Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Գյումրիում ընթերցողների թիվը չի պակասում. (տեսանյութ)

gyoumrioum-entercoxneri-tive-ci-pakasoum-tesanyout

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանն իր հետ բերեց նորարարություններ և շատ ավանդական երևույթներ թողեց անցյալում: Հիմա, երբ ցանկացած պահի համացանցը հասանելի է դարձնում ցանկացած գրողի ու հրապարակախոսի գիրք կամ որևէ ստեղծագործություն, մտայնություն կա, թե համացանցը նվազեցրել է ընթերցանության ծավալներն ու գրքի, գրականության հանդեպ հետաքրքրությունը պակասել է:

Գյումրու պատմական փողոցների հանգույցում՝ Աճեմյան փողոցի «Կումայրի» արգելոցի պատմական կառույցներից մեկում, գործում է Շիրակի մարզային պատմական գրադարանը: Քաղաքային գրադարանի գործունեության հիմնավորման նախաթիվ է թվագրվում 1899-1900թթ., երբ մասնավոր հավաքածուի հիման վրա, նահանգապետի հրամանով, Ալեքսանդրապոլի գավառային ուսումնարանի շենքում սկսում է գործել քաղաքի ազգաբնակչությանը սպասարկող գրադարանը: 19-րդ դարից իր գործունեության մեկնարկը տված կառույցն այսօր էլ բավականին ակտուալ ու մարդաշատ է, միշտ աշխատանքային եռուզեռով: ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձել է պարզել, թե ո՞րն է այն «առասպելական» մոտեցումը, երբ աշխարհի բոլոր գրադարաններում վերջին տասնամյակներում շեշտակի կրճատվել են ընթերցողների թիվը, բայց Գյումրիում դա ամենևին մտահոգություն չէ, փոխարենը՝ էլ ավելի է մեծանում 11.000 ընթերցողների սեգմենտը:

Մարզային գրադարանի փոխտնօրեն Գեղեցիկ Գևորգյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ ցանկացած ոլորտում նվիրումը բերում է ցանկալի արդյունքների. «Քաղաքի ընթերցող հասարակության՝ դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ, տնային տնտեսուհիներ և այլն, հետաքրքրությունների ուսումնասիրումը, ճիշտ մոնիտորինգ անցկացնելն է ընկած մեր աշխատանքի հիմքում, հասկանալ, թե մեր գյումրեցիներին ի՞նչ է անհրաժեշտ: Ի վերջո, մարդակային կյանքը ամփոփված չէ միայն կենցաղային հոգսեր հոգալով, հոգևոր սնունդն առավել կարևոր և առաջնային է: Հաշվի առնելով նրանց պահանջարկը, մենք կատարում ենք մեր գնումները, թե ի՞նչ ուղղվածությամբ, ի՞նչ թեմաներով գրականություն է այսօրվա ընթերցողին հուզում, և կուզենան այդ գիրքն իրենց մոտ ունենալ»,-նկատում է տիկին Գևորգյանը:

Գիրքն էլ է այսօր թանկ հաճույք, ուստի պետք է բավականին ճկուն գտնվել, որպեսզի գրադարանը համալրված լինի միշտ նոր գրականությամբ.«Ընթերցողների մեջ, այսպես ասած, ցանկալի մրցակցություն կա, երբ մենք ունենում ենք պահանջված գրականությունից, ասենք, երկու կամ երեք օրինակ: Յուրաքանչյուր բաժնում հատուկ մատյաններում նշվում են, թե ո՞ր ընթերցողը, ո՞ր գիրքն է պահանջել, հետո կապ է հաստատվում, որ իրենց պահանջած գիրքն արդեն տեղում է, սա էլ է նպաստում ընթերցող-գրադարան կապի ամրապնդմանը»,- բացատրում է Գեղեցիկ Գևորգյանը:

Համաշխարհային բեսթսելլերն այս գրադարանում ևս ամենապահանջվածներն են: Սպասարկման բաժնի վարիչ Գայանե Տիտանյանը մեկ առ մեկ թվում է ամենաընթերցված գրքերի ցանկը. «Շատ ընթերցելի են Ռեմարկը, Մարկեսը, Հեմինգուեյը, Պաուլու Կոելյուն, Ռեյ Բրեդբերին, Ֆոն Բրաունը, իսկ հայ նոր գրողներից Պաչյանը, Դավիթ Սամվելյանը, ինչպես նաև դասական գրողները, որոնք միշտ կան: Ընթերցողների տարիքային խմբավորումը բավականին տարբեր է՝ և՛ կանայք և՛ տղամարդիկ: Մոտիվացնող գրականության բեսթսելլերներից ամենաշատը «Սիրելու արվեստը» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքերի համար են հերթագրվում»,-նկատում է Գայանե Տիտանյանը:

Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը նաև միջոցառումների կազմակերպմամբ է զբաղվում, գրադարանի երրորդ հարկում՝ վերնատանը, միշտ մարդաշատ է, ազգային և միջազգային ականավոր դեմքերին նվիրված մի շարք ուսուցողական միջոցառումներ են իրականացվում. «Ե՛վ ժամանակն է մեզ հուշում, և՛ ընթերցողն է մեզ հուշում, օգնում, թե ի՞նչ կարելի է անել: Բոլոր դարակները թեմատիկայով են դասավորված, փոքրիկ թանգարաններ են դրանք»:

Տեսանյութում Հասմիկ Ավետիսյանը մանրամասն ներկայացնում է ազգային նվագարաններին ու երաժշտությանը նվիրված ցուցասրահը:

Շրջիկ բաժնի աշխատակից Սահականուշ Մարուքյանը փաստում է՝ տուն-ինտերնատ, գիշերօթիկ հաստատություններ և խնամքի կենտրոններ ևս այցելում են. «Միշտ ակտիվ է կապը, նույնիսկ ռուսերեն գրքեր կարդացողներ կան, տուն-ինտերնատում շատ գրագետ ընթերցողներ ունենք: Տարեցներ ունենք, ովքեր որևէ հաստատությունում չկա, նրանց ևս սպասարկում ենք»:

Մոտ ապագայում Շիրակի մարզային գրադարանի բիբլիոբուսի միջոցով նորօրյա և, ոչ միայն, գրականության նմուշները հասանելի կլինեն նաև մարզի հեռավոր համայնքներին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ