Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայկական դրամը 25 տարեկան է

am en ru
haykakan-drame-25-tarekan-e

Հայաստանի ազգային արժույթը՝ ՀՀ դրամը 25 տարի առաջ մտավ գործածության մեջ և փոխարինեց ռուբլուն։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին թողարկվեցին 10-ից մինչև 5000 դրամ անվանական արժեքով առաջին սերիայի թղթադրամները: Ավելի ուշ՝ 1994 թվականին, շրջանառության մեջ մտավ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ վերջին ամենախոշոր՝ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը թողարկվեց 1995 թվականին:

1997 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվեց 100 դրամ անվանական արժեքով «Չարենց-100» մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից: Հոբելյանական այս մետաղադրամը նվիրված է հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին:

2001 թվականի հունիսի 6-ին թողարկվեց ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին:

2002 թվականի հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել 2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որն իր ձևավորմամբ կրկնում է 1999 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշներով:

2003 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ են դրվել 20 դրամ անվանական արժեքով, իսկ մարտի 31-ից՝ 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները:

2003 թվականի հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրվել 2003 թվականի նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է 1999 թվականի նմուշի 5000 դրամանոց թղթադրամից նոր պաշտպանական հատկանիշներով: Սա հիմնականում պայմանավորված էր թղթադրամների դրամանենգության դեմ պաշտպանվածության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

2003 թվականի նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006 թվականի և 2008 թվականի նմուշները:

2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:

2007 թվականին շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով:

2009 թվականի օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:

1993 թվականից մինչև 1995 տպագրված թղթադրամները շրջանառությունից հանվեցին 2005 թվականին։

Հայկական դրամի գրաֆիկական խորհրդապատկերը գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի հայտնվելը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցել է փաթեթի պատճենը Գարեգին Բ Կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։ Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արտուչյանի առաջարկած տարբերակները։

2003 թվականին այդ գրանշանը ներառվում է 10.000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը նոր թղթադրամների մասին պատմող տեսանյութ է տարածել:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը: Շրջանառության մեջ կմտնի նաև նոր՝ 2000 դրամ անվանակն արժեքով թղթադրամը՝ Տիգրան Պետրոսյանի պատկերով: Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնան 100 հազար դրամ անվանական արժեքով Աբգար արքայի պատկերով թղթադրամը և այժմ գործող նախորդ սերնդի թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ