Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հարված Իրանի թիկունքին. ի՞նչ կձեռնարկի Թեհրանը

harvac-irani-tikounqin-inc-kcernarki-tehrane

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանում էր Պենտագոնի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Լաուրա Կուպերի գլխավորությամբ: Ամերիկացի պաշտոնյան, նախ, բանակցություններ է վարել Ադրբեջանի պաշտպանության նախարարի, ապա՝ նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քննարկվել են ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: Հատկապես, ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել՝ մեծացնելու ամերիկյան ռազմաուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցի սպաների քանակը:

Պաշտոնական տեղեկատվությունը հիմնական շեշտը դրել է Աֆղանստանում ամերիկյան առաքելությանը պաշտոնական Բաքվի ցուցաբերած աջակցությունը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի կողմից բարձր գնահատվելու հանգամանքի եւ հետագայում համագործակցությունը շարունակելու՝ կողմերի մտադրության վրա: Ենթատեքստում դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում ամերիկյան ռազմական եւ այլ նախաձեռնություններին: Այս իմաստով հարկ է նկատի ունենալ, որ Պենտագոնի պատվիրակությունը Բաքու է այցելում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հարավային Կովկաս այցից հետո, ինչից կարելի է հասկանալ, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ալիեւ-Բոլթոն բանակցությունների արդյունքում:

Իսկ դրանից իր հերթին հետեւում է, որ Ադրբեջանը պատրաստակամորեն է արձագանքել Իրանի դեմ ,,զսպիչ գործողություններին,, միանալու՝ Վաշինգտոնից արված առաջարկությանը: Հակառակ դեպքում Պենտագոնի պատվիրակություն չէր այցելի Բաքու եւ չէր քննարկի ռազմական համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր: Եթե փակագծերը բացենք, ապա կունենանք բավական պարզ պատկեր՝ Ադրբեջանը միանում է ԱՄՆ հակաիրանական նախաձեռնություններին եւ պատրաստ է իր ռազմական ենթակառուցվածքներն ու լոգիստիկ հնարավորությունները բացել ամերիկյան կողմի առջեւ: Դա բացահայտ մարտահրավեր է Իրանին, որը չի կարող անտեսվել Թեհրանի կողմից: Ադրբեջանական մամուլում վերստին աշխուժացել է այսպես կոչված ,,պարսկական ազգայնականության,, եւ Հարավային Ադրբեջանի թեման:

Դա չի կարելի պատահականություն կամ առանձին լրատվամիջոցների նախաձեռնություն համարել: Ադրբեջանում մամուլը, նույնիսկ սոցիալական ցանցերն են վերահսկվում պատկան մարմինների կողմից, եւ նման նուրբ թեմաները չեն կարող փորձագիտական վերլուծությունների առարկա դառնալ, եթե չլինի համապատասխան քաղաքական հրահանգավորում: Պաշտոնական Բաքուն հետեւողականորեն տեղեկատվական ֆոն է ձեւավորում նաեւ Իրանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ:

Օրերս մամուլում հրապարակվել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը, որտեղ ասված էր, որ Ջալիլաբադի հատվածում ,,սահմանապահ ուժերի եւ սահմանախախտների միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն,,: Արդյունքում, ըստ նույն աղբյուրի, սպանվել է սահմանախախտներից մեկը, մյուսին հաջողվել է թաքնվել է ,,իրանական տարածքում,,: Տեղեկատվությունն, այսպիսով, կառուցված էր հայտնի սխեմայով՝ իրանական կողմից Ադրբեջանի սահմանը խախտելու փորձ է արվել, սահմանապահ ուժերը հավաստանշել են սահմանախախտներին, վերջիններս կրակ են բացել, պատասխան գործողությունների արդյունքում ԻԻՀ քաղաքացի է սպանվել:

Իրանի շուրջ իրավիճակի համատեքստում այս կարգի տեղեկատվական արտահոսքերը մի նպատակ են հետապնդում՝ տպավորություն ստեղծել, որ անկայունություն կարող է ստեղծվել իրանա-ադրբեջանական սահմանում: Եւ նման հեռանկարը բացառելու համար Ադրբեջանը կարող է դիմել կանխարգելիչ քայլերի: Նկատի ունենալով հանգամանքը, որ Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով, Իրանն է ապահովում Նախիջեւանի գազամատակարարումը, պաշտոնական Բաքուն չի գնա Իրանի հետ սահմանային անցակետերը ակելու քայլին:

Բայց դրանից չի հետեւում, թե Ադրբեջանը չի փորձելու առավելագույն շահ քաղել Իրան-ԱՄՆ դիմակայությունից: Պենտագոնի պատվիրակության այցը եւ քննարկված հարցերի շրջանակը թույլ են տալիս եզրակացնել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում ուրվագծվում են համագործակցության հեռանկարներ՝ հիմնականում թիրախ ունենալով իրանական ուղղությունը: Հակաքայլերի ի՞նչ զինզնոց ունի Թեհրանը: Հնարավո՞ր է, որ Իրանն անցնի կոշտ քայլերի՝ իր հերթին փորձելով որոշակի ապակայունություն ստեղծել Ադրբեջանի հարավային՝ հիմնականում թալիշաբնակ շրջաններում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ