Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Համահայկական խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

am
hamahaykakan-xaxeri-masnakicnern-aycelecin-cicernakaberd

Աշխարհի 35 երկրից ավելի քան 5000 հայ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Համահայկական խաղերի շրջանակում Ծիծեռնակաբերդ այցելություն կազմակերպվել է նաև նախորդ տարիներին: Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր պատմությունը և գոնե մեկ անգամ լինի Հայոց ցեղասպանության թանգարանում.

«Համահայկական խաղերի շրջանակում մենք միշտ կազմակերպում ենք այս միջոցառումը:

Ազատ օրը սկսում ենք Ծիծեռնակաբերդ այցելությամբ: Այսօր ևս բոլոր պատվիրակություններն այստեղ են:

Խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները: Իրենք պետք է տեսնեն ամեն ինչ, լինեն թանգարանում: Գրքերում կարդալն այլ բան է, իսկ թանգարանում իրական պատկերները տեսնելը՝ այլ: Ամեն հայ պետք է շատ լավ իմանա իր պատմությունը, հատկապես պատմության այս էջը: Այս հուշահամալիրը սերունդներին պետք է ոգու ամրություն տա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իշխան Զաքարյանը:

Կիպրոսի պատվիրակության ներկայացուցիչ Անդրանիկ Աշչյանն ընդգծում է, որ այս այցելությունը շատ կարևոր խորհուրդ ունի.

«Մեր պատվիրակության անդամների մի մասը նախկինում եղել է Ծիծեռնակաբերդում, մյուս մասի համար սա առաջին այցն է: Այստեղ բոլորին համախմբելու խորհուրդը շատ կարևոր է: Մեզ համար այստեղ գալը մեծ կարևորություն ունի»:

«Մեր պատվիրակությունում կան 6-77 տարեկան մասնակիցներ. բոլորն այստեղ են: Ազգային տուրք ենք տալիս՝ այցելելով Ծիծեռնակաբերդ»,- ասում է Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ, Վիեննայի պատվիրականության պատասխանատու Սեպուհ Բաղդոյանը և հավելում, որ այս տարի Համահայկական խաղերի բացման արարողությունն ու մրցումային առաջին օրերն Արցախում անցկացնելը նոր թափ են հաղորդել խաղերին.

«Արցախը մեզ համար եզակի երևույթ է, իսկ Համահայկական խաղերն այնտեղ անցկացնելը նոր թափ է հաղորդում խաղերին: Նախկին խաղերը միացրել էին Սփյուռքն և Հայաստան, իսկ Արցախն ամբողջացրեց ամենը; Այժմ ամբողջական ենք, հանգիստ ենք զգում մեզ և առանց խղճի խայթի: Արցախում մեզ հրաշալի ընդունեցին: Հպարտ ենք և երախտապարտ»:

«Սիփան» միության կողմից Համահայկական խաղերին մասնակցող վոլեյբոլիստուհի Փաուլինան նշում է, որ նման այցերը և խաղերին մասնակցությունն իրեն անմոռանալի հիշողություններ են պարգևում.

«Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք և աշխարհի բոլոր հայերով հավաքված ենք: Ես իսկապես հպարտանում եմ իմ հայ լինելով: Ինձ համար այս օրերն անմոռանալի են. այնպես լավ է, երբ փողոցում քայլում ես և շուրջբոլորդ հայեր են»:

Համահայկական խաղերում օգոստոսի 13-ը հանգստի օր է. պատվիրակությունները Ծիծեռնակաբերդից ուղևորվելու էին Գառնի և Գեղարդ:

7-րդ Համահայկական խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։

Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկներով։ Այս տարի մասնակցում է 3 նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Չեխիա։

Աղբյուր` Armsport.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ