Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ամանորյա շնորհավորանքը

am en es
hbem-naxagah-perj-sedrakyani-amanorya-snorhavoranqe

Նոր տարվա շեմին, գոհունակությամբ վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները, որոնք մեր ազգային կյանքում դրսևորվեցին նշանակալի զարգացումներով՝ համաշխարհային համակրանքի արժանացնելով հայությանն ու արդի ժամանակագրության էջերում յուրահատուկ դիրք ապահովելով հայ ժողովրդին: Անցնող տարեշրջանին տեղի ունեցան անկյունադարձային դեպքեր ու ձևավորվեցին ռազմավարական ուղղություններ և հարաբերություններ, որոնք ընդամենը մի տարի առաջ կանխատեսելի չէին մեզ համար:

Հայրենի ժողովրդի իրականացրած թավշյա հեղափոխությունն անցնող ամսվա ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով օրինականորեն ամրագրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման խորհրդարանական մեծամասնության ապահովումը:

Ուղենշային այս իրագործումը սփյուռքահայությանը դնում էր լուրջ մարտահրավերի դեմ հանդիման՝ Նոր Հայաստանի ձգտումների իրականացման ուղղությամբ իր դերի ու պարտավորությունների ստանձնումը պատվով կատարելու հրամայականով: Այդ դերի ըմբռնումը արտահայտվում էր անցնող տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից որդեգրված «համաշխարհային հայ»ի տիպարի հասկացողությամբ ու նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած «Փոքր ժողովուրդ աշխարհածավալ ազգություն» կարգախոսով: Կազմակերպչական իր կառույցի ընդլայնումով ու ժամանակակից կարիքներին ընդառաջ նոր կողմնորոշումներով, ՀԲԸՄ-ն պատրաստ է ու հանձնառու արդյունավետ նախաձեռնություններով դիմագրավելու այդ հրամայականը:

Առ այդ, Հայաստանում ստեղծված նոր իրադրության առաջին իսկ օրերին Միությունը նորանշանակ կառավարության տարբեր նախարարությունների հետ անհատական մակարդակի վրա սերտ համագործակցության ու աշխատանքային հանդիպումների միջոցով մասնակցեց սփիւռքահայությանը երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրումի ու քաղաքացիական կառույցների ամրապնդման գործընթացին մասնակից դարձնելու ջանքերին:

ՀԲԸՄ-ի աշխարհատարած տարբեր կառույցների ու շրջանակների շարունակվող ծրագրերի, օգտակար և աշխույժ գործունեությունների կողքին, արժե նշել անցնող տարեշրջանում իրականացված մի շարք ընդհանրական կարևոր նախաձեռնություններ:

Ընդլայնելով Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ առկա գործակցության ծիրը, Միությունը գործուն մասնակցություն բերեց Միացյալ նահանգների մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգում կայացած ժողովրդային կյանքի փառատոնին: Փառատոնին ընձեռած հովանավորությանն առընթեր, ՀԲԸՄ-ն Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համախորհուրդ Վաշիգտոնում, Նյու Յորքում և Բոստոնում կազմակերպեց ու հիւրընկալեց ծանոթացումի հատուկ հանդիպումներ այդ ոլորտի մասնագետների հետ:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Հայաստան!» խորագրով աննախադեպ ցուցահանդեսը թանգարանի բազմահազար այցելուներին ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներին ծանոթացրեց հայկական Միջնադարյան արվեստի յուրահատուկ բնույթն ու նրա դերը հին աշխարհի մշակույթների կազմավորման գործընթացում: Այդ առիթով, որպես ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից մեկը, ՀԲԸՄ-ն թանգարանի տարածքում կազմակերպեց մի շարք հարակից ծրագրեր, ինչպես՝ մանուկների հատուկ գործունեություններ, կատարողական արվեստի ելույթներ և Ս. ծննդյան համերգ: Իր համացանցային հարցազրույցների շարքում հատուկ ծրագրով Միությունը հանրությանը ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչներին: Հայկական արվեստի ու այդ ծրագրի կազմակերպչական աշխատանքերի վերաբերյալ նրանց ելույթը տեղադրվեց նաև թանգարանի կայքեջում:

Միության Շրջանակների կողմից իրականացված հատկանշական նախաձեռնություններից էին Լոնդոնի ՀԲԸՄ-ի կազմակերպած նվիրահավաքի հավաքույթը՝ ի նպաստ համագործակցաբար գործող ԹՈՒՄՕ-ՀԲԸՄ կենտրոններին: Հավաքույթի պատվավոր հյուրն էր ֆուտբոլի աշխարհահռչակ աստղ Հենրիխ Մխիթարյանը: Բրյուսելում «Երաժշտական շաբաթավերջ» ծրագիրը կազմակերպվել էր երաժշտական արվեստի երիտասարդ աստղերի մասնակցությամբ, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ապահովել ՀԲԸՄ Հայորդյայց տներին: Իսկ Նյու Ինգլենտի ՀԲԸՄ-ի մասնաճյուղի հիմնադրության 110-ամյակի տոնախմբության առիթով ավելի քան երկու միլիոն ամերիկյան դոլարի հանգանակություն իրականացվեց հատկապես Համաշխարհային երկրորդ պատերազմի վետերանների առատաձեռն մասնակցության շնորհիվ: Երիտասարդ արհեստավարժների խմբերը շարունակեցին իրենց աշխույժ գործունեությունը, պաշտոնապես ընդարձակելով սեփական ցանցն Ասիայում` Հարավային Կորեայում ստեղծված նոր խմբով:

Հայաստան-սփիւռք համագործակցության շրջանակներում հատկանշական երկու ծրագրերով կարևոր առաջընթաց արձանագրվեց 2018թ. ընթացքում. ՀԲԸՄ-ի Կանանց հզորացման շարժումն ու Կամուրջ քաղաքացիական համայնքային կազմակերպությունների ծրագիրը՝ Եվրամիության հետ համագործակցությամբ: ՀԲԸՄ-ի կողմից իրագործվող այս զույգ ծրագրերը իրականացվում են գլխավորաբար սփյուռքի աջակցությամբ՝ ապահովելով խորհրդատուների, հատուկ ոլորտների մասնագետների և դեսպանների մասնակցությունը: Առավել, Հայաստանի, Կանադայի և Ֆրանսիայի մեր գործող խմբերը հոկտեմբերին Հայաստանում կայացած Ֆրանքաֆոնիայի գագաթաժողովի ընթացքում, օգտվելով այդ առիթով Հայաստան համախմբված ֆրանսախոս աշխարհի պետական ղեկավարների ու պատգամավորների ներկայությունից, միասնաբար աշխատեցին նոր կապեր և համագործակցության հարաբերություններ մշակելու ուղղությամբ:

Տարին հատկանշվեց նաև պատմական հիշատակելի իրադարձություններով: Ֆրանսիայի ժողովրդի կողքին, համայն աշխարհը սգաց կատարողական արվեստի համաշխարհային ամենափայլուն աստղերից Շարլ Ազնավուրի կորուստը: Այսօր մարգարեական է հնչում Միության պաշտոնաթերթին տված վերջին հարցազրույցում Ազնավուրի այն հայտարարությունը, թե երգելու է մինչև իր վերջին շունչը:

Նշեցինք հաղթանակների ու կորուստների դարադարձեր ու տարեդարձներ: Սարդարա-պատի ճակատամարտի և Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակներից մինչև Արցախի ազատագրական շարժման ու Սպիտակի երկրաշարժի 30-ամյակները: Սրանցից յուրաքանչյուրն արժանացավ հարգանքի խոհական դրսևորումների, ինչպես նաև առիթ հանդիսացավ հանրությանն իրազեկող ծրագրերի մշակմանը: Հատկապես Արցախի տնտեսական կայուն զարգացմանն ի նպաստ ստեղծվեց ՀԲԸՄ-ի Արցախի օգնության ֆոնդը:

Ինչպես միշտ, մենք բարձր ենք գնահատում մեր շրջանակների, անդամակցության ու անձնակազմերի հավատավոր, աշխույժ ու նվիրյալ աշխատանքը, որի միջոցով հնարավոր դարձան անցնող տարեշրջանի փայլուն նախաձեռնությունները: Մենք երախտապարտ ենք նաև մեր բարերարներին ու նվիրատուներին, որոնց առատաձեռն աջակցության միջոցով իրականանանում եմ մեր ազգօգուտ կարևոր ծրագրերն ու մեր դեմ ցցվող հարափոփոխ մարտահրավերների դիմագրավումը:

Կարող եմ վստահությամբ հաստատել, որ 2018թ. որպես նշանակալի տարի երկար է հիշվելու հայության և ՀԲԸՄ-ի համար, հատկապես համաշխարհային քաղաքացիության ժամանակակից նոր իրականության լույսի ներքո: 2019-ը դիմավորում ենք Հայաստանի և Արցախի համար բարձր ակնկալություններով ու հույսերով, միևնույն ժամանակ վստահեցնելով մեր բարերաներին ու անդամակցությանը, թե շարունակելու ենք հաստատ մնալ հայ ժողովրդի բարօրության և առաջդիմության ի խնդիր մեր Ընդհանուր Միության հանձնառությանը:

Այդ ոգով ձեր բոլորին հղում ենք խաղաղ, բարեբեր և օրհնաբեր Նոր տարվա և Ս. ծննդյան մեր ջերմ բարեմաղթանքները:

Պերճ Սեդրակյան
Նախագահ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ