնել Հակոբ Մովսեսին, որին համարում եմ մեր ժամանակների լավագույներից մեկը, նաև Հուսիկ Արային:

Ամեն օր կարդո՞ւմ եք

Անպայման, ամեն օր կարդում եմ:

Սիրում եք գիրքը գնե՞լ, նվեր ստանա՞լ, թե՞ օգտվում եք գրադարաններից:

Չէ, ես գրադարաններից անհիշելի ժամանակներից չեմ օգտվել, սիրում եմ գիրքը գնել, նվեր էլ եմ ստանում: Ես սիրում եմ գնալ գրքի շնորհանդեսների և գնել գիրքը, որովհետև հեղինակը, եթե գրել է, տպագրել է, այն պետք է վաճառվի: Լինում է, որ հեղինակը մոտ ընկերդ է լինում, շատ է ուզում գիրքը նվիրել, բայց ճիշտ է, որ այն գնես և, եթե ցանկություն կա՝՝ թող հեղինակը մակագրի: Գիրք գնելու մշակույթը շատ կարևոր է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի զարգացմանը զուգահեռ այսօր գրքերը մի տեսակ «նահանջում» են, մենք սկսել ենք ավելի քիչ կարդալ: Ի՞նչ պետք է անել գիրքը նորից մեր կյանք բերելու համար:

Պետք է ընթերցանությունը պրոպագանդել, անպայման պետք է բացատրել, ես ինքս դրանով եմ զբաղվում անընդհատ: Ես, իմ աշակերտներին, ուսանողներին միշտ տարբեր գրքերի ցուցակներ եմ տալիս՝ ըստ իրենց տարիքային առանձնահատկությունների և ստուգում եմ, որ կարդան: Ու հետաքրքիր մի բան կա, ես ֆանտաստիկ հիշողություն ունեմ այս տարիքում և, երբ սկսում եմ խոսել այդ գրքերի մասին, որոնք կարդացել եմ 2-րդ, 3-րդ դասարանում, ու հերոսների անունները տալ, երիտասարդները զարմանում են, որովհետև իրենք երեկվա կարդացածը չեն հիշում: Բայց նույնիսկ այդ դեպքում, ես ուրախ եմ, որ կարդում են:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ