Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայ հնագետները, որ պատմության վրայից մաքրում են դարերի փոշին

gitakan-hayastan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը շարունակում է «Գիտական Հայաստան» հոդվածաշարը, որտեղ ներկայացնում է Հայաստանում ապրող ու աշխատող գիտնականներին, որոնք, հաճախ, անտեսված են հասարակության և պետության կողմից: Աշխատելով բարդ պայմաններում, նրանք փորձում են համահունչ քայլել աշխարհին և իրենց ներդրումն ունենալ գիտության բնագավառում:

Այսօր մեր զրուցակիցն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Ի դեպ, այս տարի լրանում է ինստիտուտի ստեղծման 60 ամյակը, ինչի կապակցությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի խմբագրակազմը շնորհավորում է գիտական կենտրոնի ղեկավարությանն ու աշխատակիցներին:

150 տարի առաջ Հայաստանում դրվեց հնագիտության հիմքերը

Հնագիտական հետազոտությունները հայաստանում 150 տարվա պատմություն ունեն, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտունն այդ պատմության մի փոքր հատվածն է զբաղեցնում:  Դեռ այն ժամանակ, երբ Նիկողայոս Մառը ձեռնարկեց Անիի պեղումները, տեղում ձևավորվեց նաև այն հնագիտական դպրոցը, որ մինչ օրս կարկառուն ներկայացուցիչներ է տալիս աշխարհին:

Այսօր Հնագիտության և ազգագրության ինստիտուտը այն եզակի կառույցներից է Հայաստանում, որ զբաղվում է պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության հարցերով, ընդ որում՝ ոչ միայն հնագիտական, այլև ոչ նյութական: Այս ինտիտուտը ներառում է նաև ազգագրագիտության ու բանագետության բաժինները: Տարիների ընթացքում այնպիսի ստորաբաժանումներ են ստեղծվել, որ զբաղվում են նաև վիմագրական, էթնոսոցիոլագիական ուսումնասիրություններով:

Դրսի աշխարհը շատ հետաքրքրված է այս տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությամբ: Տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք և շարունակում ենք հետազոտել տարածաշրջանի պատմությունը՝ մարդու ձևավորման՝ անտրոպոգենեզի վաղագույն փուլերից մինչև ուշ միջնադար:

Հասնելով հայոց մայրաքաղաքների հիմքերին

Ինստիտուտն ակտիվ պեղումներ է իրականացնում հայոց մայրաքաղաքներում: Հսկայական գործ է արվել Դվինում դեռևս նախորդ դարի 30-ական թվականներից, Արտաշատում էլ 1970-ականներից առ այսօր շարունակվում են պեղումները: Պեղվել են շատ կարևոր ամրոցներ՝ Ամբերդը, Տիգրանակերտը: Հայաստանի անցյալի վերակազմության համար անհրաժեշտ աղբյուրագիտական բազան հիմնականում ձևավորվում է մեր ինստիտուտի աշխատակիցների դաշտային հետազոտությունների հիման վրա:

Ունենք նաև ձեռքբերումներ, որ դուրս են գալիս Հայաստանի սահմաններից: Պետք է առանձնացնեմ Կարմիր բլուրի պեղումները: Այն Վանի թագավորության շրջանի ուրարտական մշակույթը ներկայացնող եզակի հուշարձաններից է, որ շատ մեծ ծավալներով է պեղվել և ահռելի նյութ է տվել: Այդպիսի հուշարձաններ քիչ կան: Շատ-շատ կարևոր  արդյունքներ ունենք Արտաշատի պեղումներից: Այնտեղ հազարավոր կնքադրոշմներ՝ բուլաներ ենք հայտնաբերել, որոնք վերաբերում են ինչպես քաղաքի պատմության սկզբնական շրջանին, այսինքն մ.թ.ա. 2-րդ և 1-ին դարերին, այլև դրանից հետո մինչև Սասանյան շրջանը, երբ Շապուհը եկավ ու ավիրեց քաղաքը: Ողջ առաջավոր Ասիան կամ հին Արևելքը՝ հարակից շրջաններով, այդ բուլաներում ներակայցված է: Դրանք բացառիկ նշանակության նյութեր են, որ հնարավորություն են տալիս վերակազմելու և ուսումնասիրելու մեծ սահմանների մեջ մեր տարածաշրջանի պատմությունը:

Բացահայտելով նախամարդկանց հետքերը

Մեծ աշխատանքներ են տարվել հնագույն շրջանի հուշարձանների ուսումնասիրության առումով, հատկապես՝ վերջին տարիներին: Հետազոտվել են քարե դարի բազմաթիվ հուշարձաններ, այսինքն, մարդագոյացման գործընթացները ներկայացնող վայրեր: Երկիր մոլորակը բնակեցնող վաղագույն նախամարդկանց տարածման մոդելների մեջ հայաստանյան հուշարձանների տվյալները նոր խոսք են ասում: Այդպիսի օրինակ է Հրազդանի կիրճում պեղված Նոր Գեղի հնավայրը, որտեղ տասնյակ և հարյուր հազարավոր տարիների վաղեմության շերտեր ենք բացում: Ինչպես նախամարդու, այնպես էլ բանական մարդու վաղագույն հետքերն այդ հուշարձաններում արձանագրել ենք:

Վերջին 15-20 տարիների ընթացքում հնագիտական հուշարձանների պեղումները զուգորդվում են մշակութային ամբողջ այդ միջավայրի ուսումնասիրությամբ: Մենք փորձում ենք նաև հասկանալ, թե ինչ պայմաններում են աշխատել նախամարդիկ, ինչ կենցաղով են ապրել, ինչ տնտեսական գործունեություն են իրականացրել: Այդ ամենն ուսումնասիրվում է աշխարհի լավագույն լաբորատորիաներում, կատարվում են անալիզներ, այսինքն, ստացված արդյունքներն այլևս կարծիչ չեն, փաստ են՝ անալիտիկ, լաբորատոր եղանակներով ստացված փաստեր: Իսկ աշխարհն այսօր այդ փաստերն է ընդունում: Այսօր տարեկան մինչև 20 միջազգային ծրագրեր ենք իրականացնում աշխարհի տարբեր երկրների հանգիտական կենտրոնների, համալասարանների ներկայացուցիչների հետ:

Վերջին տասնամյակում կարողացանք այնպիսի հուշարձաններ պեղել, որ մինչ այդ չունեինք:  Արաքսից հյուսիս ընկած հատվածում հայտնաբերվել են վաղագույն բնակատեղիներ. Ակնաշենը, Առատաշենը, Մասիս բլուրը, Լեռնագոգը, դրանք մ.թ.ա. 8-7 –րդ հազարամյակից սկսած, այսինքն, հոլոցենի վաղ փուլերից սկսած առաջին բնակատեղիներն են, որ այս տարածքներում կան: Այժմ արդեն քաղաքակրթության ձևավորման ելակետային փուլերից սկսած կարողանում ենք հետևել այդ ընթացքին հենց տեղում, մինչդեռ նախկինում ստիպված էինք տվյալներ վերցնել օրինակ Քռի միջին հոսանքի հուշարձաններից:

Հայկական հնավայրերը՝ միջազգային հետաքրքրության առարկա

Այսօր հայաստանյան հնագիտությունը և հնագիտական հուշարձանները դարձել են միջազգային գիտության հետաքրքրության առարկա: Այսինքն, Հայաստանի գիտությունը միջազգայնացվել է, միջազգայնացվել են նաև մեր հուշարձանները, ինչը նշանակում է, որ մենք հանրահռչակում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը, և մեր գիտական պրոդուկտը տարածվում է  աշխարհով մեկ:

Այն ձեռքբերումները, որ դրսի աշխարհն ունի՝ նոր սարքավորումները, մոտեցումները, սկզբունքները անմիջապես բերվում են Հայաստան, որովհետև այն մարդիկ, որ այդ ամենի հեղինակները կամ մասնակիցներն են, գալիս են մեզ հետ աշխատելու: Nature, Science և մյուս հեղինակավոր ամսագրերում հրատարակվում են այն հոդվածները, որ պատրաստվում են Հայաստանում կատարվող ուսումնասիրությունների հիման վրա:

Շարունակելի

Լրահոս

Նմանատիպ նորություններ