Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայաստանը բարեփոխումներ չի անում ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար. Եղոյան

am
hayastane-barepoxoumner-ci-anoum-em-ic-xraxousanq-stanalou-hamar-exoyan

Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը:

Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա և ապագա խնդիրները, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Արևելյան գործընկերության անդամ երկրներից միջոցառմանը մասնակցել են Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան: Հայ պատվիրակները ներկայացրել են իրենց տեսլականը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ:

«Շեշտեցի, որ Հայաստանն սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ, անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով: Դա մեր տեսլականն է, և ԵՄ-ն կարող է մաս կազմել այդ բարեփոխումներին, որոնք, իմ համոզմամբ, ունենալու են նաև տարածվող ազդեցություն Արևելյան գործընկերության երկրներում»,-ասել է Արման Եղոյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանը հեղափոխությունից հետո ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներին ուղղված 20 ուղերձների գրեթե կեսի մասով արդեն իսկ մեծ աշխատանք է կատարել, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի և հավաքների ազատությանը վերաբերող ոլորտներում:

Քննարկումների ընթացքում հայ պատգամավորները ԵՄ անդամ երկրների խորհրդարանականների և կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանային անվտանգության հարցերի ու մարտահրավերների վրա: Քննարկումներ են եղել նաև ոչ պաշտոնական մի շարք հանդիպումների ընթացքում: Գայանե Աբրահամյանն ապրիլի 2-ի քննարկմանը հիշատակել է այդ օրը Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի մասին՝ ևս մեկ անգամ գործընկերների ուշադրությունը հրավիրելով տարածաշրջանային կայունության հարցերի վրա:

Հարցուպատասխանի ձևաչափում Արման Եղոյանը, ի թիվս մի շարք հարցերի, խոսել է նաև ԵՄ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի մասով այդ համաձայնագրում ենթադրվող դրույթներին: Նրա գնահատմամբ՝ այդ ձևակերպումները պետք է արվեն առավելագույն կերպով հավասարակշռված ու ներդաշնակեցված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնանման նորմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող գործընթացների հետ: Պատգամավորն ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, քանի որ բոլորից է կախված տարածաշրջանային անվտանգությունը:

«Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ