Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Հաջորդ տարվանից կմեկնարկի մետրոյի նոր կայարանի շինարարությունը. Մեսչյան

am en ru
hajord-tarvanic-kmeknarki-metroyi-nor-kayarani-sinararoutyoune-xostanoum-e-mescyane

Մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման ծրագրերի իրագործման համար բյուջետային միջոցներն օգտագործելու հնարավորություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Ըստ Մեսչյանի՝ աշխարհում չկա այնպիսի քաղաք, որտեղ մետրոպոլիտենները կառուցվում են ոչ թե բյուջետային միջոցներով, այլ կառուցապատողի միջոցով: «Մենք այժմ փորձում ենք այդ քայլը կատարել, և կարծես թե մեզ մոտ դա կստացվի», - նկատեց Մեսչյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում՝ մինչև հունվար ամիս, ավարտին կհասցվեն մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները, մյուս տարվա սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Կսկսենք կամրջից, որի վրա կտեղադրվի կայարանը, իսկ հետագայում գծային քաղաքականության հետ կապված բոլոր  ենթակառուցվածքները՝ կապը կամրջից դեպի Բարեկամություն կայարան»:

Մեսչյանն ընդգծեց, որ խնդիրը բարդ է, իսկ մետրոպոլիտենն էլ առհասարակ բավական բարդ համակարգ է. անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել տարբեր ոլորտների մասնագետների, ինչի ուղղությամբ քաղաքապետարանն աշխատանքներ է տանում:

Անդրադառնալով Երևան քաղաքում ճոպանուղու կառուցման հարցին՝ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նշեց, որ ճոպանուղու միջոցով նպատակ կա թեթևացնելու Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանների միջև կապը, ինչպես նաև նվազեցնել  տրանսպորտային ծանրաբեռնվածությունը:

«Կապը լինելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից դեպի նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների հատվածը: Կարծում ենք, որ այդ ծրագրի միջոցով շատ խնդիրներ կլուծվեն: Հետագայում զարգացումներ կլինեն դեպի Հաղթանակի զբոսայգի: Այս ծրագիրը ևս ոչ բյուջետային ներդրումով է կառուցվում, աշխատում ենք կառուցապատողների հետ, որոնք կֆինանսավորեն նաև ճոպանողու կառուցումը»,- ընդգծեց Մեսչյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ