Հայ հանրությունը պետք է հասկանա՝ Ադրբեջանի ընդդիմությունը մեր հանդեպ ավելի լավը չէ, քան իշխանությունը. ադրբեջանագետ

hay-hanroutyoune-petq-e-haskana-adrbejani-enddimoutyoune-mer-handep-aveli-lave-ce--qan-isxanoutyoune-adrbejanaget

«Բաքվում անցկացված ընդդիմադիրների ցույցը կարող ենք համարել ընդդիմադիր դաշտում մոբիլիզացիա հայտարարելու հերթական փորձը»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Բաքվում իրականացվող ցույցերին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ընդդիմադիրները ցույցեր են իրականացնում՝ պահանջելով քաղբանտարկյալներին ազատություն և իշխանափոխություն:

«Ընդհանուր առմամբ, ընդդիմությունը նոր առաջարկներով հանդես չի գալիս կամ նոր գաղափարախոսություն առաջ չի բերում, ուստի, սա կարելի է բնորոշել ընդդիմությանը մոբիլիզացնելու հերթական փորձ: Ադրբեջանի իշխանությունները շատ լավ հասկանում են դա, ինչից ելնելով էլ, ըստ իս, որոշակի քայլեր են ձեռնարկում, բայց ոչ շատ խիստ, որովհետև հասկանում են, որ երկրում առկա որոշակի անհանգստությունը, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը կարող են դրդել, որ այդ ցույցերն ավելի մարդաշատ դառնան»,- ընդգծեց ադրբեջանագետը:

Մեր զրուցակցի խոսքով, այս ցույցերը նաև որոշակիորեն տարբերվում են նախորդներից իրենց մարդաշատությամբ, բայց սա պայմանավորված է զուտ թեմատիկ բնույթով. «Եթե փորձենք այն համեմատել նման երկրներում անցկացված այլ ցույցերի հետ, ապա կտեսնենք, որ այստեղ դրանք տարբեր են: Իշխանությունը դա հասկանալով չի փորձում կտրուկ քայլերի դիմել, որովհետև հասկանում է, որ ընդդիմության ռեսուրսները սահմանափակ են: Միգուցե նաև բնական է, որ ընդդիմությունը պետք է երբեմն-երբեմն նման ցույցեր իրականացնի, որպեսզի լինի նաև կառավարելի ընդդիմություն: Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ ավելի վաղ եղավ Ադրբեջանի նախագահի՝ կառավարման պետական համակարգում բերափոխումներ իրականացնելու, օպտիմալացման, աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին հայտարարությունը: Այսինքն, Ադրբեջանի իշխանությունը մեսիջ է հղում իր հանրությանը, որ որոշակի քայլերի է գնալու, որպեսզի երկրում փոփոխություն լինել, բարեփոխումներ արվեն: Համենայն դեպս, ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակ չկա, որ Ադրբեջանի իշխանությունը փորձի առաջնագծում սահմանային իրավիճակը լարելով՝ հանրության ուշադրությունը շեղել»:

Ինչ վերաբերում է Բաքվի ցույցերով պայմանավորված որոշ հայ օգտատերերի ոգևորությանը, ադրբեջանագետն ընդգծում է. «Երբ սոցիալական ցանցերում ինչ-որ բան են գրում, պետք է հաշվի առնեն նաև դրա հետևանքները, հանրության կողմից դա ընկալելու ռիսկերը: Այն կարգախոսները, որոնք տիպիկ են միայն մեր հանրության, մեր ժողովրդի համար, չպետք է տարածել այլ՝ հատկապես մեզ համար հակառակորդ հանդիսացող երկրի վրա: Ուզում եմ՝ մեր հանրությունը մեկ բան շատ լավ հասկանա, որ այն ուժը, որն այսօր հանդես է գալիս ընդդիմադիր դաշտում, ավելի լավ տրամադրված չէ մեր հանդեպ, քան Ադրբեջանի իշխանությունը, և սպասումներ ունենալ, թե Ադրբեջանում իշխանության գալու պարագայում Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կլինեն կամ արցախյան հարցում ավելի կառուցողական դիրքորոշում կլինի, սխալ է: Ցույցերին հետևող մարդը տեսնում է, թե Ադրբեջանի ընդդիմության կողմից ինչպիսի հակահայ հայտարարություններ են արվում: Հակահայկական քարոզ իրականացնելով՝ նրանք փորձում են ազգայնականներին իշխանական թևից տեղափոխել ընդդիմադիր դաշտ, իսկ սա իրենից վտանգներ է ներկայացնում»:

Իսկ ստեղծված իրավիճակում, Աշոտ Մովսիսյանն առաջարկում է, որ մենք ոչ թե հակաադրբեջանական քարոզչություն իրականացնենք, այլ կառուցողական և ճիշտ քարոզ տանենք տեղեկատվական դաշտում. «Իհարկե, տեղեկատվական դաշտում միշտ պետք է ներկայացվի օբյեկտիվ իրողությունը, և մենք կարող ենք առաջնորդվել սրանով, բայց կարծում եմ՝ որոշակի չափով նվազում է նկատվում ադրբեջանական այդպիսի կեղծիքներին պատասխան տալու հարցում: Պետք է նախաձեռնողականություն ունենանք, իրականությունը ներկայացնենք, մասնագիտական խորը վերլուծություններ պետք է արվեն, որոշակի միջոցառումներ իրականացվեն: Որովհետև այսօր Ադրբեջանը, օգտվելով այս ամենից, փորձում է սրել հակահայկական քարոզը և միջազգային հանրության մոտ՝ իրեն համար նպաստավոր, կարծիքներ ձևավորել»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ