Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Գիշերային միջադեպի վեր հանած հարցերը

giserayin-mijadepi-ver-hanac-harcere

Այս գիշեր Աբովյանում տեղի ունեցավ դեպք, որն ավելի շատ համապատասխանում է անցյալ դարի 20-30 ական թվականների Չիկագոյի բարքերին: Քաղաքապետի աթոռի համար մղվող թեժ պայքարը կարծեք թե տեղափոխվեց «ռազբորկաների» փուլ:

 

Հղում անելով լրագրող Գագիկ Շամշյանին՝ լրատվամիջոցները տեղեկացրին, որ գիշերն անհայտ անձանց կողմից հրկիզվել է «Իմ քայլը» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբերից մեկի պետ, Աբովյան քաղաքի բնակիչ Վահան Սարիբեկյանի ավտոմեքենան, փորձ է արվել հրկիզել նաև նրա բնակարանի դուռը: Շարժական գույքն ամբողջովին այրվել է, և փառք ու պատիվ հարևաններին, որոնք մինչ համապատասխան ծառայությունների ժամանումը օգնել են մարել բնակարանին սպառնող կրակը, ինչի արդյունքում հնարավոր է եղել զերծ մնալ ավելի ծանր հետևանքներից:

 

Իհարկե, վերը նշված վարկածն ընդամենը ենթադրություն է: Դեռևս վաղ է խոսել այս քստմնելի միջադեպի պատճառի, առավել ևս՝ մասնակիցների մասին: Թողնենք այս ամենը քննիչներին և փորձագետներին: Բայց անկախ նրանից քաղաքական, թե կենցաղային բնույթ է կրում այս հանցագործությունը, մի բան ակնհայտ է՝ ատելության և քինախնդրության մթնոլորտը Հայաստանում շարունակում է իր հաղթարշավը:

 

Դատեցեք ինքներդ. ինչ-ինչ պատճառներով ոճրագործները կամ ոճրագործը ցանկացել են ոչ միայն վնասել քաղաքացու գույքը, այլև, հաշվի առնելով որ դեպքը տեղի է ունեցել խոր գիշերով, կամա թե ակամա վտանգի տակ են դրել նրա ընտանիքի անդամների՝ ներառյալ մանկահասակ երեխաների առոջությունը, միգուցե նաև՝ կյանքը: Հիշելով վերջին շաբաթների իրադարձությունները, համեմված փոխադարձ ագրեսիվ հռետորաբանությամբ և ոչ պակաս ագրեսիվ գործողություններով, կարելի է ենթադրել, որ մերօրյա Հայաստանում ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ հնարավոր է լուծել բռնությամբ: Եթե սրան գումարենք նաև վերջին շրջանում որոշ, իրենց քաղաքական գործիչ և քաղաքացիական հասարակության ջատագով համարող անձանց կողմից ոստիկանության նկատմամբ տգեղ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները (այս ամենի վավերագրական վկայությունը առանց մեծ ճիգեր գործադրելու կարելի է գտնել համացանցում տեղադրված տեսահոլովակներում), ինչպես նաև մեր հասարակության մի մասի յուրահատուկ պատկերացումները (մեղմ եմ արտահայտվում) դատական իշխանություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների մասին, ապա իրավիճակն, իրոք, շատ մռայլ երանգներ է ընդունում:

Եվ երկրորդ կարևոր հետևությունը: Իրավական պետության հիմնական բնութագրերից մեկը նրա քաղաքացիների պաշտպանվածության մակարդակն է սեփական երկրում, ինչը պայմանավորված է ուժային կառույցների, մասնավորապես, ռեպրեսիվ ապարատի՝ ի դեմս ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների, բնական գործունեության ապահովմամբ: Դա ենթադրում է առաջին հերթին պատշաճ կանխարգելիչ աշխատանքների իրականացում, որն ակնհայտորեն հեռու է բավարար լինելուց: Հուսանք՝ այս դեպքը դաս կդառնա հետագայում նման և ավելի ծանր հանցագործություններից խուսափելու համար:

 

Լուսանկարները՝ shamshyan.com-ի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ