Հայաստանի հավաքականը ծանրագույն խաղում պահպանեց հաղթական հաշիվը

hayastani-havaqakane-canragouyn-xaxoum-pahpanec-haxtakan-hasive

Հայաստանի ազգայի հավաքականը Եվրո-2020 շրջանակներում Աթենքում ուժերը չափեց Հունաստանի ազգային հավաքականի հետ և առավելության հասավ 3-2 հաշվով։ Խաղը շատ հաջող դասավորվեց մեր տղաների համար։ Արդեն 8-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումը հրաշալի կերպով օգտագործեց Ալեքսանդր Կարապետյանը: Շրջանցելով հույների դարպասապահին՝ մեր հարձակվողը գրավեց անպաշտպան մնացած դարպասը՝ 1-0։

 

Խաղակեսի 32-րդ րոպեին աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը և գեղեցիկ հնարքով շրջանցելով Սոկրատիսին՝ գնդակն ուղարկեց հեռավոր անկյուն՝ 2-0։ Թիմերը այս հաշվով գնացին ընդմիջման։ Ինչպես և կանխատեսվում էր, Հունաստանի ընտրանին երկրորդ խաղակեսում պետք է ամեն ինչ աներ, որպեսզի կորցրածը ետ բերեր։ Եվ իսկապես հույները լուրջ խաղային և դիրքային առավելություն ստանալով՝ կարողացան խաղի հաշիվը հասցնել նվազագույնի: 54 -րդ րոպեին Զեկան գրավեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 1-2։ Ու չնայած հույների առավելության, մեր տղաները կարողացան 74-րդ րոպեին կրկին վերականգնել 2 գնդակի առավելությունը. գոլով աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։

Հույները չկոտրվեցին ու պայքարեցին։ 87-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ դարձավ Ֆուրտոնիսը՝ շրջանցելով միանգամից 3-4 ֆուտբոլիստի։ Խաղավարտն անցավ իսկական լարված պայքարում՝ ինչպես հույները կարող էին գրավել մեր դարպասը, այնպես էլ մենք կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, բայց գոլեր այլևս չգրանցվեց, և մեր տղաները հաղթեցին անչափ դաժան պայքարում։

 

Այսպիսով, այս հաղթանակից հետո մեր հավաքականը բավական շահեկան դիրքում հայտնվեց գրավելով J խմբի 3-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում շարունակում է ընթանալ Իտալիան, որն այս խմբի գլխավոր ֆավորիտն է։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիան մեր ընտրանուն գերազանցում է 3 միավորով, և մենք ֆանտաստիկ հնարավորություն ենք ստանում պայքարելու երկրորդ տեղի համար։

Շնորհավորում ենք բոլորին անչափ կարևոր հաղթանակի համար և հույս ունենք, որ մեր հավաքականն այսպիսի խաղով բազում անգամներ կուրախացնի հայ երկրպագուներին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ