Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գուսանն ազնվության կերպար էր. այսօր արցախյան ազատամարտի հերոս Արտակ Օհանյանի մահվան տարելիցն է

gousann-aznvoutyan-kerpar-er-aysor-arcaxyan-azatamarti-heros-artak-ohanyani-mahvan-tarelicn-e

Գուսանն ազնվության կերպար էր: Մարդ, ով մինչև վերջին կաթիլ արյունը պատրաստ էր պայքարել հանուն ճշմարտության: Այսպես է բնութագրում մարտական ընկերոջը՝ արցախյան ազատամարտի հերոս Արտակ Օհանյանին (Գուսան) «Մեծն Տիգրան» աշխարահազորային գնդի հետախուզության ջոկատի հրամանատար Արկադի Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, աֆղանական պատերազմի մասնակից, ՀՀ Արիության մեդալկիր, լեգենդար Գուսանի՝ Արտակ Օհանյանի հիշատակի օրն է: Գուսանի կյանքի հերոսական ուղին ընդհատվեց 1993թ-ի սեպտեմբերի 9-ին:

«Արտակը պատրաստ էր բոլոր հարցերի շուրջ մինչև վերջ պայքարել, պարտադրել, որ ճշմարտությունը պայքարի: Որպես բանաստեղծ փորձում էր ժողովրդական, գուսանական երգով ներկայացնել ազատագրական պայքարը, դրանով առաջնորդվել ու առաջնորդել: Իր «Զարթնի՛ր, Մասիս» հռչակավոր ստեղծագործության մի քանի տողում իր ողջ կյանքն է ներկայացրել: Արտակը հենց իր մասին է երգում՝ իր զգացմունքների, սպասելիքների, իր պատրաստակամության մասին՝ մինչև վերջին վայրկյանը պայքարել հանուն այն գաղափարի, որը մեզ բոլորիս միավորել էր: Այդ երգն այն կիզակետն է, որի շուրջ պետք է ամբողջ հայությունը համախմբվի՝ առանց տարանջատելու սփյուռքահայ, Հայաստանի կամ Արցախի հայ, գյումրեցի, ապարանցի և  այլն: Թե՛ մարտական գործողությունների ընդմիջումներին, թե՛ Երևանում գտնվելիս այդ հարցի շուրջ շատ էինք զրուցում ու միշտ նախանձով էինք նայում սիոնիստական գաղափարախոսությանը՝ ինչպես հրեաները կարողացան միավորվել Սիոն լեռան գաղափարի շուրջ: Նրանք մի գաղափարի են ծառայում՝ առանց տարանջատման՝ Իսրայելի բնակիչ է, թե աշխարհի մյուս ծայրում գտնվող հրեա: Մեզ համար էլ միավորողը  Մասիսն է: Շատերն են սիրում խոսել բիբլիական լեռան մասին, շեշտել հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած նրա դերն ու նշանակությունը, բայց հենց հերթը հասնում է Մասիսի շուրջ խմբավորվելուն, միանգամից առաջին պլան է մղվում անձնականը: Իսկ Արտակն այդպիսին չէր: Նրա համար ամենագլխավորն ու առաջնահերթը հայրենիքն էր, պայքարը, ընկերները, գաղափարը, որի համար մարտի էր ելել և թե ով ավելի շատ ուներ իր կարիքը՝ սահմանամերձ գյուղերում ապրող մարդի՞կ, մարտական  ընկերնե՞րը, թե՞ Երևանում ապրող ընտանիքը: Անձնականը նրա համար ոչ թե երկրորդական կամ երրորդական տեղում էր, այլ գուցե տասներորդական»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշում է Գուսանի մարտական ընկերն ու հավելում, որ Արտակի դստեր՝ Տաթևի, լույս աշխարհ գալուց հետո էլ Գուսանը նրան շատ քիչ է տեսել, քանի որ մարտական գործողություններում է եղել, իսկ նրա համար առաջնայինը հենց հայ գյուղացին էր, զինակից ընկերը, հետո միայն ընտանիքի անդամները:

Մեր զրուցակիցը նշում է, որ մարտական գործողությունների ընդմիջումներին սիրում էին վայելել Գուսանի հայրենասիրական կատարումները. «Մեր խնդրանքով երգում էր, հիմնականում երեկոյան՝ մարտական գործողությունների ընդմիջումներին, երբ  միմյանց հետ ապագայի ծրագրերով էինք կիսվում, մեր երկրի պայծառ ապագայի մասին մտորում: Այս ամենը եզրափակվում էր երաժշտական կատարմամբ»: Գուսանը, սակայն, առավելապես  մեծ միջոցառումների ժամանակ էր երգում, երբ ազատամարտիկներից մեկն ամուսնանում էր կամ երեխա էր ունենում, բոլորով հավաքվում ու նշում էին: Սահակյանը հիշում է, որ Գուսանի ամենամեծ ելույթը 1990 թվականի սեպտեմբերին էր՝ Մուսա լեռան հերոսամարտի օրը: «Արտակի մոտ լավ էր ստացվում և՛ կռվել, և՛ ընկերներին պաշտպանել, և՛ լավ քեֆ անել: Իր երգերում այն հավատամքն է, որն ինքն իր կյանքում միշտ կրել է: Հեշտ է կոչեր անել ու հեռանալ, բայց Արտակը թե՛ կոչ էր անում, թե՛ առաջնորդում էր, թե՛ ամենակարևորը՝ ամենավերջինն էր հետ քշվում»:

Գուսանն ամենուր էր աչքի ընկնում իր խիզախությամբ ու անվախությամբ. մարդկային բարձր գնահատելի այս որակները մարտիկը դրսևորում էր մղած յուրաքանչյուր մարտում: Բացառություն չէր նաև  շրջափակված Գետաշենի ազատագրումն ու այնտեղից թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի պատգամավոր Իգոր Մուրադյանի դուրս բերումը։

Արկադի Սահակյանը հետաքրքիր դրվագ է հիշում Գետաշենի ազատագրումից. Գուսանը որոշել է բացի երեխաներից գյուղից դուրս բերել նաև Գետաշենի եկեղեցու զանգերը, որպեսզի դրանք թուրքի ձեռքում չհայտնվեն. «թեկուզ մեկ օրով հայկական եկեղեցու զանգերը չպիտի գերեվարվեին»,- որոշել էր Գուսանը…: Ինչպես ազատամրտիկն է նշում, դա բավական վտանգավոր գործողություն էր, քանի որ գյուղը շրջափակված էր, տեղակայված էին ռուսական զորքեր, ՕՄՈՆ-ականներ…: «Սա խոսում է Արտակի՝ ոչ միայն հայ զինվոր, այլև հայ քրիստոնյա լինելու մասին: Ով ոչ միայն ավտոմատով էր մարտնչում, այլև խոսքով, գրիչով ու գործով, որպես քրիստոնյա կարևորում էր նաև մեր առաքելական եկեղեցու դերը»:

Սահակյանը շեշտում է, որ պատերազմի դաշտում չէ, որ հայրենասեր են դառնում, պետք է մինչ այդ հայրենասեր լինել: «Մի բան է  պետական, կայացած բանակի ծառայող լինելը, այլ բան է, երբ քո պարտքն ես կատարում հայրենիքիդ հանդեպ, երբ երդում ես տվել ու գնում ես հողդ պաշտպանելու: Դրա համար էլ մենք միշտ ունենում ենք հերոսներ ու վախկոտ փախչողներ: Հայրենասիրության չափն է որոշում, թե մարդն այդ խմբերից որին է պատկանում: Մարտի դաշտում հայրենասիրությունը ամրապնդվում է, այստեղ է, որ արժեքներ են ձևավորվում՝ ինչն է առավել կարևոր, առաջնային»,- նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ մարտական ընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով էլ մարտի դաշտում ընկել է Գուսանը՝ իր մարդկային էությանն ու տեսակին հավատարիմ մնալով: «Գուսանն իր ընկերների՝ Խնձորեսկի ջոկատի տղաների՝ Սանոյի, Գարիկի հետ ընկավ շրջափակման մեջ, որպեսզի օգնի շրջափակման մեջ հայտնված հայկական մեկ այլ զորամիավորման, որի անդամներին անգամ չէր էլ ճանաչում: Միայն հայտնի էր, որ տվյալ տարածքում ադրբեջանական դիվերսիոն խումբ է աշխատում և հավանական է, որ հայերը դարձել են թիրախ: Արդյունքում, ոչնչացնելով այդ խումբը՝ նրանք բոլորը զոհվեցին: Առանց մի պահ երկմտելու Գուսանը գնաց.  կար մարտական ընկերություն, կային վտանգավոր դրության մեջ հայտնված ընկերներ, ուրեմն անհրաժեշտ էր օգնության ձեռք մեկնել նրանց: Սա է իր մարդ տեսակը, իր հայրենասեր տեսակը: Գուսանը ոչ մի կետով չի տարբերվում իր ստեղծագործությունից: Ապրել է այնպես, ինչպես գրել է, այնինչ շատերի մոտ հակառակն է՝ ճոխ գրում են, բայց սրիկայաբար ապրում: Իր մոտ ճիշտ հակառակն է՝ ապրել է իր գաղափարներին, սկզբունքներին հավատարիմ, դրանք էլ իր ստեղծագործության տողերը դարձրել»,- նշում է Գուսանի ընկերը:

Գուսանի կինը՝ Ժաննա Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ լեգենդար ամուսինը երազում էր Շահումյանի ազատագրման, Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին, երազում էր նաև շատ երեխաներ ունենալ, ինչը, ցավոք, անկատար մնաց: «Շատ էր ուզում որդի ունենալ, նրան իր մարտական ընկերոջ պատվին Ժորա անունով կնքել: Երբ 1993թ-ին ծնվեց մեր դուստրը, որոշեց նրան Տաթև անունը տալ, ցանկանում էր դստերը Տաթևի վանքում մկրտել: Արտակի զոհվելուց տարիներ անց՝ 1996 թ-ի սեպտեմբերի 1-ին, նրա ցանկությունն ի կատար ածվեց. Տաթևի վանքում մկրտվեց Տաթևը, իսկ արարողությանը մասնակցում էին Արտակի գրեթե բոլոր մարտական ընկերները»,- նշում է տիկին Ժաննան:

Վերջինս հիշում է, որ Շուշիի ազատագրման օրը Գուսանը տուն է եկել ու առաջարկել գնալ, հաստատվել Շուշիում. «Մնում էր միայն պատերազմն ավարտվեր ու տեղափոխվելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնեինք»:  

Տիկին Ժաննան նաև պատմում է, որ ադրբեջանցիները մեծ քանակությամբ ոսկի էին խոստացել Գուսանի համար, բայց հետաքրքիրն այն է, որ նրանք անգամ տեղյակ չէին, որ Գուսանը նույն ինքը Օհանյան Արտակն է: «Գուսանին ադրբեջանցիները բավական հաղթանդամ ու աժդահա էին պատկերացնում՝ հաշվի առնելով իր ծավալած մարտական գործունեությունը, բայց մի անգամ դիրքերում տեսել են նրան՝ նիհար, հյուծված, չեն հավատացել, որ նա ինքը լեգենդար Գուսանն է…: Միշտ ասում էր՝ չես կարող չգնալ մարտի դաշտ: Ասում էր՝ եթե ես կռվել եմ հանուն Աֆղանստանի, այդ երկրի պաշտպանության, ինչպե՞ս կարող եմ մեր ազգի, մեր հողի համար չկռվել: Բացի այդ, նա մշեցի էր, չէր կարող չգնալ…»:

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ