Հայ-իրանական երկաթուղին օրախնդիր է

hay-iranakan-erkatouxin-oraxndir-e

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտենք, միջպետական սահման ունի 4 հարևան երկրի հետ՝ հյուսիսում Վրաստանի, հարավում Իրանի, արևելքում Ադրբեջանի և արևմուտքում Թուրքիայի հետ: Նշյալ 4-ից Հայաստանը չունի օդային կապ մեկի հետ, չունի ցամաքային կապ երկուսի հետ և երկաթուղային կապ չունի երեքի հետ: Այսինքն, անմիջական հարևանների հետ օդային, ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը գտնվում է ակնհայտորեն շատ սահմանափակ վիճակում, ինչ էլ իր հերթին սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների պատճառ է դառնում:

Հաղորդակցության վերոհիշյալ 3 ձևերից ամենախոցելին երկաթգիծն է, քանի որ մեր երկիրը երկաթուղային հաղորդակցություն ունի ընդամենը և միայն Վրաստանի հետ: Երևան-Մոսկվա երկաթուղու վերջին երթն իրականացվել է 1992 թվականին։ Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը մնացել է թղթի վրա: Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակել են երկաթուղային ելքերը Հայաստանից: Հետևաբար, հենց դադարի գործել այս երկաթգիծը, ապա մեր երկիրը միանգամից կընկնի մի վտանգի մեջ, որը կարող է կոչվել «արտաքին աշխարհից լիակատար երկաթուղային մեկուսացում»: Իսկ այդ վտանգը շատ հեռու չէ: Նույնիսկ կարող ենք ասել՝ արդեն մոտենում է, քանի որ Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագիրը կարող է վաղաժամ խզվել:

Բանն այն է, որ Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է ռուսական պետկորպորացիայի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը: 2008-ին հայ-ռուսական կողմերի կնքած պայմանագրի համաձայն՝ Հայաստանի երկաթուղին 30 տարի ժամկետով հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղիների» հավատարմագրային կառավարմանը: Օրերս Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ կառավարությունը դիտարկում է Հայաստանի երկաթուղու կառավարումը դադարեցնելու հնարավորությունը։ Եթե իրոք հանկարծ խզվի պայմանագիրը և դադարեցվի երկաթուղու շահագործումը, ապա ավելորդ է կասկածել, որ Հայաստանի երկաթուղին կհայտնվի կաթվածահար վիճակում ու կծնի սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ: Հայաստանն այդ դեպքում փաստացիորեն կզրկվի իր երկաթուղային միակ աշխատող երթուղուց: Համենայնդեպս բանակցությունները դեռ շարունակվում են՝ ճգնաժամի հասունացում թույլ չտալու համար: Երևանին ու Մոսկվային թերևս կհաջողվի հարթել երկաթուղու շուրջ տարաձայնությունները:

Բայց մյուս կողմից նման ռիսկերը անկառավարելի են, քանի որ մեր երկիրը չունի երկագծային երթուղիների այլընտրանք: Ավելի քան 10 տարի խոսվում է Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրի մասին, բայց այդպես էլ խոսքերը չեն դառնում շինարարական աշխատանքներ ու չեն մտնում գործնական իրագործման փուլ: Նախնական գնահատականներով՝ հայ-իրանական երկաթգծի կառուցումը միլիարդավոր դոլարներ պահանջող նախագիծ է, ընդ որում ամենաթանկ հատվածը ՀՀ-ի տարածքով անցնող գոտին է (մոտ 3 մլրդ դոլար): Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է իր տարածքով անցնող հատվածի համար անհրաժեշտ ներդրումները կատարել:

Այժմ Երևանում ընթանում է «Եվրասիական տնտեսական միության» Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: Ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը վերջերս հայտարարել էր տարածաշրջանի երկրների հետ ենթակառուցվածքների ընդլայնման կարևորության մասին: Հայ-իրանական երկաթուղու հարցը որպես մի օղակ կարող է տեղ զբաղեցնել այդ հայտարարության տրամաբանության մեջ, եթե իհարկե ուղեկցվեն դիվանագիտական համապատասխան ջանքերով: Ռոհանիի այցը Երևան լավագույն առիթն է իրանական ղեկավարության հետ քննարկել հայ-իրանական երկաթուղու ապագան: Հայաստանը դրանով էապես կկարգավորի իր երկաթգծային ուղու այլընտրանքը և երկաթուղային ճգնաժամի ապահովագրությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ