Հատված Օտյանի «Ընկեր Փանջունի» վեպից

am
hatvac-otyani-enker-panjouni-vepic

Կենսագրական նոթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին

Կյանք մը, որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործողության ամեննեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը: Ուստի ապագա կենսագիրներու թողլով Ընկ. Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքան դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր` ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ` ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ:

Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնված է 1875թ. – ին: Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով: Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն` ընկեր Փանջունիի ունայնությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին: Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանարելով:

Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ալ բերանը դյուրավ չէ գոցած: Քանի կը մեծնար, այնքան կաճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան, որ խեղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար: Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.

-Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի:

-Բայց տանը մեջ ալ դիմացվելիք բան չէ:

- Բամպակ թխեցեք ականջնիդ, աս է միակ միջոցը, - պատասխանեց բժիշկը:

Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:

Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.

-Ծո, ինչ ես ըրեր անոթը:

- Շինեցի հայրիկ, - կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:

-Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:

-Չէ, հայրիկ, շինեցի,- կը պնդե տղան:

Ի զուր հայրը երկար-բարակ կը բացատրե թե` երբ առարկա մը գետին նետելով կտոր-կտոր կընենք, այդ գործողությունը շինել բառով չի բացատրվիր այլ կոտրել: Անկարելի եղավ բառագիտական այդ նրբությունը հասկցնել Փանջունիի, որ շարունակեց տանը մեջ գտնված գավաթները, պնակները, շիշերը կոտրտել և ամեն անգամ որ «Ինչ կընես կոր» ըսելով զինքը կը հանդիմանեին ավդրդվելի ու անխռով կը պատասխաներ.

-Կը շինեմ կոր:

Դպրոցին մեջ Փանջունի ընկերներուն հետ վիճելով ու ճառ խոսելով ժամանակ կանցըներ, իսկ դասերուն բնավ չէր հետևեր, չհավնելով կամ դասատուին, կամ դասագրքին, կամ դասարանին և կամ տետրակին ու գրչի ծայրին:

Օր մը թվաբանության խնդրի մը մասին վեճ ունեցավ իր դասընկերներեն մեկուն հետ:

- Հինգ անգամ հինգ` քսանհինգ կընե, - կըսեր ընկերը, որ ողջամիտ տղա մըն էր և որ հետո հարուստ վաշխառու մը եղավ:

- Չէ, - կը համառեր Փանջունի, - հինգ անգամ հինգ` հիսուն կընե:

-Ոչ, քսանհինգ կընե:

-Հիսուն կընե:

Մյուսը տեսնելով թե դժվար, - ինչ կըսեմ անկարելի է, - խոսք հասկցնել Փանջունիի և չուզելով անօգուտ կռվի մը տեղի տալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.

- Լավ, ես թող այնպես գիտնամ թե` քսանհինգ կընե, դուն ալ այնպես գիտցիր թե` հիսուն կընե, ու ալ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք:

- Չըլլար, - պնդեց Փանջունի, - պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կընե:

-Այդ անկարելի է:

Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ, - շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքվելով:

- Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել, - մռնչեց Փանջունի, - առ քեզի համոզիչ ապացույց մը:

Եվ գետնեն քար մը առնելով իջեցուց խոսակցին գլխուն:

Գլուխը վիրավորվեցավ թեթևապես, բայց տղան կրկին համոզում չգոյացավ թե` հինգ անգամ հինգ կրնա հիսուն ընել, և լալով գնաց բողոքելու վարժապետին:

Վարժապետին իսկույն կանչեց Փանջունին և`

- Ինչու ընկերոջդ գլուխը պատռեցիր, - գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին` «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»:

- Զինքը համոզելու համար, - պատասխանեց ապագա պրոփականտիստը հանդիսավորապես:

Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.

-Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…

Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ:

* * *

Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց: Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր: Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած` պահանջելով իր ժառանգության բաժինը: Եղբայրը առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ:

Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը: Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնացան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով` ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար:

Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ» - ի տպավորության տակ` իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ:

Փանջունի տեսավ, որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինքը փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը: Այս երկու տեսողությունները իրար մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերավարությունը:

Այն ատեն ըմբռնեց թե ինչ դժոխային անարդարություն էր քափիթալիզմը, և թե ինչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում: Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»-ը հնչած էր իր մտքին մեջ:

Ընկերվարական էր:

Ու ալ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտըվնե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կորոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել իրեն, միամիտները ապշահար կնային այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով` կերթային իրենց գործին:

Իսկ ան կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր:

Խեղճ եղբայրը շվարած շլմորած` չէր գիտեր ինչպես ազատիլ այս փորձանքեն:

Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.

-Եղբայր, բան մը մտածեցի:

-Զարմանալի բան, - պատասխանեց մեր հերոսը:

- Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս, - հարցուց մյուսը շփոթած:

Զարմանալի է, որ բան մը կրցած ես մտածել, - ըսավ Փանջունի, - որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք: Փանջունի այսպես սիրուն խոսքեր շատ ուներ և եղբայրը վարժված էր անոնց, ուստի առանց բարկանալու իր խոսքը շարունակեց.

- Մտածեցի, որ փոխանակ հոս պարապ ժամանակ անցընելու, քեզ Մարսիլիա վաճառականական դպրոցը ղրկեմ, ուր երեք տարի մնալով կրնաս վկայականդ առնել և հոս վերադառնալ, ուր միասին կը շարունակենք իմ գործս:

Եվրոպայի մեջ ուսանող ըլլալու գաղափարը ժպտեցավ Փանջունիի, որ անմիջապես պատասխանեց.

-Շատ լավ գաղափար է, և սիրով կընդունիմ:

Ամիս մը վերջը Փանջունի երկու ձեռքը մեյ մեկ պայուսակ ժոլիեթի քարափը կը դներ ոտքը:

Շաբաթ մը մնաց Մարսիլիո մեջ, վաճառականական դպրոցը այցելեց, ծրագիրը աչքե անցուց, գործին չեկավ ու շոգեկառք նստելով գնաց Ժընև, ուր արձանագրվեցավ իբրև սոցիալ գիտություններու ազատ ուսանող:

Լրահոս

Նմանատիպ նորություններ