Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Համաեվրոպական այլընտրանք ՆԱՏՕ-ի՞ն

hamaevropakan-aylentranq-nato-in

Վերջին օրերին աննախադեպ աշխուժություն է տիրում Եվրախորհրդարանի նիստերում: Այն պարագայում, երբ Մեծ Բրիտանիան՝ ի դեմս վարչապետ Թերեզա Մեյի, ուղիներ է փնտրում հնարավորինս անհետևանք հաղթահարելու Brexit կոչվող գլխացավանքը (ամենայն հավանականությամբ 2019-ի մարտի 29-ին բրիտանացիները հրաժեշտ կտան Եվրամիությանը), եվրոպական մյուս առաջատարները՝ Գերմանիան և Ֆրանսիան հանդես են գալիս կառուցողական առաջարկներով: Եվ այդ առաջարկները բուռն արձագանք են գտել ինչպես եվրոպական մի շարք քաղաքական գործիչների մոտ, այնպես էլ՝ օվկիանոսից այն կողմ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն առաջարկեց ստեղծել ՆԱՏՕ-ից (բնականաբար նաև՝ ԱՄՆ-ից) անկախ համաեվրոպական զինված ուժեր, ավելի արդյունավետ պաշտպանելու համար սեփական անվտանգությունը և դեմոկրատական գործընթացները: Պարզ է, որ թշնամին այս պարագայում էլ Ռուսաստանի Դաշնությունն է:

Ի պատասխան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջ առաջարկն անվանեց վիրավորական, մի բան էլ «երեսով տվեց». եվրոպական պետությունները դեռ թող իրենց իրական չափաբաժինները վճարեն ՆԱՏՕ-ի «ընդհանուր կաթսա», նշելով, որ հյուսիսատլանտյան ալյանսը գոյություն ունի միայն ԱՄՆ սուբսիդավորման շնորհիվ:

Հաջորդ քայլը կատարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Եվրախորհրդարանի նոյեմբերի 13-ի նիստին առաջարկեց ձևավորել Եվրոպական անվտանգության խորհուրդ: Նրա կարծիքով այդ կառույցը միտված կլինի ցանկացած իրադարձության արագ արձագանքելու և օպերատիվ կերպով կարևոր որոշումներ ընդունելու: Եվ ընդհանրապես, Մերկելը նշեց, որ «ժամանակն է դառնալ ավելի ինքնուրույն և լինել սեփական ճակատագրի լիարժեք տերը: Միայն այդպես է հնարավոր պահպանել եվրոպական հանրությունը»:

Իր ճառում Մերկելը նաև անվերապահորեն պաշտպանել է համաեվրոպական զինված ուժեր ստեղծելու Մաքրոնի գաղափարը, ընդգծելով, որ դրանք լինելու են ոչ ընդդեմ ՆԱՏՕ-ի, այլ լրացնելու են այդ կառույցը և ամենակարևորը, կոչված են լինելու ապացուցել աշխարհին, որ եվրոպական երկրներն այլևս երբեք չեն պատերազմելու միմյանց հետ:

Այս թվացող իդիլիան, սակայն, խախտեց ոչ միայն Դոնալդ Թրամփը: РИА Новости գործակալության տեղեկացմամբ այս առիթով իր բացասական կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը, որը համարում է, որ Եվրոպայի անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց ԱՄՆ-ի, իսկ եվրոպական միասնությունը երբեք չի փոխարինի տրանսատլանտյանին:

Նոյեմբերի 14-ին իր երկրի նախագահի առաջարկին խիստ բացասական արձագանքեց Ֆրանսիայի՝ դե-ֆակտո երկրորդ քաղաքական ուժի՝ Ազգային միավորման ղեկավար Մարին Լը Փենը, հայտարարելով, որ բանակը հանդիսանում է ազգային պետության ինքնիշխանության տարր և չի կարող լինել ազգամիջյան միավորման հիմք:

Պարզ է, որ Եվրոպան փոխվում է: Երկու գերտերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ասես բալաստ են դարձել հին մայրցամաքի զարգացման ճանապարհին և Մաքրոն-Մերկել զույգն արդեն երկար ժամանակ է, ինչ ստանձնել է այդ բալաստից «Եվրոպայի ազատագրման» առաջամարտիկի դերը: Այլ բան է, թե որքանով դա կհաջողվի, հաշվի առնելով ոչ միայն ԱՄՆ և ՌԴ (բնական է) դիմադրությունը:

Չմոռանանք, որ եվրոպական երկրները, այդ թվում առաջին հերթին Ֆրանսիան և հատկապես Գերմանիան ողողված են ներգաղթյալներով: Դժվար չէ պատկերացնել, թե մեկ-երկու տասնամյակ հետո ովքե՞ր են գերակշռելու այդ համաեվրոպական բանակում: Այդ զանգվածի համար, որը հավակնում է ապագայում դառնալ նոր եվրոպական հանրություն, եվրոպական արժեքներն ու համերաշխությունը դժվար, թե առաջնային լինեն: Հավանաբար, դա էր ակնարկում ազգայնական Մարին Լը Պենը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ