«Գոլդեն Փելես» հյուրանոցը փոխանցվեց պետությանը

am
golden-peles-hyouranoce-poxancvec-petoutyane

Կառավարության այսօրվա նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որպես նվիրատվություն, փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 ք/մ, հողատարածքը` 1.38 հեկտար։

«Հյուրանոցը պետությանն է փոխանցվում շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ», - նշեց նախարարը։

Գույքը նախատեսվում է հատկացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով: Հատկանշական է, որ նախագծով նախատեսվում է գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ մինչև ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին:
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջինիս ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը ցանկանում է նվիրել պետությանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ