Հայ-իրանական բարեկամությունը հավասար է թուրք-ադրբեջանական տագնապին

hay-iranakan-barekamoutyoune-havasar-e-tourq-adrbejanakan-tagnapin

Հայ-իրանական հարաբերությունների հնարավոր հեռանկարները նկատելի աշխուժությամբ քննարկումների թեմա են դարձել Թուրքիայի լրատվական ու փորձագիտական հարթակներում: Մասնավորապես, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Փաշինյանն Իրանի նախագահ Ռոհանիի հրավերով մեկնեց Թեհրան ու Երևան` վերադարձավ փոխըմբռնման մասին երկու հուշագրով:

Հայ-իրանական հարաբերությունների բնույթին ու բովանդակությանը պետական հետաքրքրության դիրքերից անդրադարձել է Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը՝ Anadolu-ն: Փաշինյանի՝ Իրան կատարած այցից անցել է շուրջ 20 օր, բայց թուրքական պետական լրատվականը խնդիրը լուսաբանում է որպես ակտուալ և ուշադրության արժանի զարգացում՝ հանդես գալով հայ-իրանական հարաբերությունների ընդարձակ վերլուծությամբ: Սա ինքնին խոսուն փաստ է:

Ըստ թուրքական կողմի ընկալման և գնահատման՝ Հայաստանը և Իրանը հատուկ կարևորություն են տալիս իրենց երկկողմ հարաբերություններին, բայց ոչ ամենևին նույն պատճառով: Երկուսն էլ ունեն իրենց առանձին պատճառները:

«Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ծառայում են որպես ճնշման լծակ, մասնավորապես, Ադրբեջանի և մասամբ Թուրքիայի վրա, երբ վերջիններիս հետ լինում են խնդրահարույց իրավիճակներ: Ծառայում են նաև որպես բանակցության և սակարկության նյութ»,- գրում է Anadolu-ն: Դիտարկման շարունակության մեջ նշվում է, որ Հայաստանն էլ Իրանի հետ հարաբերությունները արժևորում է որպես փրկության ճանապարհ իր ցամաքային մեկուսացման պայմաններում: Այդ իրավիճակն առկա է 1990-ից ի վեր: Իսկ 2008-ին, երբ վրաց-ռուսական պատերազմի հետևանքով Վրաստանի ճանապարհը փակվեց, Հայաստանի համար ավելի մեծ արժեք ձեռք բերեց իրանական սահմանը:

Թուրքիան Իրանից դժգոհելու պատճառներ ունի: Anadolu-ն մատնանշում է հատկապես այն, որ իրանաբնակ ադրբեջանցիներին շնորհված չէ իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք, մինչդեռ իրանահայ համայնքը նման խնդիր չունի: Բացի այդ, իրանական իշխանությունները դրսևորելով հայամետություն թույլ են տալիս, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումները լայնորեն ու հնչեղորեն կազմակերպվեն:

Ադրբեջանի հետ «մեկ ազգ երկու պետություն» ձևաչափով բարեկամություն անող ու միասին Հայաստանը ցամաքային շրջափակման ենթարկող Թուրքիան մտահոգ է, որ Հայաստանը դեռ չի կազմաքանդվել և Իրանի հետ էլ զարգացնում է բարեկամական հարաբերություններ: Անկարան չի էլ թաքցնում, որ անհանգստացած է հայ-իրանական հարաբերությունների զարգացման պոտենցիալով, որտեղ աճի միտումներ ունի նաև տնտեսական բաղադրիչը:

Բնական գազի և էլեկտրաէներգիայի տեսքով Հայաստան-Իրան էներգետիկ գործակցությունը Թուրքիայի համար, ըստ էության, մարտահրավեր է: Իրանական գազի համար տարանցիկ միջանցք ծառայող Հայաստանի տարածքը կարող է Իրանին ապագայում հնարավորություն տալ դուրս գալ դեպի Վրաստան ու Սև ծովի միջոցով նաև դեպի եվրոպական շուկա: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է դառնալ կապույտ վառելիքի տարանցման ռեգիոնալ միջանցք ու մեծացնել իր ռազմավարական կշիռը: Եվ ահա հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարն արդեն որոշակիրեն զսպաշապիկ է դառնում Թուրքիայի ախորժակին:

Նախ, հարկ է արձանագրել, որ Հայաստանն այժմ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիայի խիստ սահմանափակ հնարավորություններ ունի. իր չորս սահմանակից հարևաններից երկուսի հետ սահմանը փակ է, երկաթուղային կապ ունի միայն մեկի հետ ու չունի ելք դեպի ծով: Հետևաբար, նման իրավիճակում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը պետք է դիտել որպես օրակարգային անհրաժեշտություն, եթե չասենք` հրատապություն: Միանշանակ է, որ այդ կերպ հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-իրանական միջպետական կապերին և տնտեսական նշանակության ծրագրերին՝ այդ կերպ խորացնելով թե’ Իրանի բարեկամությունը, թե’ Անկարայի անհանգստությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ