Հայաստանի այսօրվա օրհներգը պետք է փոխվի. ճիշտն Արամ Խաչատրյանի օրհներգը վերականգնելն է

hayastabni-aysorva-orhnerge-petq-e-poxvi-jistn-aram-xacatryani-orhnerge-verakangneln-e

Վերջին օրերին վերստին ակտիվացել են քննարկումները ՀՀ օրհներգը փոխելու շուրջ: Հիմնականում քննարկումներն այն մասին են, որ մեր այսօրվա օրհներգն այնքան էլ չի համապատասխանում այսօրվա Հայաստանի կարգավիճակին:

Օրհներգը փոխելու հարցին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը՝ նշելով, որ իր կարծիքով ևս ՀՀ օրհներգը պետք է փոխվի. «Մեզ համար ամենաճիշտն Արամ Խաչատրյանի օրհներգը վերականգնելն է՝ մեջը մեկ-երկու բառ փոխելով և վերջ»:

Իսկ մի քանի բառ փոխելը, Թովմաս Պողոսյանի խոսքով՝ խնդիր չի կարող լինել, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված է և եթե հարցը միայն դա լինի, այն պետք չէ համազգային խնդիր սարքել:

Օրհներգը փոխելուն համաձայն է նաև կոմպոզիտոր Դանիել Երաժիշտը, նա ևս կարծում է, որ պետք է վերականգնվի Արամ Խաչատրյանի օրհներգը՝ տեքստի որոշ խմբագրությամբ. «Պետք է այնպես փոխել, որ համահունչ կլինի մեր օրերի բովանդակությանը, զարկերակին: Այդ օրհներգի արմատները խորն են, դրանք խորանում են մինչև Ներսես Շնորհալի: Արամ Խաչատրյանի օրհներգն իր մեջ ընդգրկում է և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Արևելյան Հայաստանը, և՛ անցյալն ու ներկան, և՛ հոգևորն ու աշխարհիկը, ոչ մի օրհներգի մեջ չկա այդ սինթեզը»:

Դանիել Երաժիշտը նաև հավելում է՝ այսօրվա մեր օրհներգի մեղեդին շատ թշվառ է. «Օրհներգի մասին Արմեն Գևորգի Բուդաղյանը գրել է «ֆրագմենտներ» գիրքը, որտեղ նկարագրում է Էդվարդ Միրզոյանի կյանքը, այնտեղ նշվում է, որ վերջինս պատմել է, թե ինչպես է մեր հիմնը հաստատվել: Միրզոյանը նկարագրել է, երբ հնչել է այսօրվա օրհներգը, այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ոտքի է կանգնել, և դա նշան է եղել, որ հենց դա հաստատվի: Ես համոզմունք ունեմ, որ Արամ Խաչատրյանի հաղթական օրհներգը պետք է վերականգնվի, դա պատիվ է բերում ազգին, որ ամեն մեծ իրադարձության ժամանակ կատարելիս մարդիկ խանդավառվեն»:

Նշենք՝ օրհներգը փոխելուն ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ անդրադարձել է նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ով նշել է, որ միությունը և բոլոր կոմպոզիտորները կողմ են այդ փոփոխությանը և հավելել, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը գրված է շարականի հիման վրա, և պետության համար ունի հոգևոր կարևոր նշանակություն:

Նաև հավելենք, որ այսօրվա օրհներգի մասին քննադատությունները գրեթե միշտ են եղել, այն բոլոր ժամանակներում միաժամանակ չի ընդունվել ո՛չ հասարակության, ո՛չ էլ մտավորականության շրջանում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ