Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Հայաստանում առաջին անգամ IT մարաթոն կանցկացվի

hayastanoum-arajin-angam-it-maraton-kanckacvi

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա IT մարաթոն՝ նախատեսված միայն IT համայնքի ներկայացուցիչների՝ անհատների և ընկերությունների համար։

Մարաթոնը կազմակերպվում է Brainbit գերմանա-հայկական մարկետինգային ընկերության կողմից, որի մարկետինգի տնօրեն Վահե Բաղդասարյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել սպասվող միջոցառումից:

«Մարաթոնի կազմակերպումը 3 հիմնական նպատակ է հետապնդում։ Նախ ցանկանում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ IT մասնագետները կկարողանան ոչ ֆորմալ միջավայրում ծանոթանալ, շփվել միմյանց հետ։ Երկրորդ նպատակը հետևյալն է՝ ոլորտի մասնագետների շրջանում զարգացնել առողջ ապրելակերպը, խրախուսել ֆիզիկական ակտիվությունը, քանի որ ինչպես հայտնի է, IT մասնագետները գլխավորապես նստակյաց կյանք են վարում, իսկ մարաթոնը նրանց կօգնի պոկվել աթոռներից ու որոշ ժամանակ սպորտով զբաղվել։ Իսկ մյուս ամենամեծ նպատակն ապակենտրոնացման խրախուսումն է»,- նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ մարաթոնը կազմակերպվելու է ոչ թե Երևանում, այլ Աշտարակում։ Այդպիսով փորձ է արվում մայրաքաղաքից բիզնես միջավայրը տեղափոխել մարզեր՝ նպաստելով մարզերի զարգացմանը։

Մարաթոնը կազմակերպվելու է երկու փուլով։ «Առաջինը 5 կմ վազքն է, ինչին հաջորդելու են զանազան սպորտային խաղեր։ Կլինի նաև փակման արարողություն, որի ընթացքում հաղթողներն ու մարաթոնի մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով ու գավաթներով»,- նշում է Վահեն։

Վերջինս նկատում է, որ մարաթոնի արդյունքում ձևավորվելիք ոչ ֆորմալ միջավայրում   IT մասնագետները կարող են նոր ծանոթություններ հաստատել, մտքեր  ու գաղափարներ փոխանակել, ու հավանական է, որ մարզասեր IT մասնագետների  թվում կլինեն այնպիսիները, որոնք կցանկանան նոր սթարթափեր ստեղծել ու նոր ծրագրեր կյանքի կոչել։

Մեր զրուցակիցը նշում է, որ մարաթոնի իրականացման գաղափարը բարձրաձայնելու հենց առաջին օրերից բազմաթիվ արձագանքներ ու առաջարկություններ են ստացել, դրական կարծիքներ լսել։ «Մարաթոնը հաջող ընթանալու դեպքում նպատակ ունենք յուրաքանչյուր տարի մարզկենտրոններում նման միջոցառումներ կազմակերպել՝ մարաթոնին հաղորդելով շարունակական բնույթ»: Այդպիսով, ինչպես Վահեն է նշում, կյանքի կկոչվի մարաթոնի գլխավոր նպատակներից մեկը՝ բացի մայրաքաղաք Երևանից մեր երկրի մնացյալ քաղաքները ևս զարգացում կապրեն։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ