Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հախվերդյանի խոսքում խտրականության տարրեր կան, ինչն անընդունելի է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

haxverdyani-xosqoum-xtrakanoutyan-tarrer-kan--incn-anendouneli-e-im-qayle-xmbakcoutyan-patgamavor

Օրերս երգահան Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։

Հախվերդյանի այս արտահայտությունը խիստ քննադատության արժանացավ հանրության շրջանում, իսկ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները դա որակեցին որպես խիստ խտրական ու ներքին թշնամանք հրահրող:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը խնդրի վերաբերյալ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի հետ:

-Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիներին ուղղած դատողություններում տեսնո՞ւմ եք իրավական և քաղաքական խնդիր: Արդյո՞ք հերթական անգամ քայլ չի արվում տարանջատում մտցնել Հայաստանի և Արցախի միջև:

-Կարծում եմ, պարոն Հախվերդյանի խոսքերի մեջ կան խտրականության տարրեր, և ցանկանում եմ շեշտել, որ այդ տարրերը արտահայտվում են ոչ միայն ղարաբաղցիների նկատմամբ, այլ նաև խտրականության այլ շերտեր կան: Առհասարակ, պարոն Հախվերդյանի խոսքը շատ սուր էր, թեև նա շատ անգամներ է արտահայտվել նման ոճով: Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, բնականաբար, նման լեզուն ընդունելի չէ, բայց նաև հասկանում եմ, որ պարոն Հախվերդյանը իր կարծիքն արտահայտելու և ազատ խոսքի իրավունք ունի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ նա սահմանը ճիշտ է պահել՝ խտրական խոսք օգտագործելու և իր կարծիքը արտահայտելու իրավունքի տեսանկյունից:

Ես խնդիր եմ տեսնում իր բառապաշարի, իր վերաբերմունքի մեջ, կարծում եմ, որ իր խոսքը խտրական է ոչ միայն արցախցիների նկատմամբ, այլ առհասարակ, թեկուզ կանանց իրավունքների տեսանկյունից: Նա, օրինակ, դատողություններ է անում կնոջ՝ տանը գտնվելու մասին, ինչն ակնհայտ խտրականություն է պարունակում:

-«Ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատումը թուրքական պրոպագանդայի թեզերից է, որը պարբերաբար փորձ է արվում ներարկել մեր հասարակության մեջ: Արդյո՞ք «ղարաբաղցիների» նկատմամբ նման արտահայտությունը դրա հերթական դրսևորումը չէ:

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես միավոր, թեև չի ճանաչվել Հայաստանի կողմից, սակայն մեր հանրային դիսկուրսում այդ ձևակերպումը եղել է, և նաև դրա հետևանքով է առաջացել ղարաբաղցի տերմինը: Եթե նույնիսկ նայենք այլ աշխարհագրական միավորների՝ ՀՀ մարզերի մասով, ևս կա այդ բաժանումը, ասում ենք լոռեցի, սյունեցի:

Ես խնդիր չեմ տեսնում ղարաբաղցի բառի օգտագործման մեջ՝ որպես հավաքական ինքնություն, նաև չեմ կարծում, թե դիտավորություն է եղել Հախվերդյանի մտքում՝ սեպ խրել Արցախի և Հայաստանի միջև: Այնուամենայնիվ, ինձ համար այդ ձևակերպումներն անընդունելի են ցանկացած ինքնության հանդեպ:

Մյուս կողմից, ես այն կարծիքին եմ, որ անհնար է մեկ հարցազրույցով կամ արտահայտությամբ հասարակության միջև տարանջատում առաջացնել: Իհարկե, արվեստի գործիչները կարծիք ձևավորող անձինք են, բայց անհնար է մեկ հարցարզույցի շրջանակում մարդկանց տրամադրել Արցախի կամ արցախցիների դեմ: «Սեպ խրելու» խնդիրը անդադար կրկնվող թեմա է հայկական որոշ քաղաքական դիսկուրսներում, բայց ես համոզված եմ, որ հասարակության լայն շերտերի համար այդ հարցազրույցը չի կարող արժեք ունենալ՝ իրենց վերաբերմունքը հայության մի մասի նկատմամբ փոխելու կամ թշնամություն առաջացնելու տեսանկյունից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ