Պետք է կանգնեցնել Ադրբեջանի ձեռքով Ղազախստանում բորբոքվող հակահայկական քարոզը

haykakandivanagitoutyoune-petq-e-kangnecni-adrbejani-cerqov-xazaxstanoum-sksvac-hakahaykakanqaroze

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԹՇՆԱՄԱՆՔ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Այլևս ակնհայտ է, որ որոշ ուժերի ակտիվ ջանքերով ամեն ինչ արվեց, որպեսզի Ղազախստանի Կարագանդա քաղաքում կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը ստանա ազգային երանգ, մղվի ազգամիջյան հարաբերությունների դաշտ: Նպատակը պարզ է՝ դեպքն օգտագործել ու ազգամիջյան թշնամանք հրահրել հայ և ղազախ ժողովուրդների միջև: Այսինքն, սադրանք հրահրողներն այն ուժերն են, որոնց ձեռնտու չեն երկու երկրների՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև բարեկամական, հարթ հարաբերությունների առկայությունը:

Եթե հետևենք այս օրերին տեղի ունեցած դեպքերի ընթացքին, ապա բավական մտահոգիչ պատկեր կնկատենք: Այսպես. Կարագանդայի ոստիկանությունն ի սկզբանե տարածեց հայտարարություն, համաձայն որի, կատարված սպանության մեջ կասկածվում էին ադրբեջանցի երկու եղբայրներ: Սակայն ժամեր անց շեշտադրումները փոխվեցին, ադրբեջանցի կասկածյալներին «մոռացած»՝ հետախուզում հայտարարվեց հայ երիտասարդի՝ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ և լրատվամիջոցներն սկսեցին մեղադրանքի սլաքն ուղղել հայազգի Նարեկի ուղղությամբ:

Ակտիվորեն գործի անցան ադրբեջանական հետք ունեցող լրատվամիջոցները՝ առաջին պլան մղելով սպանության մեջ կասկածվողի ազգությունը: Սա խիստ վտանգավոր երևույթ է, մանավանդ, Ղազախստանի նման բազմազգ երկրի համար: Եվ մենք տեսանք, թե ազգության շեշտադրումը ինչպիսի վտանգավոր զարգացումների առիթ դարձավ. ցուցարարները սարսափելի կոչեր էին հնչեցնում՝ «այրել հայերին»: Ադրբեջանական կողմի հրահրած ազգամիջյան սադրանքը կոտրվեց նաև իրենց գլխին. ղազախների մի խումբ հարձակվեց «Բաքու» կոչվող ռեստորանի վրա, հնչեցնելով կոչեր՝ «Հեռացեք մեր երկրից, դուք եք սպանել մեր ղազախ եղբորը»:

Կատարվածն իրականում կենցաղային միջադեպ էր՝ ողբերգական ելքով, մինչդեռ հատուկ շրջանառվեց, թե ազգությամբ հայի ձեռքով է այն տեղի ունեցել:

Նպատակները հեռահար են, որոշ փորձագետներ կանխատեսում են, թե հիմքեր են ստեղծվում երկրի ներսում քաղաքացիական շարժումներ սկսելու համար, ու փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրա մեղավորը տեղի հայերն են:

Ադրբեջանական մամուլը չափազանց ակտիվորեն է կատարում ապատեղեկատվություն տարածողի դերը, առաջին իսկ օրից հենց ադրբեջանական զլմ-ները շրջանառեցին, որ տեղի է ունեցել միջադեպ ղազախների ու հայերի միջև, և դա այն դեպքում, երբ վիճաբանող խմբերի մեջ եղել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ և՛ ղազախներ, և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ, և՛ ռուսներ:

Պարզեցինք, որ Ղազախստանում գործում են ադրբեջանամետ մի շարք լրատվամիջոցներ, որոնք գրանցված չլինելով այդ երկրում՝ զբաղված են սադրանք հրահրելով: Դրանցից մեկը «Բասյա» կոչվող լրատվամիջոցն է: Վերջինիս ձեռքով էլ «հունձվեց» նաև այս սադրանքը՝ շրջանառության մեջ դրվեց, թե միջադեպը ազգային բնույթ ունի, բախումը եղել է հայերի ու ղազախների միջև:

Տեղեկատվական դաշտի մասնագետներն արձանագրում են՝ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, Ղազախստանում՝ հանձին հայերի, ստեղծվում է ներքին թշնամու կերպար:

Փորձենք նաև հասկանալ՝ այս ամենի հետևում չկա՞ն առավել խորքային իրողություններ. փաստերն հուշում են, որ հակահայկականության հիմքերը դրվել են դեռ տարիներ առաջ:

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԵԼ ԵՆ ԴԵՌ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ

2009-ին Նախիջևանում տեղի ունեցած թուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովից հետո ընդունվում է մի փաստաթուղթ, որի հիմքում հակաքրիստոնեական ու, մասնավորաբար, հակահայկական քարոզչության իրականացումն է: Դրանից հետո, փորձագետների գնահատմամբ, Ղազախստանում, ուր կա 30 հազարանոց հայկական համայնք, մեծ թափ է առնում հակահայական քարոզչությունը: Իսկ դրա առաջին պտուղները երևա եկան այն ժամանակ, երբ սկսվեց հայազգի Լևոն Միրզոյանի վաստակի ու կատարած գործի նսեմացումը:

Ո՞վ էր արցախյան արմատներով Լևոն Միրզոյանը, ում ղազախ ժողովուրդը սիրով նաև Միրզա ջան էր կոչում...

Կարագանդայում կատարված դեպքն առիթ դարձավ թերթելու պատմության էջերը, որն իր մեջ ամփոփում է երկու ժողովուրդներին կապող հետաքրքիր փաստեր:

Հիշատակման արժանի փաստ է այն, որ Ղազախստանի ԿԿ Առաջին քարտուղարը եղել է ազգությամբ հայ, արմատներով արցախցի Լևոն Միրզոյանը (ծնվել է 1897 թվականի Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում): Լևոն Միրզոյանը եղել է այն անձը, ում ղեկավարման տարիներին Ղազախստանը կայացավ որպես պետություն. ղազախների հայրենիքը՝ հայազգի Միրզոյանի ղեկավարման օրոք (1933-38թթ.) ստացավ միութենական հանրապետության կարգավիճակ՝ մտնելով ԽՍՀՄ կազմ, ապա ընդունեց իր առաջին Սահմանադրությունը:

Լևոն Միրզոյանն իր նոր հայրենիքի համար արեց այն, ինչ իրենք՝ ղազախներն էին երազում: Նա Ղազախստանը ղեկավարեց մի այնպիսի բարդ ժամանակահատվածում, երբ սովից մահացածների թիվն անցնում էր մեկ միլիոնը, իսկ բնակչության 48% արտագաղթել էր... Չկար գյուղատնտեսություն, արդյունաբերություն, բայց նրան հաջողվեց ավերակների վրա պետություն կառուցել: Նորաստեղծ հանրապետությունը գրանցեց տնտեսական մեծ հաջողություններ, ապրեց մշակութային զարգացում, բնակչությունը կտրուկ աճ գրանցեց: Նրա ղեկավարության տարիներին է հիմադրվեց Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիան: Լևոն Միրզոյանի օրոք է ձևավորվել Ղազախստանի Երաժշտական թատրոնը, Պետական ֆիլարմոնիան...

1937-ը ծանր ժամանակ էր ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ ղազախների համար: Սակայն բազմաթիվ ղազախ մտավորականներ շնորհիվ Լևոն Միրզոյանի, կարողացան խուսափել ստալինյան բռնաճնշումներից: Հանուն Ղազախստանի կատարած նրա քայլերը չներեց Խորհրդային իշխանությունը. Միրզոյանը որակվեց որպես ղազախական նացիոլաիզմի ներկայացուցիչ ու Ստալինի հրահանգով՝ գնդակահարվեց: Սակայն ո՞վ կմտածեր, որ կգան ժամանակներ, երբ ազնիվ հայի գործունեությունը գլխիվայր կներկայացվեր, կնենգափոխվեր...

Տասնամյակներ շարունակ Լևոն Միրզոյանը մեծ հարգանք է վայելել Ղազախստանում: Երկրի մի շարք քաղաքներում նրա անվամբ էին կոչվում բազմաթիվ փողոցներ, շրջաններ. Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական պողոտան ևս կրում էր Լևոն Միրզոյանի անունը, տարբեր քաղաքներում կանգնեցվում էին նրա արձանը:

Սակայն, ինչպես ասացինք, ամեն ինչ այլ ընթացք ստացավ 2009-ին՝ թուրքալեզու երկրներ ղեկավարների հայտնի գագաթաժողովից հետո: Իսկ արդեն 2014-ին Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքական «սիրախաղի» արդյունքում այլևս նկատելի դարձան փոփոխված իրավիճակի արդյունքները: Նախ Լևոն Միրզոյանի հարցում տեղի ունեցավ նրա վաստակի կտրուկ արժեզրկում: Ղազախ պատմաբանները թուրքական ու ադրբեջանական գործոնի ազդեցությամբ, պատմական փաստերը կեղծելով, հանկարծ «պարզեցին», որ Լևոն Միրզոյանն ինքն է նպաստել, որ շատ ղազախներ ենթարկվեն ստալինյան բռնաճնշումների: Մինչդեռ հենց նույն Միրզոյանը, ինչպես նշեցինք, ինքը դարձավ ստալինիզմի զոհը՝ գնդակահարվելով որպես ղազախական նացիոնալիստ:

Լևոն Միրզոյանի անվան շուրջ տարածվող կեղծ լուրերը հանգեցրեց նրան, որ անվանափոխվեցին նրա անունը կրող փողոցները, կառույցները, այդ թվում և Ղազախստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան, քաղաքներից հեռացվեցին նրա բոլոր արձանները:

Այս ամենն իրականում ուղղված էր հայ ժողովրդի դեմ. ակնհայտ դարձավ հայ և ղազախ ժողովուրդներին մեկմեկու դեմ լարելու նպատակադրումը:

Եվ այսօր, Ղազախստանի Կարագանդա քաղաքում, որտեղ 2000-ից ավելի հայեր են բնակվում, տեղի ունեցածը հարկ է դիտարկել հակահայկական քաղաքականության տիրույթում:

Հայաստանի իշխանությունները պարտավոր են գիտակցել իրավիճակի լրջությունը: Հայ ու ղազախ ժողովուրդների մեջ տասնամյակներով հաստատված բարեկամական կապերը ամուր պահելու համար հարկավոր է ամեն օր աշխատել, հակառակ դեպքում, մեր անգործությունից օգտվում է հակառակորդը:

Հայկական դիվանագիտությունը մեծ անելիք ունի: Եթե ղազախ ժողովրդին այսօր տրվում է կեղծ տեղեկատվություն հայերի մասին, վարկաբեկվում են հայկական ծագում ունեցող ու այդ երկրի համար մեծ գործ արած հայտնի հայերը՝ նշանակում է մեր դիվանագիտությունը շատ վատ է աշխատում:

Հ.Գ. Ժամանակն է մեր բարեկամ ղազախ ժողովրդին հիշեցնելու՝ դեռևս անցած դարի 50-60-ականներին Արևմտյան Ղազախստանի նավթաբեր տարածքները զավթելու Ադրբեջանի մեծ ախորժակի մասին: Այն ժամանակ ադրբեջանական նկրտումները հնարավոր եղավ զսպել միայն Ղազախստանի ներսում սկսված հակաադրբեջանական շարժմամբ: Բայց ասել, թե Ադրբեջանի նկրտումներն այսօր նվազել են՝ միամտություն կլինի...

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ