Հայաստանում ընդլայնվում է անգլերենի ակումբների աշխարհագրությունը

am
hayastanoum-endlaynvoum-e-anglereni-akoumbneri-asxarhagroutyoune

Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբների աշխարհագրությունն ընդլայնվում է. Ջերմուկի ավագ դպրոցում բացվել է հերթական ակումբը, որն իրականացվում է «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ՄԹ փոխդեսպան Էլիսոն Չիկը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, իր գոհունակությունն է հայտնել, որ առավել մեծ թվով երեխաներ ողջ Հայաստանում կկարողանան օգտվել նոր ռեսուրսներից, տեխնոլոգիաներից և դասասենյակներից: «Դրանք կօգնեն նրանց զարգացնել ավելի ճկուն մտածելակերպ և սովորել տարբերվող մեթոդաբանությամբ: Սովորելով անգլերեն՝ նրանք միջազգային հաղորդակցության մեջ ավելի անկաշկանդ կլինեն և կկարողանան աշխարհում հանդես գալ որպես Հայաստանի դեսպաններ»,-նշել է նա:

ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանն իր հերթին նշել է, որ ծրագիրը կարևոր և ստացված համագործակցության արդյունք է: «Ծրագրի մասնակից բոլոր կողմերը վստահ են, որ այն լրջագույն արդյունք է ունենալու աշակերտների, ուսուցիչների և, առհասարակ, համայնքի զարգացման գործում: Սա շատ կարևոր քայլ է՝ մեր ուսուցիչներին միավորելու աշխարհի ուսուցիչների հետ, ովքեր ցանկություն ունեն համագործակցել, նորովի ուսուցանել և ստանալ այնպիսի արդյունք, որը կգոհացնի ոչ միայն իրենց, այլ նաև բոլոր շահառուներին:

Բացի այդ, այս ծրագիրը հնարավորություն կտա մեր աշակերտներին չմեկուսանալ, բացվել դպրոցի, համայնքի ներսում, մարզից դուրս, և, առհասարակ, ամենուր և ունենալ իրենց ներդրումը կրթության զարգացման մեջ, ուսումնասիրել մյուս ազգերի պատմությունը և մշակույթը այդ լեզուներով, ապա արժևորել մեր ազգայինը և այն տարածել այլ լեզուներով»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի շրջանակում ձեռքբերված հաղորդակցության և բանակցությունների հմտությունները հնարավորություն կտան այլ տեսանկյունից սովորել և շփվել:

Ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել /տեսանկարահանել/ իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:

Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ