Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Հայաստանի Մայր բուհը 100 տարեկան է

am en ru
hayastani-mayr-bouh-e-100-tarekan-e

    Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը նախարարների խորհուրդը կայացրեց ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին:

1920 թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։

Համալսարանի առաջին ռեկտոր է նշանակվում Յուրի Ղամբարյանը:

  Համալսարանական դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։

Առաջին ուսումնական տարում Երևանի պետական համալսարանն ուներ մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։

ԵՊՀ-ի հիմնադրման առաջին իսկ տարում դասախոսելու են հրավիրվում  արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։  Եվ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվում հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

 

 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունենում է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Իսկ 1935-1936 ուստարվանից համալսարանում սկսում են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։ 1945 թվականին բացվում է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Դրանով, փաստորեն, բարձրացվում է «մայր» բուհի կարգավիճակն ու, բնականաբար, պատասխանատվությունը:

ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ փոփոխվեց Երևանի պետական համալսարանի կազմակերպա-իրավական կարգավիճակը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ:

  Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ