Հավսա~ր, զգա'ստ՝ ուղղությունը դեպի Մոսկվա

havsar--zgast-ouxxoutyoune-depi-moskva

Ամանորին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, որտեղ հատուկ շեշտադրվում էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները մոտ են ռազմավարական համագործակցության մակարդակին: ՌԴ նախագահը հույս էր հայտնում, որ 2019 թվականին այդ դինամիկան կպահպանվի եւ ավելի կխորանա՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ: Տարեվերջին ադրբեջանական մամուլում արտահոսք եղավ, որ կողմերը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության նոր փաստաթղթի նախագիծը, որով նախատեսվում է առաջիկա հինգ տարում ռուսական սպառազինությունների նոր խմբաքանակի վաճառք Ադրբեջանին: Ըստ երեւույթին, նման քննարկումներ, իրոք, ընթանում են:

Ռուս վերլուծաբանները չեն դադարում պնդել, որ Մոսկվայի համար Ադրբեջանը տարածաշրջանային կարեւոր գործընկեր է, եւ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի պահպանի այդ երկրում ազդեցության լծակները եւ ձեռք բերի նորերը: Այդ համատեքստում կարեւորվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեղեկատվական ֆոնը, որի ձեւավորմանը մեծապես նպաստում են Կրեմլի հովանու ներքո գործող լրագրողները եւ քաղտեխնոլոգները:

Մասնավորապես, դա արտահայտվեց ոչ անհայտ Դմիտրի Կիսելյովի ամանորյա ֆեյսբուքյան գրառումներով: Կրեմլի հավատարիմ գաղափարախոսն այս անգամ գովազդում էր ադրբեջանական Շահդաղ լեռնադահուկային առողջարանը, որտեղ անցկացրել է տոները եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներին հորդորում բաց չթողնել առիթը՝ հիանալու <<աշխարհի լավագույն լեռնադահուկային առողջարանով>>:

Ֆոնը՝ ֆոն, բայց տարեսկզբից նաեւ տեղեկություն է տարածվել, որ Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ռուս եւ ադրբեջանցի խորհրդարանականների խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, պայմանավորվածություն ձեռք է բերվել թուրքական Անթալիայում եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդաժողովի շրջանակներում ՌԴ պետդումայի եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահներ Վոլոդինի եւ Ասադովի հանդիպմանը: Պետք է նկատի ունենալ, որ մինչ այդ ՌԴ պետդումայի խոսնակը պաշտոնական այցով եղել էր Բաքվում:

Ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամական խմբի ռուսաստանցի համանախագահ Սավելեւը, որը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում, ռուսական եւ ադրբեջանական մեդիա-տարածքներում հայտնվում է բավական հաճախակի եւ մանավանդ Լեռնային Ղարաբաղի հարցով անում պաշտոնական Բաքվի տեսակետներին չափազանց մոտ հայտարարություններ:

Երեւում է, սակայն, որ կողմերին միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակն անբավարար է թվում: Ինչպես ՌԴ պետդումայի խոսնակն է ձեւակերպել՝ միջխորհրդարանական կապերը զգալիորեն զիջում են պետությունների ղեկավարների շփումների ինտենսիվությանը: Նպատակ է դրվել ավելի բարձր մակարդակի հասցնել միջխորհրդարանական կապերը: Ենթադրվում է, որ Մոսկվայում կայանալիք խորհրդաժողովի ավարտին կողմերը կստորագրեն միջխորհրդարանական համամգործակցության Բարձր կոմիտե ստեղծելու մասին համաձայնագիր:

Փորձագետների կարծիքով՝ այդ կոմիտեն արդեն կգլխավորեն համապատասխանաբար պետդումայի եւ Միլլի մեջլիսի փոխխոսնակները: Միջխորհրդարանական մակարդակում, այսպիսով, տեղի է ունենում ռուս-ադրբեջանական ավելի սերտ ինտեգրացիա: Դա կլինի հարթակ, որտեղ կքննարկվեն եվրասիական տարածքին Ադրբեջանի քաղաքակրթական ինտեգրման հետ կապված հարցեր:

Վստահաբար կարելի է ասել, որ խորհրդարանականների ձեւաչափով Ադրբեջանն արդեն իսկ ընտրություն կատարել է: Մնում է սպասել, թե գործնական քաղաքականության մեջ ինչ նոր դրսեւորումներ կլինեն ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ