Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ

Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարություն են տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է: Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1):
Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ:
Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:
Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):
Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:
Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31): Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:
Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:
Հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:
Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգևոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները և զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգև շնորհով:
Մեր աղոթքն է, որ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր և հարատև սիրով ջերմացնի ընտանիքները և շինություն պարգևի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը»:
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ը
- Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից