Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակին

am ru
harganqi-tourq-hayrenakan-mec-paterazmi-nahatakneri-hisatakin

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի նախաձեռնությամբ Հաղթանակի զբոսայգում՝ Անմար կրակի շուրջ, այսօր տեղի ունեցավ հիշատակի ֆլեշ-մոբ, որի մասնակից մի քանի տասնյակ երիտասարդներ այս կերպ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում նահատակվածների հիշատակին: Ակցիայի մասնակիցներն առանձնահատուկ հիշատակեցին նաև բոլոր այն հայորդիներին, որոնք մասնակցել են պատերազմին և իրենց ավանդը ներդրել ֆաշիզմի դեմ պայքարում:

 

Ֆլեշ-մոբի մասնակիցները ծաղիկներ և մոմեր դրեցին Անմար կրակի մոտ՝ խորհրդանշական շրջան կազմելով, որը խորհրդանշում է, որ միայն միասնական պայքարը հնարավոր դարձրեց արյան գնով հասնել հաղթանակի: Երիտասարդներից շատերը կիսվեցին նաև իրենց ազգականների, հեռու-մոտիկ բարեկամների պատմություններով, ովքեր անցել են պատերազմը, իսկ ոմանք նաև չեն վերադարձել կռվի դաշտից:

 

Իր խոսքում «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ մեզանում ավանդաբար նշվում է մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հունիսի 22-ը, քանի որ 1941 թվականի հենց այդ օրը ֆաշիստական Գերմանիան որոշում կայացրեց հարձակվել Խորհրդային Միության վրա.

 

«Հայրենական մեծ պատերազմը հնարավոր չէ զուգահեռել պատմության որևէ այլ էջի հետ: Հայ ազգը մեծ ներդրում է ունեցել 1941-1945թթ. պատերազմում, ու, ցավոք, ոչ բոլոր մեր հայրենակիցներն են վերադարձել հայրենի օջախ: Սակայն հայերի մասնակցությունն իսկապես անգնահատելի է»,- ասաց Ղուկասյանը:

 

Նա հավելեց, որ նման միջոցառումները կարևոր են նաև այն իմաստով, որ այսօր կոնկրետ պետությունների ու անձերի կողմից հետևողական աշխատանք է տարվում մոռացության տալ ՀՄՊ-ում ԽՍՀՄ մասնակցության փաստը ու այն ծանրակշիռ դերակատարումը, որ Խորհրդային Միության երկրները, այդ թվում և Սովետական Հայաստանն ունեցել են մեծ հաղթանակում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ