Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ (տեսանյութ)

am
hayastani-ag-naxarare-handipel-e-exxv-hamazekoucoxneri-het-tesanyout

Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ԱԳՆ-ից նշում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված ջանքերի և առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու լրացուցիչ հարթակ:

Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ապրիլի-մայիս ամիսներին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ