Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հայկական ինսոմնիայի առանձնահատկությունները

haykakan-insomniayi-arancnahatkoutyounnere

Գոյություն ունի մի հետաքրքիր կիռարական գիտություն, որը կոչվում է սոմնոլոգիա: Այն իրենից ներկայացնում է բժշկության և նեյրոկենսաբանության յուրահատուկ խառնուրդ և զբաղվում է քնի պրոբլեմների ուսումնասիրմամբ, մասնավորապես, այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են քնի պաթոլոգիաները, դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, բուժման եղանակները և այլն: Այդ գիտությունը դեռևս բավական երիտասարդ է և երբեմն մասնագետները հնչեցնում են իրարամերժ կարծիքներ: Բայց չնայած դրան, գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ, որոնց շուրջ գիտնականները հիմնականում համակարծիք են:

 

Այդպիսի մի օրինաչափության մասին օրերս խոսեց միջազգային հեղինակություն վայելող ռուսաստանցի բժիշկ-սոմնոլոգ Ալեքսանդր Պալմանը: Նա կարծիք հայտնեց, որ չնայած յուրաքանչյուր մարդու քնի պահանջը կախված է անձնային առանձնահատկություններից, մասնավորապես՝ գենետիկ գործոնից, սակայն նորմալ է համարվում 7-8 ժամ տևողությամբ քունը: Դրանից ավելի (հիպերսոմնիա) կամ պակաս (ինսոմնիա) տևող քունը վկայում է որոշակի խնդիրների մասին՝ ֆիզիկական, առողջական, հոգեբանական:

 

Նախորդ գիշեր որոշեցի մի փոքր հետազոտություն կատարել, սովորականից ավելի նստելով համակարգչի առջև: Ինձ հետաքրքրում էր, թե ի՞նչ վիճակում է գտնվում համացանցի հայաստանյան հատվածը գիշերային ուշ ժամերին: Մի կերպ դիմացա մինչև ժամը երեքը, քանի որ սովորաբար բավականին շուտ եմ քնում և վաղ էլ արթնանում: Արդյունքում մի քանի հետաքրքիր հայտնագործություն կատարեցի, որոնք, ցավոք, նեգատիվ բնույթ էին կրում:

 

Առաջինը՝ պարզվում է, որ մեզանում, եթե հավատանք համացանցին, ակնհայտորեն գերիշխում է ինսոմնիան: Համենայն դեպս, դատելով իմ ֆեյսբուքյան էջի նորությունների բաժնում մի քանի վայրկյանը մեկ հայտնվող թարմացումներից: Հատուկ ընդգծում եմ. ինձ հետաքրքրում էր հատկապես հայալեզու ներկապնակը: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ արթուն հայ օգտատերերի 50 տոկոսը գտնվում է տրամագծորեն այլ ժամային գոտում, միևնույն է, այդ քանակն աննախադեպ էր:

 

Երկրորդ հայտնագործությունս միգուցե այդքան էլ հայտնագործություն չէր. տեղադրվող գրառումների կամ նյութերի գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էր քաղաքականությանը: Չնայած գիտակցում էի, որ վերջին մեկ տարում մենք հասցրեցինք դառնալ աշխարհի ամենաքաղաքականացված ազգը, բայց միամտորեն ենթադրում էի, որ այդ ուշ ժամին գերակայությունները մի փոքր այլ կլինեն:

 

Եվ էքսպերիմենտիս երրորդ՝ ամենատհաճ արդյունքը: Սովորություն չունեմ հետևել այլ անձանց կողմից տեղադրված նյութերի տակ դրվող մեկնաբանություններին, առավել ևս՝ քաղաքական, սակայն այս անգամ որոշեցի խախտել ավանդույթը: Եվ սարսափեցի, տեսնելով ամենավերջին փողոցային հայհոյանքներ, որոնց հեղինակները մեծի մասամբկանայք էին, որքանով կարողանում էի դատել, հիմնականում՝ «բալզակյան պլյուս» տարիքի: Մի մարդու համար, որը համարում է, որ կնոջ վրա ձեռք բարձրացնելը կամ կնոջը հայհոյելը վայրենության նշան է, նման՝ անցյալ դարի սկզբի կառապաններին հարիր հայհոյանքները փխրուն էակների կողմից հնչեցնելը, ավելի ճիշտ՝ ի ցույց աշխարհի դնելը, այն էլ խորը գիշերով, համարժեք էր շոկի: Դեռևս մի քանի տարի առաջ նման բան միայն մղձավանջային երազում կարելի էր տեսնել:

 

Փաստորեն, ճի՞շտ է բժիշկ Պալմանը, և մենք լուրջ հոգեբանական խնդիրներ ունենք: Թե՞ ամեն ինչ շատ ավելի վատ է, և մեր ազգի գլխին ինչ-որ դիվական փորձ է կատարվում՝ ազատ արձակելով մարդկանց ներսում կուտակված նախնադարյան ագրեսիան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ