Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հայաստանի ու Արցախի դիրքորոշումների հեռացում չկա ու չի կարող լինել. Դավիթ Բաբայան

am
hayastani-ou-arcaxi-dirqorosoumneri-heracoum-cka-davit-babayan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

-Ադրբեջանում՝ մայիսի 1-3-ը, անցկացվում է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններ: Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունն, իհարկե, նորություն չէ: Այնուհանդերձ ի՞նչ մեսիջ են պարունակում մայիսին՝ հայերիս համար հաղթանակների ամիսին, կազմակերպված այս զորավարժությունները:

-Իհարկե, մենք պարտավոր ենք ուշի- ուշով հետևել նման գործընթացներին, և հետևում ենք: Մեր բանակը բերված է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի, և դա բնական է: Եթե անգամ բարեկամ- հարևան երկրներից մեկում տեղի են ունենում նման զորավարժություններ, ապա հարևան մյուս երկրում զինված ուժերը պետք է բերվեն համապատասխան պատրաստվածության: Առավել ևս մեր դեպքում, երբ ունենք Ադրբեջանի նման «հարևան»: Հետևաբար, բոլոր քայլերը մեր բանակի կողմից՝ կատարված են:

Այլ խնդիր է, որ զորավարժությունները նաև աշխարհաքաղաքական մեսիջ են իրենց մեջ պարունակում և այդ մեսիջն առաջին հերթին ուղղված է մեզ: Դա այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հանդես գալ որպես մեկ միասնական ուժ: Մենք երբևէ դա չպետք է մոռանանք:

Երբեմն մեզանում հնչում են իրականությունից կտրված այնպիսի կարծիքներ, որ թվում է, թե մենք գտնվում ենք ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի մեջտեղում, այլ սահմանակից ենք քաղաքակիրթ եվրոպական երկրներին: Բարեբախտաբար, նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, ու նման կարծիքները հասարակության մեջ տեղ չունեն:

Մենք իրականությունից չպետք է կտրվենք ու պետք է աշխարհաքաղաքական գործընթացների հետ հաշվի նստենք:

Իսկ մեր պարագայում իրավիճակը հետևյալն է. մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը, երկիր, որը բացեիբաց հայատյաց քաղաքականություն է վարում, մեր դիմաց կանգնած է նույնպիսի ագրեսիվ, թշնամական քաղաքականություն իրականցնող Թուրքիան, որն ունի 85 մլն բնակչություն և 700 000-ոց բանակ, որն ամենամեծն է տարածաշրջանում: Այս ամենը մոռանալ՝ նշանակում է ունենալ ևս մեկ Ցեղասպանությունը և գնալ մեր պետության ու ժողովրդի կործանման ճանապարհով:

-Ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե Հայաստանը՝ արցախյան հարցում պետք է իմանա, որ իր առջև կանգնած է ադրբեջանա-թուրքական տանդեմը: Նման իրավիճակում, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանը: ժամանակը չէ՞ ավելի ամրապնդել հարևան-բարեկամ երկրների հետ հարաբերությունները:

-Ամեն ինչ պետք է անենք որպեսզի չեզոքացնենք ադրբեջանա-թուրքական տանդեմը, հատկապես, Թուրքիայի ակտիվ դերակատարումը:

-Դրա համար ունե՞նք համապատասխան ռեսուրսներ:

-Իհարկե, ունենք, բայց այստեղ պետք է հաշվի առնենք հետևյալը, նախևառաջ պետք է առավել հզորացնենք մեր բանակը, պետք է համախմբված լինի մեր հայրենիքը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ, սրան գումարած ճշգրիտ ու հստակ աշխարհաքաղաքականություն պետք է վարենք: Հենց սա՛ է Թուրքիայի չեզոքացման լավագույն և ամենաարդյունավետ տարբերակը:

Հայաստանում ռուսական բազայի առկայությունն արդեն իսկ չեզոքացնում է թուրքական գործոնը, ու եթե դա չլինի, հնարավոր չէ ակնկալել, որ Թուրքիան հանգիստ տեղը կնստի. տեսեք թե ի՞նչ է անում Իրաքում, Սիրիայում: Հետևաբար, պետք է էլ ավելի խորացնենք մեր համագործակցությունը բարեկամ երկրների հետ՝ Ռուսաստանի, Իրանի, եվրոպական երկրների, նաև ԱՄՆ-ի: Մենք դա ի վիճակի ենք անելու՝ իրականացնելով մեր «և...և»-ի քաղաքականությունը, որովհետև ունենք սփյուռք ու պարտավոր ենք լավ հարաբերություններ հաստատել այն բոլոր երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք: Իսկ դա առաջին հերթին Ռուսաստանն է, նաև, ԱՄՆ-ն է, Իրանը, Ֆրանսիան և այլն: Սա մեզ համար մի լավ հնարավորություն է նաև աշխարհաքաղաքական առումով մեր պետականության անվտանգությունն ապահովելու համար:

Հետևաբար, այս ուղղությամբ պետք է միշտ աշխատենք ու հանկարծ այնպիսի քայլեր չանենք, որ «և...և»-ի քաղաքականությունը փոքր-ինչ տրանսֆորմացվի «կամ...կամ»-ի, այդ ժամանակ, կարող են լինել անկանխատեսելի ու ողբերգական հետևանքներ:

-Թուրքիան նպատակ ունի Ադրբեջանում ստեղծել ռազմաբազա, իսկ ադրբեջանական կողմը չի դադարում Ռուսաստանին լսել տալ, թե վերջինս դրան չի հակադրվի, որովհետև թուրքական ռազմաբազայի տեղակայումը ՌԴ շահերին չի հակասում: Մյուս կողմից էլ գրում են՝ քանի որ Ադրբեջան-ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հիմա շատ լավ են, ապա այդ ծրագիրը կիրականանա: Չե՞ք կարծում, որ Հայաստանը ձեռքները ծալած նստելու իրավունք չունի, և դիվանագիտական լրջագույն աշխատանք պետք է իրականացնել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

-Նախ, պետք է չկտրվել իրականությունից. կարո՞ղ ենք լոկ մեր ուժերով դիմակայել թուրքական ռազմաբազայի ստեղծմանն Ադրբեջանում, և ի՞նչ պետք է անենք այս ուղղությամբ: Մյուս կողմից, պետք է մտածել՝ գուցե դրա առկայությունը մեզ համար կարող է ավելի լա՞վ հնարավորություններ ստեղծել: Սրանք հարցեր են, որոնք լրջագույնս պետք է քննարկման առարկա դառնան:

Փոքր-ինչ բացեմ փակագծերը:

Առաջին, նախ, որքան էլ ջերմ լինեն ռուս-թուրքական հարբերությունները, այդ երկու երկրները եղել են ու կմնան հակառակորդներ՝ Թուրքիայի պատճառով, որովհետև այս երկիրը պանթուրքիզմի գաղափարախոսությամբ է առաջնորդվում, ինչից երբևէ չի հրաժարվել: Իսկ պանթուրքիզմն առաջին հերթին հակառուսական քաղաքականություն է:

Երկրորդ, եթե թուրքական ռազմաբազան հիմնվի Ադրբեջանում, ապա սա աշխարհաքաղաքական նոր իրողություններ կստեղծի տարածաշրջանում: Այն, բնականաբար, անմիջականորեն առնչվելու է Ռուսաստանի, Իրանի, ինչո՞ւ ոչ, նաև ԱՄՆ-ի, Չինաստանի անմիջական շահերին: Եվ դա կնշանակի, որ պատերազմի հավանականությունը տարածաշրջանում ինչ-որ չափով կարող է նվազել: Քանի որ, եթե լինի հայ-ադրբեջանական բախում, ապա դրանում և՛ Թուրքիան կներգրավվի, և՛ ՆԱՏՕ-ն, ինչն անկանխատեսելի հետևանքներով է հղի: Հետևաբար, ռազմաբազայի տեղակայումը կարող է անհնարին դարձնել բախումը:

Երրորդ, կա նաև հարցի հետևյալ կողմը, ինչո՞ւ է Թուրքիան ուզում բազա ունենալ Ադրբեջանում, երբ առանց այն էլ ամբողջ Ադրբեջանն իր բազան է, ուրեմն, ինչու ստեղծի ինչ-որ բազա ու ավելորդ աղմուկ բարձրացնի դրա շուրջ:

Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է խորությամբ վերլուծենք՝ զգացմունքները մի կողմ թողնելով:

-Այնուհանդերձ, նման ռազմաբազայի տեղադրումը, արդյոք, առաջին հերթին չի՞ ուղղվում տարածաշրջանային հզոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի դեմ:

-Ընդհանրապես, Թուրքիայի քաղաքականությունը, նրա ակտիվացումը տարածաշրջանում կտրականապես բարձրացնելու է հայկական գործոնի դերն ու նշանակությունը տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականության մեջ: Մենք պետք է կարողանանք լավ օգտվել այս իրավիճակից՝ ունենալով ուժեղ բանակ, լինելով համախմբված, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այդ դեպքում շատ օգուտներ կարող ենք ստանալ: Ի վերջո, ցանկացած գործընթաց ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլև բացում է նորանոր հնարավորություններ:

-Հայաստանի, Արցախի, և սփյուռքի հայությունը միշտ իր միասնական տեսակետն է ունեցել համազգային կարևորագույն հարցերի շուրջ, մասնավորաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի խնդրի շուրջ: Մինչդեռ այսօր մտահոգիչ կարծիքներ են հնչում, թե Հայաստանի ու Արցախի տեսակետներն այսօր սկսել են բավականին տարբերվել: Ասվածը հիմնավորվում է, օրինակ, նրանով, որ եթե Հայաստանից հնչում են տարածքների զիջման մասին պարտվողական կոչեր, ապա Արցախը հստակ շեշտադրում է՝ մենք չունենք տարածքների հարց, մենք ունենք սահմանների հարց:

-Չեմ կարծում, որ կարող է լինել Հայաստանի ու Արցախի կարծիքների հեռացում, դա հնարավոր չէ, եթե նման բան լինի՝ այն կդառնա հայոց պետականության հիմքերի ճեղքման սկիզբը: Արցախի ապագան հայոց պետականության ապագան է, մեկը մյուսից չի տարբերվում, առավել ևս չի կարող լինել հակադրում, դա անթույլատրելի է:

Մենք պետք է լավ հասկանանք, որ հայոց գործոնի դերակատարությունը շատ բարձր է տարածաշրջանում ու երբևէ չմտածենք, թե միջազգային հանրությունը չի ճանաչի նոր սահմանները. շատ լավ էլ ճանաչելու է: Վերջին մեկ ամսում տեղի ունեցած դարակազմիկ զարգացումները դրա լավագույն ապացույցն են:

-Լավագույն նախադեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժան մաս ճանաչելն է: Արդյոք, ճի՞շտ ենք այս կարևոր փաստն օգտագործում:

-Թրամփը ճանաչելով Գոլանի բարձունքը որպես Իսրայելի մաս, դրանով մեզ լավ նվեր արեց: Եթե Ադրբեջանը միլիարդներ է ծախսում՝ չորրորդական կարգի եվրոչինովնիկներից ինչ-որ հայտարարություններ կորզելու համար, ապա ԱՄՆ նախագահը մեզ նվեր արեց՝ հայտարելով, որ այդ տարածը հսկայական նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար և ԱՄՆ-ը ճանաչում է այն: Հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, եթե պետությունն ագրեսիայի է ենթարկվում, ապա սահմանների ճանաչումը լեգիտիմ է:

Սա հրաշալի նախադեպ է մեզ համար: Սրանով նոր վեճ է բացվում, Իզրայել-Սիրիա պատերազմից 52 տարի անց՝ հայտարարվում է, որ սահմանների փոփոխությունը լեգիտիմ է: Եթե մենք լինենք միասնական ու ճիշտ աշխատենք, ապա ևս մի քանի տարի բոլորովին այլ իրավիճակ կունենանք: Այստեղ մեծ գործ ունեն անելու հայաստանյան լրատվամիջոցները, հասարակությունը: Անընդհատ պետք է խոսել ու բարձրաձայնել այս մասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ