Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը «վերակենդանացման» կարիք ունի. Սուրեն Սարգսյան

hayastani-azgayin-anvtangoutyan-razmavaroutyoune-verakendanacman-kariq-ouni-souren-sargsyan

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը թարմացնելու կարիք կա, որովհետև անցած տասնամյակում փաստաթղթում որևէ փոփոխություն չի արվել, և այն, ըստ էության, հնացած է: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ արդեն մեկնարկել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները:

«2007 թվականին Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ընդունումից հետո շատ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունեցել: Գոյություն ունեցող ռազմավարությունն արդեն չի համապատասխանում ժամանակակից աշխարհի, Հայաստանի և Արցախի մարտահրավերներին: Դրա մասին նաև նախկին իշխանությունների օրոք էր խոսվում, ստեղծվել էր աշխատանքային խումբ, և աշխատանքերի համակարգումը դրվել էր արտաքին գործերի նախարարության վրա, որ մշակվեր համապատասխան փաստաթուղթը:

Մեր փաստաթուղթը, որն ունի ավելի քան 10 տարվա պատմություն, այլևս արդիական չէ, այն պետք է «վերակենդանացնել»: Ժամանակն է վերանայել դրանում ամրագրված որոշ դրույթներ, սկզբունքներ, ավելացնել նոր մարտահրավերներ, որոնք այսօր սպառնում են Հայաստանի»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե նոր ստեծվելիք փաստաթղթի՝ Արցախին վերաբերող ձևակերպումներում հնարավո՞ր է փոփոխություններ լինեն, Սարգսյանն ասաց. «Արցախի խնդիրը թիվ մեկ մարտահրավերն է ոչ միայն արցախցիների ու Հայաստանի համար, այլև համայն հայության: Այս խնդիրը պետք է ընկած լինի ոչ միայն ազգային անվտանգտության ռազմավարության հիմքում, այլ նաև մեր արտաքին քաղաքականության ցանկացած փաստաթղթի, ռազմավարության ու մատավարության հիմքում: Արցախյան հիմնախնդիրը հայ ժողովրդի ֆիզիակական անվտանգության խնդիրն է առաջին հերթին, և երկրորդ՝ դա ամենակարևոր մարտահրավերն է այս պահի դրությամբ: Հայաստանի Հանրապետության համար ներկայումս չկա ավելի կարևոր խնդիր, քան Արցախի և Հայաստանի անվտանգությունն է, և ցանկացած կոնցեպտի հիմքում պետք է դրվի այս սկզբունքը»:

Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարաբերությունները թևակոխում են որակապես մի նոր փուլ: Վերլուծաբանների շրջանում էլ կա կարծիք, որ ի վերջո Հայաստանի և Արցախի միջև կստորագրվի ռազմաքաղաքական համաձայնագիր: Հարցի առնչությամբ Սարգսյանը նշեց. «Ընդհանրապես, Արցախի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու, հնարավոր փաստաթղթերի ու մարտավարությունների վերաբերյալ մշտապես խոսվել է: Դա նորություն չէ: Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ հիմքում ունենալով նաև Հայաստանի Հանրապետության օրենք Արցախի մասին, որի վերաբերյալ առաջարկություններ արվել են տարբեր գործիչների կողմից: Դա նույնպես մեխանիզմ է, որով կարելի է կարգավորել միջպետական հարաբերությունները: Կա նաև տարբերակ ճանաչելու Արցախի անկախությունը, ինչը, սակայն, կբերի նոր իրողությունների և իրավական դաշտի ձևավորման: Ինչևէ, խնդիրներ ու մոտեցումներ շատ կան»:

Միջազգայնագետը նաև անհրաժեշտ համարեց ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ հարևան պետությունների հետ հարաբերությունների ճշգրտումը. «Գիտեք, օրինակ, որ Հայաստանի կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որևէ դրույթ չկա: Դժվար է հասկանալ, թե կառավարությունն ի՞նչ մոտեցումներ ունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Կարծում եմ՝ բոլոր ուղղություններով ռազմավարությունը պետք է ունենա համապատասխան դրույթներ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ