H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել, բայց համաճարակի բռնկում չկա. Արտավազդ Վանյան

am
h1n1-ov-paymanavorvac-mahvan-depq-e-grancvel--bayc-hamajaraki-brnkoum-cka-artavazd-vanyan

Առողջապահության նախարարությունը շտապ բրիֆինգ էր հրավիրել Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակը ներկայացնելու համար: Լրագրողների հետ հանդիպեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«Կատարել ենք 549 նմուշի հետազոտություն, որում 9 %-ում հայտնաբերվել է H1N1, 24 %-ում եղել են շնչառական այլ վարակներ են, իսկ 33%-ի մոտ ընդհանրապես վարակները բացակայել են: Սա փաստում է այն մասին, որ գրիպի տեսակներից հիմնականում շրջանառվում է H1N1-ը», - ասում է Արտավազդ Վանյանը։

Վերջինս նկատեց, թե յուրաքանչյուր տարի նախարարությունն իրականացնում է մոնիթորիգ՝ պարզելու թե ի՞նչ իրավիճակ ունենք երկրում: «Ըստ այդ մոնիթորինգի ներկայումս պոլիկլինիկաներ են դիմել 125 անձ, անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեցել ենք 967 դիմում; Իրավիճակը ստացիոնարներում այսպիսին է՝ այսօր ունեք 693 հիվանդ, անցած տարի ունեցել ենք 658 հիվանդ: Շտապօգնության կանչերի մասով՝ անցած տարվա 89 կանչի դիմաց այս տարվա նույն օրը ունեցել ենք 103 կանչ»:

Արտավազդ Վանյանը սրանից հետևության է հանգում. «Կտրուկ տարբերություն չկա, չնայած կա հիվանդությունների որոշակի աշխուժացում, սակայն չկա համաճարակի բռնկում»:

Դառնալով հարցին՝ մահվան դեպքեր կան, թե չկան, Վանյանը նախ ասաց հետևյալը. «Մարդիկ մտածում են, թե գրիպը հիվանդություն չէ, այ, սա է մեր բնակչության խնդիրը, երբ ասում են՝ գրիպ եմ, բայց հաճախում են աշխատանքի ու ժամանակին չեն դիմում բժշկի, այլ ծանրացած վիճակով տեղափոխվում են հիվանադանոց»:

Արտավազդ Վանյանը նկատեց, թե կան խոցելի խմբեր, որոնք, եթե վարակվում են գրիպով, ապա հիվանդությունը կարող է այնքան բարդանալ նրանց մոտ, որ անգամ հանգեցնի մահվան. «Դրա համար Առողջապահության նախարարությունն ասում է ՝ պատվաստվե՛ք: Ի՞նչ պատկեր ունենք այսօր. մարդիկ, որոնք ռիսկային խմբերում են, չեն գալիս պատվաստման: Մենք խնդրում, հորդորում ենք ռիսկային խմբերին՝ պատվաստվել ու զերծ մնալ հիվանդության խորացումից, մահվան դեպքերից,- հայտարարեց Վանյանը

Հիշեցրեց, որ 2016-ին լրատվամիջոցներից մեկը գրել էր՝ գրիպից ևս մեկ մահվան դեպք գրանցվեց, նման լուրեի շրջանառումը սխալ է համարում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն. «Ի՞նչ եք ուզում, որ մեր բնակչությանը խուճապի մեր գցե՞նք, որ մարդիկ մտածեն՝ չշնչենք, որ չմահանա՞նք: Եթե մարդու մոտ կա մեկ այլ հիվանդություն, ապա գրիպը նպաստում է դրա զարգացմանը»: Եվ լրագրողներին տեղեկացրեց, որ այս ընթացքում Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել, իսկ մահացածը կինը զուգահեռաբար այլ հիվանդություններ է ունեցել:

Անդրադառնալով «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ, ընդհանրապես, չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ