Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացմանը

am en ru
hakob-arsakyane-masnakcel-e-renderforest-enkeroutyan-nor-masnasenqi-bacmane

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիական ոլորտում լայն ճանաչում ունեցող «Ռենդերֆորեսթ» ընկերության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

 

«Ռենդերֆորեսթը» հայկական ընկերություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծելու յուրատիպ հոլովակներ, անիմացիաներ, լոգոներ, վեբ կայքեր՝ օգտագործելով  մեքենայական ուսուցման և արհեստական բանականության  ալգորիթմեր։

Ողջունելով  ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն  ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան ունի հզոր ներուժ՝ լինելու առաջատար։

 

«Մենք հավակնում ենք դառնալու առաջատարը բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կարող է լինել արհեստական բանականությունը, մյուսը՝ միկրոէլեկտրոնիկան՝ դիզայնից մինչև արտադրություն, հաջորդը՝ մաթեմատիկան և դրա հետ կապված այլ ուղղություններ։ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։

 

Մենք արդեն ստացել ենք բյուջեի միջնաժամկետ հաստատված ծրագիրը, համաձայն որի լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին։ Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, հայթեքի զարգացմանը։ Եվ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք միասին  և դառնանք տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Հակոբ Արշակյանը։

 

Նախարարը խոսել է նաև «Հայկական վիրտուալ կամուրջ» անվանումն ստացած ծրագրի մասին, նշել, որ տարածաշրջանային կենտրոն դառնալու համար կարևոր է հասկանալ, թե ինչ ենք տալիս այն տարածաշրջանին, որտեղ գտնվում ենք։

 

«Ռենդերֆորեսթի» հիմնադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը, ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը, նշել է, որ սկսել են հարկային արտոնություն ստանալով, հետո անցել են 30 աշխատակցի սահմանագիծը,  հիմա արդեն ունեն 65 աշխատակից և նախատեսում են առաջիկայում հասնել 100-ի։

 

Նա ընդգծել է, որ ընկերությունն այս պահին աշխարհի խոշորագույն ավտոմատացված վիդոարտադրության պլատֆորմն է։ Հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիկքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը, այլք։

 

Պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության ամբողջ կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Կարևոր կետերից մեկն այն է, որ պրոդուկտի 97,8 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։

 

«Ռենդերֆորեսթ»-ը հայկական ամենաարագ աճող ոլորտի ընկերություններից է, որն ամեն տարի 165% աճ ունի, ամսական՝ 3,5 միլիոն  այցելու։

Ընկերության նոր մասնաշենքը նախատեսված է 100 աշխատակցի համար, ունի հանդիսությունների դահլիճ, գրադարան, կրթական ու հանգստի հատվածներ, բացօթյա տանիք։

 

«Ռենդերֆորեսթի» բրենդինգային հարթակը ներկայում ունի ավելի քան 8 մլն օգտատեր։ Այն ներառվել է 2019թ. աշխարհի 100 լավագույն ընկերությունների ցանկում։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ