Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Հայկական ավանդական ընտանիք. նահապետի և տանտիկնոջ դերը ընտանիքում

am
haykakan-avandakan-entaniq-nahapeti-e-tantiknoj-dere-enteaniqoum

Նահապետական գերդաստանը կամ ընտանիքը ձևավորվել է մայրական տոհմի քայքայումից հետո, երբ հասարակական կյանքի այլ բնագավառներից բացի տղամարդն իր ձեռքն է վերցրել նաև ընտանիքի ղեկավարությունը: Այն նախապես ընդգրկել է հայրական կողմից միևնույն նախնուց սերած 4-5 սերունդ: Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: Հայկական գերդաստանների անդամների թիվը հասնում էր մինչև 70-100 հոգու: Նահապետական գերդաստանը գոյատևեց միայն գյուղական բնակավայրերում, իսկ քաղաքներում համատարած բնույթ էին կրում փոքր կամ անհատական ընտանիքները:

19-րդ դ. վերջին 20-րդ դ. սկզբին ավանդական հայ ընտանիքում տիրող ներքին կյանքը, վարքն ու բարքը դեռևս խարսխվում էին դարերի խորքից եկող նահապետական ավանդույթների վրա, որոնք էլ պայմանավորում էին ընտանիքի յուրաքանչյուր անդամի տեղն ու դերը ներընտանեկան կյանքում: Ընտանիքում խիստ կարևոր էր աշխատանքի բաժանումը՝ ըստ սեռի, տարիքի, կարգավիճակի, տնտեսության ճյուղերի և աշխատանքի բնույթի:

Դա հատկապես ակնառու դրսևորվել է նահապետական գերդաստանի նիստ ու կացում, որտեղ զբաղմունքները բաժանված են եղել. դրսի աշխատանքը տղամարդկանց, իսկ ներսինը՝ կանանց միջև: Նահապետական ընտանիքի ներքին աշխատանքների սեռա-տարիքային բաժանումը սովորութային իրավունքի չափանիշներով մեծապես նպաստում էր տվյալ ընտանեկան կառույցի հարատևմանը որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում՝ հայտնի չափով ապահովելով գերդաստանի անդամների համերաշխ գոյակցությունն ինչպես միմյանց, այնպես էլ գյուղական համայնքի հետ հերաբերվելիս:

Գերդաստանն ուներ կայուն կազմ, կուռ ղեկավարություն, փոխհարաբերությունները կարգավորող կարգ ու կանոն, որոնք դրսևորվում էին սովորութային իրավունքի միջոցով:

Հատկապես կարևոր էր գերդաստանի նահապետի և նրա տիկնոջ դերը, որոնք առաջնորդվելով նշված չափանիշներով, կարողանում էին հաստատուն պահել հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի ամրությունը:

Գերդաստանի նահապետի իրավունքներն ու պարտականությունները

Գերդաստանի ղեկավարը՝ /նահապետ, տան խոսող, սպիտակ մորուք, տանտեր, տան գլուխ, տան մեծ, տան ղեկող/ ավագ տղամարդն էր: Նրա ձեռքում էր կենտրոնացված ընտանիքի բյուջեն: Նա ինքնակամ կարող էր տնօրինել ինչպես գերդաստանի ողջ սեփականությունն ու ունեցվածքը, այնպես էլ ընտանիքի անդամների ճակատագրերը: Գերդաստանի ներքին կյանքն ու տնտեսական գործունեությունը կազմակերպում էր հենց նահապետն, ով օժտված էր անսահմանափակ իրավունքներով և իշխանությամբ:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց ամեն մի արարքի համար նրան մանրամասն հաշիվ տալ, բայց վերջինս տան անդամների առաջ հաշվետու չէր: Տանտերը տունը գլխավորում էր մինչև խոր ծերություն: Նահապետի մահից հետո նրա պարտականություններն անցնում էին ավագ որդուն: Գերդաստանի ներքին կյանքին վերաբերող կարևոր հարցերը նահապետը վճռում էր տարեց տղամարդկանց հետ խորհրդակցելով: Համայնքում ընտանիքի շահերը պաշտպանելու իրավունքը ևս նահապետինն էր:

Գերդաստանում ամենամեծ հեղինակություն վայելողը տանտերն էր: Երբ նա ներս էր մտնում, տանը գտնվող բոլոր անդամներն անհապաղ ոտքի էին ելնում ու խոնարհաբար գլուխ տալիս: Ճաշելիս նահապետը բազմում էր սեղանի ամենապատվավոր տեղում և ուտելիքներից առաջինը բաժին էր հանվում նրան: Նահապետի խոսքն օրենք էր բոլորի համար, բայց միաժամանակ աշխատում էր իր խստությամբ դժգոհություն չառաջացնել գերդաստաանում:

Տանտիկնոջ դերն ու դիրքը հայ ավանդական ընտանիքում

Իրավունքներով, դիրքով և հեղինակությամբ գերդաստանում երկրորդ դեմքը տանտիկինն էր, որը նահապետի հավատարիմ օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակություն ապահովողն էր: Վերջինս կարգավորում էր տնային տնտեսությունը, հետևում հարսների ու աղջիկների պարտականությունների կատարմանը: Ուժեղ բնավորություն ունեցող տանտիկինն ամուսնու մահվան դեպքում շարունակում էր ղեկավարել տունը՝ օգնական ունենալով ավագ որդուն:

Գերդաստանին հացավորողը տանտիկինն էր: Նրա ձեռքում էին կենտրոնացած սննդամթերքի մառանների բանալիները: Նա ուներ տնային ապրանքների փախանակման, մանր կարիքների համար վաճառելու կամ գնելու իրավունք, հոգում էր տան անդամների հագուստի և այլ կարիքները, ու դրամն էլ նահապետի հանձնարարությամբ, երբեմն պահվում էր վերջինիս մոտ: Թեև տանտիկնոջ իշխանությունը տարածվում էր միայն իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, այնուամենայնիվ, նա հարգված էր բոլորի կողմից, քանզի գերդաստանի ներքին միասնությունն ու անդորրն ապահովողը, պահպանողը, ընտանիքի անդամների վրա նահապետի իշխանությունը տարածողը նա էր: Հարսներն իրենց տրտունջներն ու բողոքները նրան էին հայտնում: Նա էր իգական սեռի և երեխաների դաստիարակը, աշխատանքի փորձառու կազմակերպիչը, բարոյական կանոնների ուսուցիչը: Խրատում էր հարսներին բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները, բարձր պահել օջախի անունն ու հեղինակությունը, հարգանքն ու պատիվը, չկանխել սերնդաճը:


Տանտիկնոջ պարտքն էր հարսներին դաստիարակել տան և տոհմի սովորույթներով, ազգային ինքնագիտակցությամբ, մեծերի, նախնիների և ավանդույթների հանդեպ հարգանքով, միմյանց նկատմամբ համերաշխությամբ: Նա հարսներին դաստիարակում էր նաև իրենց իսկ երեխաներին նման կերպ դաստիարակելու համար: Նրա սևեռուն ուշադրության կենտրոնում էր գերդաստանի մանկահաս աղջիկների ու տղաների դաստիարակության խնդիրը: Մանկուց աշխատասեր դարձնելուց բացի սերմանում էր հարգանք ու հնազանդություն մեծերի, իսկ հետագայում ամուսնու և նրա տան անդամների հանդեպ: ՄԵծ մոր վրա էր դրված կանանց աշխատանքային դաստիարակությունը՝ տվյալ գերդաստանի սովորություններին համապատասխան: Աղջիկներին և նորատի հարսներին նա սովորեցնում էր կանացի աշխատանքի բոլոր ձևերը՝ հաց թխելը, կերակուր, կաթնամթերք պատրաստելը և այլն: Նահապետի կինը նաև ամուսնու գլխավոր խորհրդատուներից մեկն էր: Վերջինս մեծ դեր էր կատարում գերդաստանի հարաբերությունները հավասարակշռելու տեսակետից: Նա էր ամուսնու լրատուն ու լրատարը:

Նահապետի և տանտիկնոջ նկատմամբ խոր հարգանք էին ցուցաբերում ոչ միայն գերդաստանի, այլև համայնքի անդամները՝ ասելով. «Ով մեծին չի հարգում, նա Աստծուն էլ չի ճանաչում»:

Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով: Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով դարերի փորձությանը և, իհարկե, կրելով նաև ժամանակների ազդեցությունը, այն այսօր էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը:

Ասյա ԱԲՈՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ