Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայրաքաղաքում այսօր տոն է (լուսանկարներ, տեսանյութեր)

hayaraqaxaqoum-aysor-ton-e-lousankarner--tesanyouter

Գյումրին այսօր նշում է իր հիմնադրման օրը: Արվեստով, մշակույթով, արհեստով ապրող ու վերապրող քաղաքը տոնական բոլոր օրերին հյուրերին շատ ասելիք ու պատմելիք ունի:

 

 



Գյումրու պատմական միջուկում տոնական տրամադրություններին է հետևել ՀԱՅ ՁԱՅՆ-ը` քաղաքի հետաքրքիր ու կոլորիտով մարդկանց ներկայացմամբ: Գյումրեցի ռեժիսոր, դերասանուհի, հոգեբան, արձակագիր, ՀՀ վաստակավոր գործիչ, Սիրանույշ Ղուկասյանի համար Գյումրին օդ է:

 ‹‹Հազար քաղաքներ եմ տեսել, հազար մայրաքաղաքներ եմ տեսել, հարյուրավոր գյուղերում եմ եղել, բայց Գյումրին ինձ համար մնում է որպես կենսատու օդ: Շատ եմ դուրս եկել, հրավիրված բեմադրություններ եմ արել դրսերում, բայց վերադարձել եմ տուն, որովհետև շատերը գիտեն, որ միակ քաղաքն է Հայաստանում, որ մարդկային էներգետիկա ունի, որը հաղորդվում է ծանոթին և անծանոթին: Իսկ այսօրվա Գյումրին, որն օր օրի այսպես գեղեցկանում է, շնորհակալ ենք բոլորից: Այս քաղաքը պետք է նորից գեղեցկանա, նորից ինքնուրույն, նոր տեսակ դառնա››,- ասում է Ղուկասյանը:

 


Մեկ այլ գյումրեցի նվիրյալ, իր աշխատանքներով ու ստեղծագործական անցած ուղով Գյումրին միշտ մեծարած և ընդգծած նկարչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի համար Գյումրին սիրո անբացատրելի աղբյուր է:

‹‹Եթե սիրում ես մեկին, հատկապես քո քաղաքը, որի հետ կապված ես հազար ու մի թելերով և պատահական չէ, որ իմ աշխատանքների մեծ նկարաշարը կոչվում է ‹‹Իմ հոգու տուն Գյումրի››, որովհետև իսկապես Գյումրին իմ հոգու տունն է, իսկ որտեղ հոգին, այնտեղ սիրտը, գիտակցությունը և քո ամբողջ կյանքը: Գիտեք, մարդու տրամադրությունը արտաքին աշխարհի հետ շատ մեծ կապ ունի և պետք է նկատել այս փոփոխությունները, երբ տեսնում ես, որ հոգածությամբ արվում է քո քաղաքի համար, ինքդ էլ ուզում ես լավն անել։ Ես ամենաառաջինը սերունդ եմ կրթում և ստեղծագործում եմ, ինչը պիտի մնա սերունդներին››:

 


Սերունդների միջև կապն ու համերաշխությունն է ապահովում ‹‹Արաքս կենտրոն›› հասարակական կազմակերպությունը, որն այսօր ցուցադրությանը ներկայացել էր հետաքրքիր աշխատանքներով: ‹‹Գյումրին բոլորինս է և այսօրվա լույսը թող հարատևի: Մենք միջսերնդային` երեք սերունդների գործեր ենք ներկայացրել, դա հիմանկանում արհեստների, մոռացված արվեստների համատեղում է: Ե՛վ տարեցն է սովորում ու սովորեցնում, և՛ երիտասարդը: Սա ուսուցանում է, ճանաչում է իրենց միտքը, խորհուրդը տալով հաջորդ սերունդներին: Գյումրին եղել է արհեստի ու արվեստի քաղաք և կա ու կմնա››,-նկատում է ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը:



Գյումրու մշակութային նկարագիրը խիստ բազմազան է, պատմական փողոցներում ներկացված տաղավարներով շրջեցին նաև զբոսաշրջիկները, սփյուռքահայ հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ և երկրի վարչապետը:

 


Գյումրին հայտնի է նաև որպես ‹‹կինոների քաղաք››, քանի որ այստեղ բոլոր ժամանակներում նկարահանվել են տարբեր ժանրերի ֆիլմեր, այդ թվում նաև պատմական: Հենց նորաբաց Շիրազի փողոցի վրա ֆիլմերի պատ կա, այն անմխիթար ու լքված վիճակում էր: Այսօր ՄԱԿ-ի զարգացման և ‹‹Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարացման›› ծրագրերի միջոցով վերանորոգվեց ‹‹Գյումրիում նկարահանված ֆիլմերի›› պատը և հավակնում է տուրիստական հիմնական կանգառներից մեկը դառնալ: ‹‹1982 թ. ծագումով գյումրեցի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը մասամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասամբ Գյումրիում նկարահանեց «Հին օրերի երգը» ֆիլմը, երկու տարի անց` «Մեր մանկության տանգոն»: Գյումրիում են նկարահանվել նաև «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», ավելի վաղ՝ «Եռանկյունի», «Հեղնար աղբյուր», «Կտոր մը երկինք» ֆիլմերը: Դրանց շնորհիվ Գյումրու՝ նկարահանման հրապարակ հանդիսացած կոլորիտային շենքերն ու բակերն այսօր էլ այցելուներ են հրապուրում››,-ՀԱՅ ՁԱՅՆ-ին է փոխանցում Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:

Տոնական տրամադրությունները, մարդաշատ ու կոլորիտային փողոցների անցուդարձը ֆիքսել է ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկը:

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ