Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

«Հաշված մարդիկ են մնացե մատների վրա, օր ալամ աշխարհի չեմպիոն չեն դառե». գյումրեցիների չեմպիոնական մղումները

hasvac-mardik-en-mnace-matneri-vra--or-alam-asxarhi-cempion-cen-dare-gyoumrecineri-cempionakan-mxoumnere

Երկու օր է`համացանցը ողողված է գյումրեցիների մարզական լրաջույն նվաճումների մասին պատմող տեսանյութերով, լուսանկարներով և լրատվական նորություններով: Հիշատակենք ամենաթարմը` աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արդեն նաև Եվրոպական խաղերի հաղթող է: Նա հունիսի 30-ին Մինսկում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության է հասել բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվել է 5:0 հաշվով:

Գյումրիում մարզիկների ամեն մի հաջողությանը ուշի ուշով հետևում են  մեծից փոքր, հետո երկար քննարկում, հետո դհոլ-զուռնայով ու ֆայտոնով դիմավորում չեմպիոններին և պատրաստվում հաջորդ նման արարողությունը:  Հայրաքաղաքում սա ապրելակերպ է:

Շիրակցիների, գյումրեցիների չեմպիոնական մղումները մի տեսակ թասիբի նման մի բան են դարձնել: Այս թեմայով նույնիսկ լավագույն հումորներ են պտտվում: «Կատակում եմ գյումրեցիները» ֆեյսբուքյան նախաձեռնության հիմնադիր Արսեն Վարդանյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ կիսվում է այս թեմայով ամենահայտնի հումորով. «Մարդիկ ամեն առավոտ բարի լույսին կեշտան, կլվացվին, կնախաճաշեն, նոր կեշտան գործի, մենք կեշտանք սկզբից չեմպիոն կդառնանաք, հետո կնախաճաշենքը, հետո կեշտանք գործի»:

 

 

Արսենը նկատում է, որ սկզբնական շրջանում այս հումորներն այդքան էլ տեղին չէին ընդունվում. «Նախկինում ինձ թարսուշիտակ կնայեին, բայց էս վերջերս արդեն քոմենթներով և այլն, հաճախ կարելի է ասել` ծո, դե, իրոք, էլի հաշված մարդիկ են մնացե մատների վրա,  օր  ալամ աշխարհի չեմպիոն չեն դառե և ամեն մարդ իր վրա կվերցնե  այդ մոտեցումը, որ բոլորը դարձան, ինքը չդարձավ, հբը, ես ի՞նչ մե լավ բանմ էնեմ, ինչով աչքի ընկնիմ` ոչ միայն Գյումրին, այլև Հայաստանի կերպարը և մեր կյանքը լավը դարձնելու մոտեցումներից մեկն է այս ամենը: Մեզի դուր գուկա օր մենք կեցած տեղը չեմպիոն կդառնանք››:

Այն հանգամանքը, որ  ամբողջ մարզն ու քաղաքն է ցնծում մեր չեմպիոնների հաղթանակներով, Արսենը դա շնորհակալության յուրօրինակ ձևով է բացատրում. «Իհարկե, հաջողություններն անձնապես իրենցն են, բայց կոնկրետ մեր մարզի, մեր քաղաքի մարզիկները դրանով ցույց են տալիս իրենց սերը, հարգանքը, այն, ինչն էս քաղաքը իրենց տվել է, դա էն ընկերական շրջապատի մոտեցումն է, որ մարզիկները միշտ ցանկացել են դրականը փոխանցել էս քաղաքին ու իրենց  երկրի բնակչությանը: Եվ սա պարզապես չնչին շնորհակալությունն է, էդ ուրախությունը, որը կարող ենք անել մեր մարզիկներին մեծարելու միջոցով»:

Արսեն Վարդանյանը նաև Շիրակի մարզի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնի համակարգողն է: Արսենը մարզի, քաղաքի բրենդավորման գործընթացում շատ է օգտագործում մարզական նվաճումների ու չեմպիոնների առկայության փաստը, սա ևս մի յուրօրինակ ձև է` մարզն էլ ավելի ճանաչելի դարձնելու առումով:

«Մարզիկների չեմպիոնական դրսևորումներն արդեն դարձել են հանրային արժեք և այս պարագայում մարդիկ Գյումրին ասոցացնում են ոչ միայն ավանդական կերակրատեսակների, ճարտարապետության, այլ  արհեստավորների, վարպետների և չեմպիոնների հետ: Իհարկե, բավական լուրջ հետաքրքրություն ու հոսք կա հայտնի մարզիկների առումով, մեծ թվով մարդիկ առավոտից իրիկուն ցանկություն են հայտնում, որ հնարավորություն ստեղծվի հանդիպել այս կամ այն  հայտնի մարզիկի հետ: Անուններ չտանք, որպեսզի մեկին չասենք, մյուսին մոռանանք, խայտառակ լինենք»,- նշում է մեր զրուցակիցը:

Շատ հետաքրքիր է, որ Գյումրի եկած հյուրերի մեծամասնությունը փաստում է, որ հենց այս քաղաքն էլ պիտի չեմպիոն տա. եթե ոչ Գյումրին, բա էլ ո՞ր քաղաքը: Իհարկե, այս տողերն ընթերցելիս հեղինակիս էլի կքննադատեն ու կասեն, որ գլուխգովանություն եմ արել, բայց ինչպես կասի գյումրեցին` «գլուխ ունինք` կգովանք»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ