Հայոց ցեղասպանության ճանաչման նոր շանսը թուրք-իսրայելական նոր ճգնաժամում

hayoc-cexaspanoutyan-janacman-nor-sanse-tourq-israyelakan-nor-jgnajamoum

Թուրք-իսրայելական հարաբերությունները տևական դադարից հետո նորից մոտենում են ճգնաժամի շեմին: Առհասարակ նկատելի է, որ հատկապես վերջին տասնամյակում Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանային հարցերում բավականին սրված են: Կողմերի միջև անհամաձայնությունները շարունակվում են Գազայի և Պաղեստինի հարցերում։ Ճգնաժամի հետևանքներն ուղիղ անդրադարձ են ունեցել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա. բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ Անկարան ու Երուսաղեմը հետ են կանչել իրենց դեսպաններին: Բայց հակառակ այս ամենի՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա տնտեսական կապերը շարունակում են գոյություն ունենալ: Դրանցից կտրականապես հրաժարվելու մտադրություն առայժմ չունեն ոչ Անկարայում, ոչ էլ Երուսաղեմում: Երկուսն էլ ամրապնդում են ներդրումային քաղաքականությունը։ Իսրայելի գործարարները շարունակում են ներդրումներ կատարել Թուրքիայում, իսկ թուրքերը՝ Իսրայելում։

Այդուհանդերձ հիմա հասունանում է մի սկանդալ, որի հետևանքային ազդեցությունը գուցեև տարածվի նաև տնտեսական կապերի վրա: Բանն այն է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը պարբերաբար խիստ քննադատություններ է հնչեցնում Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ՝ մեղադրելով իսրայելական կողմին: Մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրում է ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Պրակտիկան ցույց է տալիս, որ նման մեղադրանքի շուրջ ծավալվող թուրք-իսրայելական սրացումները մի ինչ-որ պահի գալիս, հանգում են Հայոց ցեղասպանության հարցի շոշափմանը: Այժմ՝ ապրիլի նախաշեմին, դարձյալ անհաշտ հունի մեջ են մտել թուրքական ու իսրայելական իշխանությունների փոխհարաբերությունները:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ում գրել է. «Թուրքիայի նախագահը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։ Դրան հաջորդում են կոշտ արձագանքներ Անկարայից: Էրդողանը Նեթանյահուին մանկասպան է անվանում, իսկ Իսրայելն էլ Թուրքիային՝ ցեղասպան պետություն: Եվ ահա՝ Իսրայելի վարչապետի որդին միջամտում է՝ սոցցանցում գրելով.

«Ես ցանկանում եմ Էրդողանին հիշեցնել այն ցեղասպանությունը, որն իրականացրել է Թուրքիան հույների, ասորիների և հայերի դեմ։ Ես նրան նաև կհիշեցնեմ, որ Ստամբուլի իրական անվանումը Կոստանդնուպոլիս է։ Նախքան թուրքերի գրավումը, այն Բյուզանդիայի մայրաքաղաքն էր և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը հազար տարուց ավել»:

Իհարկե, Իսրայելը նման կերպ կփորձի դիվանագիտական ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր պետական ու քաղաքական շահերի պահանջով: Թուրքական կոշտ դիմակայության վրա Հայոց ցեղասպանության հարցը որպես հարված օգտագործելու մեթոդը առաջին անգամ չէ, որ կիրառվում է Իսրայելի կողմից: Բայց նույնիսկ այդ պարագայում մեզ համար գործունեության պոտենցիալ տարածք է բացվում Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգում հայտնվելուն նպաստելու համար:

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների քաղաքական ճգնաժամը կարելի է և պետք է դիտել Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումը առաջ մղելու պատեհ հնարավորություն: 2018-ին Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թեև հաջողության չհասավ, բայց դա դեռ չի նշանակում որ հետագա հաջորդ փորձերը դատապարտված են լինելու անհաջողության: Հատկապես այս փուլում, երբ Թուրքիան չի վայելում ԱՄՆ-ի աջակցությունը, և Վաշինգտոնը պատրաստվում է ճնշման նոր լծակներով ազդել Անկարայի վրա ու կանխել Ռուսաստանի հետ նրա ռազմատեխնիկական մերձեցումը, առավել իրատեսական է դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Իսրայելի խորհրդարանի օրակարգ բերելը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ