Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Գյումրի քաղաքի անօթևանությունն ամենաթողության հետևանք է

gyoumri-qaxaqi-anoteanoutyounn-amenatoxoutyan-heteanq-e

  Գյումրիում  անօթևանության խնդրի թնջուկը դեռևս անլուծելի է համարվում,  լավատեսական հույսեր ներշնչող  ոչ մի նոր խոսք` նոր Հայաստանում դեռ  չի հնչել: Աղետից 30 տարի անց էլ քաղաքը կրում է աղետի հետևանքները.  կենտրոնում, ծայրամասերում տնակային ավանները շատ են, այնտեղ բնակվող քաղաքացիները` ևս:

 

Նոր կառավարության պահանջով Գյումրիում, այս ընթացքում, կրկին հաշվառում է տեղի ունեցել: Շիրակի մարզում հաշվառվել են 3530 տնակ, որից 2830-ը միայն Գյումրիում են: Այս թեմայով քննարկումներն ու բանավեճերը վաղուց հատել են անօթևանություն ունեցող փաստացի քաղաքացիների թվի սահմանը: Աննարդյունք ու անօրակարգ քննարկումների պրակտիկան այլևս ապարդյուն է, քանի որ խնդրի իսպառ վերացման համար անհրաժեշտ են ընդամենը, դրամական հոսքեր` արտահայտված շինարարության տեսքով, ինչը  ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, որ մեր երկիրը չունի:

  Երկխոսության մեդիա լսարանում  այսօր մարզային ու քաղաքային իշխանությունների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները համատեղ ներկայացրեցին կառավարության պահանջով իրականացրած հաշվառման տվյալները:  ‹‹Շիրակ կենտրոն›› ՀԿ նախագահ Վահան Թումասնյանը գտնում է, որ այս հաշվառումներն է’լ ավելի խառնաշփոթ է ստեղծում.

   

‹‹Եթե բնակապահովման որևէ  ծրագիր իրականացվի, պետք է պարզ ասել ժողովրդին, թե որ կարգավիճակ ունեցող ընտանիքները պետք է ապահովվեն բնակարանով, որոնք` ոչ: Նախորդ տարիների նման չլինի, որ մարդիկ 30 տարի սպասեցին ու, երբ քաղաքաշինության նախարարությունը հավաքեց փաստաթղթերը` 600-ից ավելի ընտանիք մերժվեց: Եթե նախապես այդ  մարդկանց ասվեր` նրանք վաղուց իրենց գլխի ճարտ կտեսնեին››:

 

Գյումրի համայնքի ոչ հիմնական շինությունների փաստագրման հանձնաժողովի նախագահի տեղակալ  Մհեր Խաչատրյանն էլ նկատում է, որ սա միշտ ամենակոռումպացված և ռիսկային ոլորտն է, որտեղ ամենաթողություն է եղել.  ‹‹Մենք ունենք բազմաթիվ անօթևաններ` և’ երկրաշարժի արդյունքում, և’ մինչ երկրաշարժը: Կամ երկրաշարժից հետո էլ այլ պատճառով են եղել անօթևան, բայց իրենք ներառված չեն այս ցուցակներում:  Շատերը հանրակացարաններում են բնակվում, շատ մարդիկ կան, որ վթարային շենքերի մեջ են բնակվում: Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե ովքեր  փաստագրված են տնակների մեջ` իրենք կստանան բնակարանի բանալիները››:

  Մհեր Խաչատրյանը նկատում է, որ այս հաշվառումներից հետո տնակները բավականին թանկ են դառնում, անգամ խաբեության դեպքեր են արձանագրվել, երբ  տնակը վաճառում են 3000 ԱՄՆ դոլարով ու պնդում, որ շուտով այս տնակի փոխարեն նոր բնակարան կստանան:

   ՇՄ քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանն էլ  նկատում է, որ հաշվառման գործընթացը շատ ծավալուն է. ‹‹Ծավալուն աշխատանք է, իսկ առանց հաշվառման հնարավոր չէ լիարժեք պատկերացում ունենալ››:

   Վահան Թումասյանն էլ նկատում է, որ արդեն թեզ կարելի է գրել այդ հաշվառումների և  հետազոտությունների հենքի վրա, բայց դրանք խնդրին լուծում չեն տալիս, անօթևանության հարցում գործուն քայլեր են պետք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ