Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Համախմբվել ու խառնել թշնամու խաղաքարտերը

hamaxmbvelou-e-xarnelou-tsnamou-xaxaqartere

  Տակավին վերջերս մեկնաբանելով Արցախի ներկա և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազին՝ թույլ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մասնակցել Եռատոնին նվիրված միջոցառումներին, ես հույս էի հայտնել, որ կգա մի ժամանակ, երբ հայկական երկու պետությունների բոլոր ղեկավարները կանգնած կլինեն կողք կողքի՝ խորհրդանշելով հայ ազգի միասնականությունը:

  Ընդամենը մի քանի օր հետո ականատես եղանք այդ միասնականությունը՝ ավաղ, ոչ թե մեր փառապանծ հաղթանակները նշելու կապակցությամբ, այլ դատարանի դահլիճում: Այն, ինչ կատարվեց երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ժամանակ, նման էր մղձավանջային երազի: Հաղթանակած Արցախի երկու նախագահները, անտեսելով շատ և շատ նուրբ հանգամանքներ, ժամանել էին Մայր Հայրենիք, այդ Մայր Հայրենիքի երկրորդ նախագահին և իրենց մարտական ընկերոջը աջակցություն ցուցաբերելու համար:

       Դժվար է առանց զգացմունքայնության մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, սակայն փորձեմ դա անել: Ավելի լավ նվեր թշնամուն, քան մեր հերոսների՝ դատարանի դահլիճում գտնվելը, թշնամուն մատուցել հնարավոր չէ: Սա չհասկանալու համար պետք է լինել կամ սակավամիտ, կամ դավաճան: Ինչպես նաև այն, որ կորցնելով Արցախը, մենք կկորցնենք նաև Հայաստանը՝ սա ասում եմ հատուկ այն դավաճանների համար, որոնք շարունակում են խաղարկել ղարաբաղցի-հայաստանցի խաղաքարտը: Այն, ինչ տարիներ շարունակ պնդում էր թշնամին, այսօր մենք հաստատում ենք մեր անմիտ գործողություններով: Ստացվում է, ճիշտ էին «ոխերիմները», երբ միջազգային բոլոր հարթակներում իրենց ճղում էին, թե մեր փառապանծ հաղթանակները կերտողները ոչ թե պատերազմի հերոսներ, այլ հանցագործներ և մարդասպաններ են: Ստացվում է նաև, որ ճիշտ էր մինչև ողն ու ծուծը ԿԳԲ-ական հայր Ալիևը, երբ ժամանակին հորդորում էր իր ցեղակիցներին. «Մի քիչ համբերեք, և հայերը իրենք իրենց ձեռքով կվերադարձնեն այն, ինչ խլել են մեզնից»:  

  Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը ինքը խճճվել է ներսի և, հատկապես, դրսի ճնշումների տակ և չի պատկերացնում իր հետագա անելիքը: Տպավորություն է, որ ինչ-որ բան այնպես չգնաց աշխարհաքաղաքական հզոր ուժերի կողմից կատարած հաշվարկներում և գծագրած սխեմաներում և հիմա խուճապահար պահեստային տարբերակներ են մշակվում: Որքան էլ պարադոքսալ հնչի, այս շիլան եփողների համար իդեալական տարբերակ կլիներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելը և նրան երկիրը լքելու հնարավրություն տալը: Երկրորդ նախագահը, սակայն, հասկացրեց, որ նման բան երբեք չի անի:

    Չեմ դադարելու կրկնել՝ չկա այնպիսի, թեկուզ ամենավեհ գաղափար, հանուն որի կարդարացվեն պետության անվտանգության հիմքերի սասանումը, և, Աստված մի արասցե, անկախության կորուստը: Իսկ դրանից խուսափելու համար համախմբվել է պետք: Հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Մենք մի ազգ ենք, մեր երակներով նույն արյունն է հոսում:

   Վերջին օրերի իրադարձությունները, կարծեք թե, վերահաստատում են, որ ամենադժվար պահերին հայ ազգը սովորություն ունի համախմբվելու և խառնելու թշնամու խաղաքարտերը: Հիմա այդ պահն է: Եվ միգուցե վերջին հնարավորությունը՝ խուսափելու աղետից, որը փորձում են բերել մեր ազգի գլխին:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ