Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայտնի մարդկանց առանձնատները Գյումրու պատմական «միջուկում». (տեսանյութեր, լուսանկարներ)

haytni-mardkanc-arancnatnere-gyoumrou-patmakan-mijoukoum-tesanyouter--lousankarner

  Գյումրու պատմական  «միջուկը»` «Կումայրի»  արգելոցն իր պատմաճարտարապետական ինքնատիպ ժառանգությամբ, որոնք մոտ 1200 շինություն են` տիպային բնակելի կառույցներ, բնորոշ  են 19-րդ դարի ճարտարապետութանը, տարածաշրջանում եզակիներից է:  «Կումայրի»  արգելոցի շատ կառույցներ ունեն վթարայնության վերջին աստիճանը, շատերի ճակատագիրն այլևս վտանգված է:

Հատկանշական  է, որ այս կառույցներն ունեն հետաքրքիր պատմություններ, այստեղ ֆիլմեր են նկարահանվել ու դեռ նկարահանվում են, ապրել են հայտնի ու ականավոր մարդիկ, ու այս հանգամանքով էլ ավելի տարբերվող ու ինքնատիպ պատմություններով են հարստացվում Գյումրու պատմական փողոցների տները:

ՀԱՅ ՁԱՅՆ-ն այս անգամ մի փողոցի օրինակով բացահայտում է Գյումրիում քիչ բացահայտված առանձնատների պատմությունը:

Արվեստաբան, զբոսավար Լիանա Ներսիսյանի ուղեկցությամբ ՀԱՅ ՁԱՅՆ-ը Ջիվանու փողոցում է: Այստեղ «Կումայրի»  արգելոցի առանձնատներ շատ կան: Մեզ գրավեց հետաքրքիր ճարտարապետական լուծումով երկհարկանի սև սրբատաշ քարով կառույցը, որը կարսեցի, հայ արձակագիր,  հասարակական գործիչ և վերջապես «Տժվժիկը» հայտնի կարճամետրաժ ֆլիմի սցենարի հեղինակ Ատրպետի տունն է:

Լիանան նկատում է, որ այս փողոցը զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր կանգառներից մեկն է. «Հիմնականում գալիս են իմանալով, որ էստեղ ֆիլմեր են նկարահանվել, բայց  մեծ մասը չգիտի, որ կան այսպիսի գրողներ, օրինակ Ատրպետը կամ Մրտիչ Արմենը, զարմանում են, թե ովքեր են, բայց երբ նշում ենք ֆիլմերը, որ «Տժվժիկ» ֆիլմը գրվել է Ատրպետի ստեղծագործության հիման վրա, նոր իմանում են: Կարող է իմանան Ատրպետին, բայց չիմանան, որ նա ապրել, ստեղծագործել է Գյումրիում, չնայած որ ծնունդով գյումրեցի չի եղել»:

 

Մի քանի քայլ դեպի վերև Ալեքպոլի հայտնի Յուզբաշյանների  կամ Յուզբաշովների գերդաստանի շահութաբեր տունն է` 19-20-րդ դդ.-ի կառույց: Բաց ներքին բակով ընդարձակ այս շինությունը գտնվում է Աճեմյան, Թումանյան և Ջիվանու փողոցների հանգույցում, թեև մի մասն ավերվել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով։ Շենքը կառուցվել է որպես վարձով տալու և եկամուտ ստանալու նպատակով։ Բաղկացած է երկու մասից. առաջինը (վարձակալության համար նախատեսված) կառուցվել է 1880-ականներին, երկրորդը (Յուզբաշյանների ընտանիքի համար)` 20-րդ դարասկզբին։

Բակի հնաբնակներից տիկին Սիլվան 1970թ-ին հարս է եկել այս բակ, ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում հիշում է` բակը բարեկարգ էր, մարդաշատ ու միշտ աղմկոտ. «Ասում են այս հատվածն իր աշխատողների համար է եղել: Առաջին հարկերում խոնավ է, երկրորդ հարկը չէ: Մերը վթարային էր, մենք կարգավորել ենք, բայց երկու երկրաշարժ է տեսել էս շենքը: Մենակ մենք ենք, առաջին հարկը մի ընտանիք է, երկրորդ հարկում նկարչուհի Ժակլինի արվեստանոցն է: Հեչ մարդ չկա, նախկինում երեխեքի ձայնից գլուխներս կերթար, տեղ չկար դիտողություն էնեինք: Լավ է առաջին հարկում ապրող ընտանիքը աղջիկներ ունի, դուրս գուկան կխաղան, կնայեմ, կուրախանամ»:

Մի քանի քայլ այն կողմ հերթական բացահայտումն է` Ջիվանի փողոցի աջ կողմում Մկրտիչ Արմենի տունը, 1880-ականների կառույց։ Կառուցված է կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ Պատկանել է հայ անվանի բանաստեղծ Մկրտիչ Արմենին, ով ծնվել և ապրել է այս տանը 1906-1925 թթ.։

Հատկանշական է, որ բոլոր առանձնատների ճակատագրերը վտանգված են: Ատրպետի տան մի մասի բնակիչները մեզ փոխանցեցին, որ սեփականատերը մոտ ապագայում պետք է տունը հիմնանորոգի, Յուշբաշովների տան հետ կապված այդ հույսը մեզ չփոխանցեց տիկին Սիլվան: Մկրտիչ Արմենի տունը ևս վերանորոգող ու փայփայող ձեռքերի կարիք ունի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ