Հայաստանը դուրս է գալիս Մադրիդյան սկզբունքների գերության շղթայից. Լևոն Շիրինյան

hayastane-dours-e-galis-madridyan-skzbounqneri-geroutyan-sxtayic-leon-sirinyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

-Այսօր Ստեփանակերտում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղերձ ուներ Արցախում ԱԱԽ նիստի անցկացումն ու այս հայտարարությունը:

-Հայաստանի վարչապետը Ստեփանակերտում ազգային անվտանգության խորհրդի համատեղ նիստ անցկացնելով ՝ վերահաստատեց Լեոնիդ Ազգալդյանի ասածը՝ «սա Հայաստան է, և վերջ»: Այսինքն, Հայաստանը նորից իր իրավազորությունն է վերահաստատում իր ամբողջ տարածքում: Այլապես այնպիսի պատկեր էր առաջացել, որ Արցախը կարող է առանձին պետություն լինել: Հիմա այդ թեման փակվեց: Այս նիստի անցկացումը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ուղերձ է Հայաստանի և Արցախի բնակչությանը, «հինգերորդ շարասյանն» ու աշխարհին, որ սա միացյալ պետություն է: Ճիշտ է՝ վարչապետն ուղիղ չի ասում, բայց ես՝ որպես մասնագետ, կասեմ, սա սուվերենության վերահաստատում կամ վերափաստարկում է:

-Հայաստանի վարչապետը, Անվտանգության խորհրդում հնչեցրած իր ելույթում, անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող Մադրիդյան սկզբունքների և 6 տարրերի տարընթերցման խնդրին՝ ասելով, որ առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի դրանց պարզաբանումը: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը ցանկանում է վերանայել հայկական կողմի համար խիստ վտանգավոր՝ այդ չարաբաստիկ մադրիդյան սկզբունքները:

- Ես ինքս վաղուց եմ ասում, որ այդ սկզբունքները պետք է փոխվեն: Ժամանակն է, որ մենք գնանք՝ այդ սկզբունքներից դուրս գալու կամ դրանք վերաձևակերպելու ճանապարհով: Կարծում եմ, այդ գործընթացը սկսված է: Պարզ է, որ Հայաստանը գերտերություն չէ և չի կարող հայտարարել մի բան, որը շոկային վիճակ կառաջացնի, սակայն, ըստ իս, այս հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը էվոլուցիոն ճանապարհով դուրս է գալիս Մադրիդյան սկզբունքների գերության շղթայից: Սա թավշյա հեղափոխության ուղիղ արդյունք կարող եք համարել, և սա պետք է ողջունվի: Նաև այսպիսի մի բան կա, Հայաստանի իշխանությունը լրացուցիչ պարտականության տակ է մտնում, որ գնա դեպի ազգային շահերի վերականգնում: Դա արդեն արվում է Արցախի հարցում:

-Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ ակնարկում են, որ այս փուլում Արցախը չի կարող մասնակից լինեն բանակցություններին: Ստեփանակերտում անցկացված ԱԱԽ համատեղ նիստը և Փաշինյանի հայտարարություններն արդյո՞ք դրա պատասխանն էին:

-Այո, գործընթացը սկսված է:

-Բայց Հայաստանը միայնակ ի զորո՞ւ է վերափոխել այդ ընթացքը:

-Այո՛, Հայաստանը շատ բանի է ի զորու: Հայությունն ունի երկու պետություն, Հայաստանն ունի աշխարհասփյուռ հայություն, հայկական լոբբի: Թեև դրան զուգահետ Հայաստանն ունի նաև վտանգավոր հետնախորշ՝ «հինգերերոդ շարասյուն», որն այսօր ներկայանում է Սերժի ու Ռոբերտի ռեժիմի մնացուկների տեսքով: Եթե նախորդ նախագահները քծնում էին իրենց նյութականի ու գրպանի համար, Մոսկվայից ստանում էին թույլտվություններ, հիմա այդ խնդիրը չկա:

Մենք պատերազմ չենք հայտարարում աշխարհին, մենք պաշտպանում են մեր ազգային, պետական շահերը, մենք վերահաստատում ենք մեր իրավունքները մեր հայրենիքի նկատմամբ:

-Եթե Փաշինյանի առաջ քաշած այս մոտեցումը ևս ընդունելի չլինի, դա ինչի՞ է հանգեցնելու:

-Մենք համառորեն կգնանք այդ ճանապարհով: Եթե չէ, Հայաստանը ժամանակին կարող է հայտարարել, որ Մինսկի խումբը կողմնակալ է, օբյեկտիվ չէ, և կարող է դուրս գալ այդ գործընթացից:

-Բայց բանակցությունների դադարեցումը չի՞ հանգեցնի պատերազմի:

-Պատերազմական գործողությունները դրա հետ կապ չունեն: Ադրբեջանը, երբ իրեն լավ զգաց՝ այդ օրը գործողություն է սկսելու: Բայց ամենակարևորը. եթե մեր հայրենիքը կորստյան և ժողովրդի ոչնչացման եզրին է հայտնվում, ապա մենք պետք է պատերազմենք: Իհարկե, պատերազմը ցանկալի չէ: Բայց հայրենիքի կորո՞ւստն է ձեռնտու, թե՞ պատերազմելը: Եթե 1914 թվականին ի վիճակի լինեինք պատերազմելու, կցեղասպանվեի՞նք: Իհարկե ոչ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ