Հայաստանը քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը

am
hayastane-qnnarkec-eatm-iran-azat-aretri-gotou-ceavorman-masin-jamanakavor-hamacaynagire

Կառավարության կողմից ներկայացված ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում: Հիմնական զեկուցողը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանն էր:

Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մի շարք ապրանքատեսակներ ցածր մաքսատուրքերով արտահանել իրանական շուկա:

Փոխնախարար Ալբերտ Բաբայանն ասել է. «Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն,ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում: ԵԱՏՄ ադամ պետությունները Իրանից ստացել են զիջումներ` բավականին լայն ապրանքատեսակի մասով: Դրանում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներկայացված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում` մասնավորապես տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ»:

Բաբայանը տեղեկացրեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափերի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: Փոխնախարարը շեշտեց, որ համաձայնագրի կնքման շրջանակում կարևորվում է ոչ միայն գործող մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը, այլ իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական, կանխատեսելի ներմուծման ընթացակարգերի կիրառումը:

Հիշեցնենք. համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում: Փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: Եթե ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում կողմերը չեն ավարտում բանակցությունները, ապա վերջիններս պարտավորվում են որոշում ընդունել համաձայնագրի կիրառումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ