Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայաստանում շուրջ 30 տարի կառավարման «ֆեյք» մոդել էր գործում, բայց այդ շռայլությունն այլևս չենք կարող թույլ տալ. Անուշ Բեղլոյան

hayastanoum-sourj-30-tari-karavarman-feyq-model-er-gorcoum--bayc-ayd-srayloutyounn-ayles-cenq-karox-touyl-tal-anous-boxloyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Բեղլոյանը:

-Դուք ակտիվ քաղաքականությամբ երբեք չեք զբաղվել, չնայած տարիներ շարունակ աշխատել եք հաղորդակցության ոլորտում և տեղյակ եք շատ ու շատ խնդիրների, նաև այն մարտահրավերներին, որ կան Հայաստանում: Ինչո՞ւ որոշում կայացրիք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչպե՞ս հայտնվեցիք «Իմ քայլը» դաշինքում և ո՞րն է լինելու Ձեր դերը ապագա խորհրդարանում:

-Ես մոտավորապես, 15-20 տարի աշխատում եմ հաղորդակցության ոլորտում, մինչև այդ էլ աշխատել եմ նաև որպես ծրագրերի ղեկավար, ֆինանսական կադրերի պատասխանատու և այլն: Որպես հաղորդակցության մասնագետ՝ բավականին լավ տեղյակ եմ մեր երկրի անցած ճանապարհից, հաջողություններից ու բացթողումներից, և միշտ զգացել եմ, որ այդքան էլ բավարարված չեմ այն առաջընթացով , որ մեր երկիրը արձանագրում է այս տարիների ընթացքում: Լինելով հանրային դաշտում ակտիվ մարդ և մասնագետ՝ ես, դժբախատաբար, չէի տեսնում հնարավորություն՝ ինչ-որ ձևով ազդելու այդ գործընթացների վրա: Բոլորս էլ հասկանում ենք, որ բավականաչափ սահմանափակ էին հնարավորությունները թե՛ պետական համակարգում, թե՛ ընդհանրապես կառավարման ոլորտում: Այս թավշյա հեղափոխությունը մեզ տվեց հույս և հնարավորություն՝ մեր մանսագիտական ուժերն ու փորձը ներդնելու պետության զարգացման գործում:

«Իմ քայլը» դաշինքում հայտվեցի քննարկումների արդյունքում: Ստացա առաջարկ մասնակցել ընտրություններին որպես համամասնական և ռեյտինգային թեկնածու և ընդունեցի առաջակը: Կարծում եմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ քայլը» դաշինքը նկատեցին, որ իմ փորձն ու գիտելիքները բավարար ու պահանջված են պետական շինարարության գործում:

Ես լավատես եմ: Այն դեպքում, եթե մեր կուսակցությունը ստանա ժողովրդի քվեն, ես մեծ ակնկալիքներ և մեծ նախագծեր ունեմ:

-«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հրապարակումից հետո հնչեցին քննադատություններ: Ձեր ընդդիմախոսներն ասում էին, թե ցուցակում ներառված են երիտասարդ ու անփորձ մասնագետներ, ովքեր նույնիսկ պետական մտածողություն չունեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս քննադատություններին և որպես «Իմ քայլը» դաշինքի թեկնածու՝ ի՞նչ ընդհանրական նկարագիր կտաք ձեր թիմին:

-Ասեմ, որ այսօր աշխարհում երիտասարդ ու հաջողակ քաղաքական գործչների ու բիզնեսմենների թիվն օրեցօր աճում է: Մենք համաշխարհային քաղաքական ասպարեզում տեսնում ենք երիտասարդ ազգային առաջնորդների վերելք, լինի դա Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Կանադայում: Այսինքն, այն երկրներում, որոնք ամենամեծ ներդրումն ունեն համաշխարհային տնտեսական զարգացման մեջ, իշխանության գալիս են երիտասարդ մասնագետներ: Դա ժամանակի թելադրանքն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, պետք է ցավով արձանագրենք, որ վերջին 20-30 տարվա պատմությունը մեզ հուշում է՝ պետական կառավարման համակարգում մրցակցություն չի եղել, և միջին մենեջմենթի մակարդակում ընտրությունը հիմնված է եղել ոչ այնքան մարդու մասնագիտական և կառավարման ունակությունների վրա, որքան, օրինակ, կոռուպցիոն պայմանավորվածությունների և այլ հանգամանքների:

Մեր պետական կառավարումն ավելի շատ սիմուլյացիա էր, քան թե կառավարում: Այսպիսի մի քաղաքական տերմին կա՝ «կործանված երկիր»: Երբ երկիրը չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել, համարվում է «կործանված»: Բայց մենք ոչ թե «կործանված», այլ «ֆեյք» երկիր էինք, այսինքն, մի պետություն, որտեղ, թվում է, թե բոլոր ինստիտուտներն աշխատում են, հարկեր են հավաքվում, ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, բայց իրականում դա ուղղակի սիմուլյացիա է:

Այսօր մենք այլևս այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև մարտահրավերները մեծ են, հնարավոր չէ այդպես երկար ապրել: Մեր պետական պարտքը հասել է այն մակարդակին, որը տագնապ է առաջացնում գալիք սերունդների ճակատագրի համար: Այսօր մենք խնդիր ունենք ռեալ կառավարման մոդել կառուցել, և ինձ մոտ տպավորություն է, որ այսօր նորից ենք սկսում կառուցել պետական ինստիտուտները:

Երիտասարդների ներգրավումը պետական կառավարման համակարգում կարևոր է, որովհետև նրանք ունեն եռանդ, հոգնած ու հուսահատված չեն: Իսկ եթե համեմատում ենք մասնագիտական գիտելիքների միջին մակարդակը, այսպես ասած, երիտասարդ մասնագետների և այն մարդկանց, ովքեր 30 տարի կառավարել են՝ փոխարինելով մեկը մյուսին, ապա ես չեմ տեսնում, որ իրենց վերջնարդյունքը հուսադրող է:

-Դուք նշում եք, որ մեր երկրում շուրջ 30 տարի կառավարման «ֆեյք» մոդել է գործում: Նոր իշխանություններն ի՞նչ ծրագրերով և ռազմավարությամբ են պատրաստվում փոխել այդ մոդելը: Անցած 6 ամսիների ընթացում, կարծես թե, ռեալ ծրագրեր չեն առաջարկվել:

-Շատ ափսոս, որ մենք զրուցում ենք մեր դաշինքի ծրագրի հրապարակումից երկու օր առաջ: Իրականում շատ լուրջ աշխատանքն է տարվում ծրագրերի մշակման ուղղությամբ, և ես կարող եմ ասել, որ դա զարգացման ծրագիր է լինելու:

Ծրագրի հիմնական դրույթները նվիրված կլինեն տնտեսական կայուն զարգացմանը, արտաքին ու ներքին անվտանգության հարցերին, սոցիալական ու կրթության ոլորտների զարգացմանը և այլն:

Օրինակ, երբ խոսում ենք սոցիալական ոլորտի մասին, մի այսպիսի հարց է առաջանում: Եթե ես ապրում եմ պետության մեջ, պետությունն ինձ հետ պետք է ունենա, այսպես ասած, «սոցիալական պայմանագիր»: ՀՀԿ-ի առաջարկած «պայմանագիրն» այն էր, որ դու ոչինչ մի ցանկացի, մենք կապահովենք քո նվազագույն պահանջները: Սակայն այդպիսի մոդելը չի կարող արդյունավետ լինել, քանի որ միշտ ծախսերը գերազանցում էին եկամուտներին: Դա բերեց նրան, որ ներքին անբավարարվածությունը, ջղայնությունն ու զայրույթը դուրս եկավ, ու նախկին իշխանությունը ստիպված էր հեռանալ:

-Երեք օրից սկսվելու է քարոզարշավը: Եթե հետ ենք նայում, Երևանի ավագանու քարոզարշավը բավականին բուռն անցավ, որովհետև ի սկզբանե, գուցե ոչ միտումնավոր, դրվեց «սևերի» ու «սպիտակների» բաժանումը, ու հետագա զարգացումներն իրենց բովանդակությամբ նման էին հայտնի «մաֆիա» խաղին, որտեղ «սպիտակները» փորձում են գիշերները բռնել «սևերին»: Այսօր՝ նոր խորհրդարան ստեղծելու ճանապարհին արդյո՞ք կա վտանգ, որ ամեն ինչ կտարվի նույն ուղղությամբ, այսինքն, կունենանք ոչ թե գաղափարական ու ծրագրային, այլև «սևերի» ու «սպիտակների» պայքար:

-Կարծում եմ, այս ընտրարշավը կլինի շատ հետաքրքիր և շատ բուռն, սակայն սևի ու սպիտակի գաղափարը, մենք տեսնում ենք, որ դեռևս մեր մրցակիցներից մեկի միջոցով է ներքաշվում ընտրապայքար: Դա ՀՀԿ-ն է, որը նույնիսկ իր բրենդն ու նախընտրական քարոզն է կառուցում այդ ծայրահեղությունների վրա՝ նսեմացնելով ընտրողի դատողությունը: Իրենք հայտարարում են, որ կա «Իմ քայլը» դաշինքը և կան իրենք, իսկ մեզ համար դա բացարձակապես անընդունելի է, որովհետև մենք տեսնում ենք քաղաքական դաշտը բոլոր գույներով և տեսնում ենք այդ դաշտում շատ լուրջ գործընկերների, որոնք ունեն բովանդակային և հետաքրքիր առաջարկներ: Մենք հարգանք ունենք յուրաքանչյուր մասնակցի հանդեպ ու չենք ընդունում այդպիսի բաժանումը:

Մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ