Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Նաիրա Զոհրաբյան

am
hayastanoum-hexapoxoutyan-arajin-sarqeroum-kanayq-ein-naira-zohrabyan

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 25-ին քննարկել է Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշել, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական,  հանցագործություն է եւ պետք է պատժվի օրենքով։ Նա հավելել է, որ թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է. 

«Կանանց հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, եւ ես կարեւորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, եւ այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն  մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Եվրոպայի Խորհուրդը  անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական  իրավական գործիքն է։  Հայաստանը, որպես յուրահատուկ  արժեքներ կրող երկիր, մեծապես  կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եւ պատահական չէ, որ  Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։

Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ  2017թ.-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում  բռնության կանխարգելման մասին»  օրենքը: Օրերս Հայաստանում  մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաեւ արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։  

Եւ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց  բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել եւ  քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը: 

Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։  

 

Եւ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարեւորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ