Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:
Կոմիտաս

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

am
grigori-martirosyann-ou-tigran-avinyane-hstakecrel-en-hamagorcakcoutyan-hetaga-qaylere

Հուլիսի 6-ին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են զույգ հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները: 


Հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, արդարադատության, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները մանրամասն ներկայացրել են միասնական դաշտում գործող ծրագրերի որակն աստիճանաբար բարձրացնելու և մի շարք ուղղություններում փոխգործակցության նոր՝ մասնավորապես, հանրությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական հաշվառման, համայնքների գլխավոր հատակագծերի, Մարտակերտ-Սոտք ավտոճանապարհի սպասարկմանն ու այլ հարցերի շուրջ առաջարկներ:


«Նշված ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի պահպանումն ու նախանշված նոր ուղղություններում համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կարող են տպավորիչ արդյունքներ գրանցել»,- իր խոսքում նշել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: 


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր առաջարկներն ու առկա դրական դինամիկան ապահովելու անհրաժեշտությունը բխում են հայկական երկու պետությունների տնտեսական շահերից: 
ԱՀ պետական նախարարն ու ՀՀ փոխվարչապետը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման և ոլորտային նոր աշխատանքների համադրման տեսանկյունից:

Այնուհետև ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտում տեղակայված մի շարք արտադրամասեր, գնահատել թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները: 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած աշխատանքային հագեցած օրակարգը կավարտվի Շուշիում: Հյուրերը կծանոթանան «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ի հնարավորություններին ու բերդաքաղաքի զբոսաշրջային ներուժին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ