Հասկնալով, որ հայ եմ, Բիթլիսեն կուգամ, սկսա գրել. Վիլյամ Սարոյան

am es
hasknalov--or-hay-em--bitlisen-kougam--sksa-grel-vilyam-saroyan

_ Երբ մեջս առաջին անգամ գրելու պահանջ զգացի, ուզեցի պարզել, թե ուսկի՞ց կուգամ, ո՞վ եմ, ի՞նչ կուզեմ ըսել: Դեռ այն ատեն հասկցա, որ մինչև չիմանամ՝ ով եմ, չեմ կրնար գրել: Ու հասկնալով, որ հայ եմ, Բիթլիսեն կուգամ, զավակն եմ Արմենակ ու Թագուհի Սարոյաններու, սկսա գրել:


Իրեն կրկնել չսիրելով հանդերձ՝ մի քանի անգամ կրկնեց դեպի ծնողների՝ Արմենակ ու Թագուհի Սարոյանների ծննդավայր Բիթլիսը կատարած իր ուղևորության մասին:


_ Երբ Պոլիս հասա, թուրք գրողներ հարցուցին ինձի՝ ու՞ր կուզես երթալ: Ըսի՝ միայն Բիթլիս: Դժվար է, ըսին, օտարներուն այդ կողմեր չեն թողուր, բայց բան մը կընենք, որ երթաս: Բան մը ըրին, ու գացի... Քաղաք ավերակ էր, միայն բերդ կանգուն էր: Քուրդ մը կար՝ ութսունն անց, հորս հիշեց, ճանչցավ... Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց: Տուն ավերակ էր, բայց օջախ կար... Հետս մարդիկ կային՝ քուրդեր, թուրքեր, ըսի՝ դուք գացեք, կուզեմ մինակ մնալ...


Ու մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ: Ինչքա՞ն է մնացել, ի՞նչ է խորհել, ի՞նչ է զգացել... Ի՞նչ իմանաս...
Հայրենի ավերակված տունը: Այդ տան քարե պատերի մեջ դարեր շարունակ ապրած խիղճը, բարությունը, առաքինությունը առած, ծովեր, օվկիանոսներ կտրելով, դարասկզբին Ամերիկա է հասել գրողի հայրը՝ Արմենակ Սարոյանը:


_ Իմ հայր բանաստեղծ էր,_ ասում է Վիլյամ Սարոյանը:_ Ես անոր չեմ հիշեր, չորս տարու մանչ էի, երբ մեռավ: Երբ մեծցա ու պատկերին նայեցա՝ բանաստեղծ էր: Մայրս անոր գրություններ տվավ ինձի: Հայերեն գիրեր չէի կրնար կարդալ, երկար, շատ երկար այդ գիրերուն նայեցա՝ բանաստեղծ էր: Մայրս կպատմեր. օր մը տունը ոչ ալյուր կար, ոչ բրինձ, ոչ յուղ: Վաթսունվեց սենթ դրամ կար: Հայրս կառնե այդ դրամ, կերթա, որ քիչ մը ալյուր, քիչ մը բրինձ, քիչ մը յուղ բերե: Կերթա, իրիկուն կըլլա, կուգա տուն, ոչ ալյուր է բերեր, ոչ բրինձ, ոչ յուղ:
_ Ի՞նչ ըրիր դրամ,_ կհարցնե մայրս:
_Մարդ մը տեսա,_ կըսե,_ ձեռք պարզել էր ինձի. տվի անոր:
_ Է, վեց սենթ տայիր, տաս սենթ տայիր, տասնվեց սենթ տայիր, ինչու՞ բոլոր տվիր:
_ Ի՞նչ գիտնամ, բոլոր տվի...
_ Հոգ մի ընեք,_ կըսե մայրս,_ տանը մեջ քիչ մը ալյուր, քիչ մը բրինձ, քիչ մը յուղ կգտնեմ:


Բիթլիսի այն ավերակված տան մեջ դարեր շարունակ ապրած այն խիղճը, բարությունը և առաքինությունը չէ՞ր, որ պանդխտել ու ծվարել էր ամերիկյան այդ հարկի տակ՝ Սարոյանին դարձնելով իր օրինական ժառանգորդը:
Մի տեղ Սարոյանը գրել է. «Հաճելի է տեսնել շռայլ մարդուն, որը բաժանելու բան ունի: Իսկ երբ շռայլ մարդը բաժանելու ոչինչ չունի, երևի աշխարհի ամենադժբախտ մարդն է»: Վաթսունվեց սենթը դնելով իրեն պարզված ձեռքի մեջ՝ Արմենակ Սարոյանը երևի իրեն այդ օրը երջանիկ, շա՜տ երջանիկ է զգացել... Եվ մանուկ Վիլյամն իր հերթին մորից լսելով այդ պատմությունը՝ երևի իրեն երջանիկ, շա՜տ երջանիկ է զգացել...

Ահա հայկական այդ հարկի  տակ, հայկական նահապետական առաքինության այդ մթնոլորտում է ձևավորվել Սարոյանը, այնտեղ են նրա փիլիսփայության ակունքները: Սարոյանի լավագույն գործերից մեկում՝ «Մարդկային կատակերգության» մեջ, որ մեծ մասամբ ինքնակենսագրական բնույթ ունի, մայրն ահա այսպիսի խորհուրդ է տալիս մանուկ որդուն. «Հիշի՛ր, դու միշտ պիտի քո ամբողջ ունեցածը կիսես ուրիշների հետ: Պիտի տաս նույնիսկ այն դեպքում, երբ վատնելն անմտություն է: Տաս բոլորին, ում կհանդիպես կյանքում: Այդ դեպքում ոչ ոք չի կարող քեզ կողոպտել, որովհետև եթե դու ինքդ ես տալիս գողին, նա քեզանից չի գողանա և գող լինելուց կդադարի: Եվ որքան շատ տաս, այնքան շատ կմնա քեզ»:


Այն վաթսունվեց սենթի գեղեցիկ պատմությունից, արևելյան իմաստությունից եկող կենսափիլիսոփայություն է սա, որով ներթափանցված է Սարոյան մարդը:


_ Մինչև 42 տարեկանս չորս միլիոնեն ավելի դրամ շահած էի, բայց դրամ չունեի... Մայրս կըսեր՝ Վիլյամ գդալ-գդալ կժողվե, շերեփ-շերեփ կցփնե: Բայց չկարծես, թե այդ ամբողջ դրամ միայն անօգուտ ցփնած եմ: Թեև չեմ սիրեր այդ մասին խոսել, բայց պիտի ըսեմ, որ բարի գործերու համար շատ տված եմ:


Այդ կենսափիլիսոփայությամբ է ներթափանցված Սարոյան գրողը:
Հիրավի, մի՞թե այդ վաթսունվեց սենթի պատմությունը չէր կարող «Իմ սիրտը լեռներում է» պիեսի տեսարաններից մեկը լինել...

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ «Բարի հսկան»
 

Լրահոս

Նմանատիպ նորություններ