Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է

hayastani-ou-arcaxi-mije-razamaqaxaqakan-dasinqi-knqoumn-anhrajestoutyoun-e

Երեկ տեղի ունեցավ քաղաքական աննախադեպ իրադարձություն. Հայաստանի ու Արցախի հանրապետություններն անվտանգության խորհրդի համատեղ նիստ անցկացրեցին: Նիստի աննախադեպ լինելն իրենց ելույթներում շեշտեցին Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Տեղի ունեցած նիստը ողջունվեց նաև քաղաքական բոլոր ուժերի կողմից՝ Հայաստանում և Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան բանակցային գործընթացը թևակոխել է նոր ու վճռական փուլ:

Համանախագահներն իրենց տարածած վիճահարույց հայտարարությամբ, փաստորեն հրապարակայնացրին այն, ինչ տեղի էր ունենում վարագույրից այն կողմ: Բացված խաղաքարտերն ի ցույց դրեցին, որ սա այլ բան չէ, քան հետնահանջ՝ 2007 թիվ: Քանի որ հայտարարության մեջ հիշատակված այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերն ամրագրված էին դեռևս 2007-ին բանակցությունների սեղանին հայտնված փաստաթղթի սկզբնական տեքստում: Հիշենք նաև, որ դեռ այն ժամանակ հայկական կողմը պնդում էր՝ այդ սկզբունքներն անորոշ են ու հարկավոր է որոշակիացնել:

Երեկ կայացած անվտանգության նիստում այս մասին հրապարակավ հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ դրանք տարընթերցում են առաջացնում, հետևաբար. «Բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումներ»:

Ի տարբերություն հայկական կողմերի, ամենևին պատահական չէ, որ Ալիևը ողջունեց համանախագահների հայտարարությունը, որովհետև այս փաստաթղթով Ադրբեջանը ստանում է իր ուզածը: Առաջին հերթին՝ ստանում է ազատագրված հայկական տարածքները: Այսինքն, Ալիևն այդ փաստաթուղթը կարող է ներկայացնել իր ժողովրդին՝ որպես հաղթաթուղթ: Ինչ վերաբերում է կարգավիճակին, այս հարցում էլ Ադրբեջանը ոչինչ չի զիջում:

Համանախագահները խոսում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հստակեցման մասին, շեշտում, որ դա արվելու է «կամքի արտահայտման միջոցով», սակայն հայտնի չէ, թե ո՞ւմ կամարտահայտության մասին է խոսքը: Ստացվում է, որ անգամ «տարածքներ՝ կարագավիճակի դիմաց» թեզը չի աշխատում, այլ շրջանառում են «տարածքներ՝ հանրաքվեի դիմաց» թեզը. սա արդեն աբսուրդի ժանրից է: Ընդ որում՝ հանրաքվե, որն անցկացվելու է ինչ-որ անորոշ ժամանակահատվածում, այսինքն, հանրաքվեի հարցում ևս չկա հաստակեցում ՝ ո՞վ է մասնակցելու ու ի՞նչ հարց է որոշվելու այդ հանրաքվեում:

Մի բան ակնհայտ է, որ այս փաստաթղթով Ադրբեջանն առհասարակ ոչինչ չի զիջում, զիջող կողմը միայն Արցախն է: Հետևաբար, հայկական կողմերը պետք է համանախագահներից պահանջեն հստակություն՝ ո՞ւր են մղում գործընթացը՝ ներկայացնելով իրարամերժ ու տարընթերցումների տեղիք տվող հայտարարություն, և ինչպես Փաշինյանը նկատեց՝ ո՞ւմ է թողնվում դրանք մեկնաբանելու իրավունքը:

ՀՀ վարչապետը հրավիրված անվտանգության նիստում արձանագրեց դարձյալ այն միտքը, որ ինքը որպես ՀՀ վարչապետ չի կարող խոսել Արցախի ժողովրդի անունից, չի կարող ներկայացնել Արցախը, ասել է, թե Հայաստանը չի կարող բանակցություններում փոխարինել Արցախին: Սրա հետ մեկտեղ հստակ ամրագրեց, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Նկատենք, որ սրանք կարևոր շեշտադրումներ են, բայց ոչ բավարար: Քանզի հասունացել է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությունը: Դաշինք, որը մի կողմից կնպաստի բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրացմանը, մյուս կողմից՝ կարձանագրի Հայաստանի եւ Արցախի անմիջական կապը իրավական դաշտում: Ի վերջո, կա օրենքով ամրագրված դրույթ, որ Հայաստանը կարող է պայմանագիր կնքել նաև չճանաչված սուբյեկտների հետ:

Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հարցը լուծվի այնպես, ինչպես ուզում է արցախցին, ուրեմն, պետք է ճանաչել Արցախի ժողովրդի կամքի արտահայտությունը՝ դա Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է: Բայց եթե այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները նպաստավոր չեն ճանաչման համար, ուրեմն մնում է մեկ ուղի՝ դա ռազմաքաղաքական դաշինքի կնքումն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ