Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

‹‹Գիտելիքը փայլեցնում է, հագուստը քայլեցնում է››. Վարպետի հագուստը հանվել է սնդուկից (տեսանյութեր և լուսանկարներ)

giteliqe-paylecnoum-e--hagouste-qaylecnoum-e-varpeti-hagouste-hanvel-e-sndoukic-tesanyouter-e-lousankarner

Գյումրու թանգարաններում վերջին շրջանում ակտիվություն է նկատվում, պատճառը` դառնալ առավել հետաքրքիր ու ‹‹շնչող››, ինչպես նաև որպես զբոսաշրջային ‹‹պրոդուկտ››` գրավիչ ու պահանջված: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի թանգարանների համալիր զարգացման ծրագրի գործնական հաջորդ քայլերը բերեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան:

Այսուհետ թանագարանի այցելուները հնարավորություն ունեն տեսնելու նոր, բացառիկ էքսպոզիցիա:

Վարպետի սնդուկից հանվել է նրա կյանքի վերջին տարիների կոստյումը, ջրակայուն վերարկուն` մակինտոշը, փողկապը, գլխարկը և Իսահակյանի մոր` Ալմաստի վարդ-թանթանան: Մինչ ցուցադրության պատրաստ լինելը հագուստը ռեստավրացվել է ‹‹Տերյան›› մշակութային կենտրոնում: Այս նմուշները ոչ միայն վարպետի կյանքի ու կենցաղի պատմությունն են, այլև 19-րդ դարի հարուստ գյումրեցու կենցաղավարության, նիստուկացի, հագուկապի խոսուն վկայությունները: Վարպետի հագուստի մանրամասները նաև լուսանկարներում են պատկերված, որոնք ներկայացնում է Գյումրու քաղաքապատերանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Բանախոսները փաստում են, որ ‹‹Տերյան›› մշակութային կենտրոնի հետ համագործակցությունը շարունակվելու է: Ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը հպարտությամբ է խոսում այն մասին, որ իրենց բախտ է վիճակվել շփվել Վարպետի անձնական իրերի հետ. ‹‹Շատ պատվաբեր է խոսքի Վարպետի տանը խոսքով ներկայանալ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, երբ ինչ-որ լավ բան է ստացվում, ստացվում է մի շարք մարդկանց աշխատանքի արդյունքում: ‹‹Տերյան›› մշակութային կենտրոնը զբաղվում է տարազի վերականգնումով, նոր մոտեցումներ է տալիս, Գյումրի հասանք այդ նպատակով, որպեսզի իմանայինք, թե Գյումրիում ինչ վիճակում էին իրերը: Եվ այստեղ տիկին Կարինեի հետ զրույցում, հասկացանք, թե ինչ խնդիր կա››:

‹‹Տերյան›› մշակութային կենտրոնի մեկ այլ վարպետ Իսկուհի Սարգսյանի ձեռքով է պատրաստվել Վարպետի մոր` Ալմաստ խանումի վարդ-թանթանայի կրկնօրինակը: Այն բավականին հետաքրքիր կառուցվածք ունի, բաղկացած է 70 ծաղկից, օգտագործվել են մետաղալարեր, մետաքսաթել և այլն:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը հպարտությամբ է խոսում այն հանգամանքի մասին, որ այսօր նոր էքպոզիցիայով են ներկայանալու. ‹‹‹‹Գիտելիքը փայլեցնում է, հագուստը քայլեցնում է››,- այդպես էր ասում Վարպետը, և եթե մենք 62 տարի հետ գնանք, ապա կտեսնենք, որ նա այս հագուստով շրջել է փողոցից փողոց, եղել է բազմաթիվ տեղերով: Այսօր մենք կյանք ենք տվել այդ հագուստին, կարծես Վարպետը տուն է վերադարձել: Ճիշտ է, նրա թողած ժառանգությամբ մենք այսօր քայլում ենք››:

Իսահակյանցիների հաջորդ անակնկալը Վարպետի մոր թոնրի բացումը կլինի:

19-րդ դարի ալեքսանդրապոլցի կնոջ արտահագուստը ‹‹Կումայրի›› պարային համույթի պարուհիները ներկայացրեցին Իսահակյանի սիրելի աշուղի` Շերամի երաժշտությամբ:

Շուտով Վարպետի թանգարանում լուսանկարվելու համար հատուկ տարածք և հագուստ կտրամադրվի, որպեսզի այցելուները կարողանան իրենց զգան Վարպետի ժամանակակիցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ